Հայերեն   English   Русский  

Բժիշկ - հիվանդ հարաբերության միջև կանգնած է շուկան


  
դիտումներ: 972

՛՛Քանկոր՛՛ԲԿ հիմնադիր Շահեն Խաչատրյանի խոսքը

«Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնության» կազմակերպած «Առողջապահության ոլորտի արդյունավետ կազմակերպում և կառավարում» թեմայով հանդիպում-քննարկման ժամանակ

Ոլորտային խնդիրներին անդրադառնալուց առաջ հստակ պետք է տարանջատել առողջապահություն և բժշկություն հասկացությունները:

Առողջապահությունը հանրային առողջության պահպանման պետական մեխանիզմ է: Դա բյուրոկրատական աշխատանք է, որի լավ կատարողները պետք է հանրային առողջապահության պահպնանման հարցերը լուծեն, այդ թվում՝ բուժհիմնարկներ բաշխեն այն տեղերում, որտեղ կա նման անհրաժեշտություն, դեղորայքի շուկայի հետ աշխատեն, մոր եւ մանկան առողջապահությամբ զբաղվեն, պետություն- բժշկություն միջնորդը լինեն, օրենքներ ընդունեն, որ բժիշկներըկարողանան բժշկությամբ զբաղվել:

Բժշկությունը՝ մարդ բուժելու արվեստն է, որ որեւէ կապ չունի առողջապահության հետ: Հայաստանում այս երկու հասկացողությունները իրար կորցրել են: Մեր առողջապահական համակարգը զրոյական մակարդակի վրա է: Հանրային առողջապահության հետ կապված բոլոր հարցերը սարսափելի վատ վիճակում են: Ավելի վատ լինել չի կարող: Բժշկության մասին նույնը չէի ասեի: Բժշկությունը մարդ բուժելու արվեստ է, իսկ հայ ժողովուրդը տաղանդներ ծնող ազգ է: Բժշկության մեջ էլ են շատ այդպիսի տաղանդավոր մարդիկ, որոնցից յուրաքանչյուրը իր բնագավառում կարողանում է լավագույնս դրսեւորվել: Այլ բան է, սակայն, բուժել կարողանալը, բոլորովին ուրիշ բան՝ բուժելու հնարավորություն ունենալը: Մեր բժիշկները այսօր խայտառակ աղքատ վիճակում են, մենք չենք կարողանում համաշխարհային տեխնոլոգիաներ օգտագործել, որովհետեւ դրանք չափազանց թանկ են մեզ համար: Բժիշկ - հիվանդ հարաբերության մեջտեղում կանգնած է շուկան: Բժիշկը ստիպված է գումարային հարցեր քննարկել հիվանդի հետ եւ այդպիսով կորցնում է իր վեհ դերը, դեմքը եւ դառնում՝ սովորական գործակատար: Պիտի տաս, որ բուժենքսկզբունքն է գործում, որովհետեւ այլ կերպ՝ հնարավոր չէ: Վերջին տարիներին չարացած մարդկանց հետ ենք աշխատում, փողը ճարում ու քեզ անիծում է, չունենալու դեպքում էլ ասում է՝ բժիշկ ես , Հիպոկրատի երդում եստվել, պետք է օգնես ինձ: Պետք է հարգել բժշկի մասնագիտությունը: Բժիշկը մեղավոր չէ, որ վիրահատությունը գումար արժե, բայց մենք ամեն օր լուտանքներ ենք լսում վճարող հիվանդներից, մենք նրանց կյանքն ենք փրկում, նրանք շնորհակալության փոխարեն անիծում են մեզ՝ թե ինչու ենք այդքան շատ վճարում: Սիրելիներս, եթե սրտի փականը երեք հազար դոլար արժե, ես չեմ կարող այն ձրի գնելեւ տրամադրել հիվանդին:

Կատաստրոֆիկ վատ վիճակում ենք գտնվում մենք այսօր: Բժիշկները Հայաստանում են գտնվում միայն այն պատճառով, որ հայրենասեր են ու չեն ուզում լքել իրենց հայրենիքը: Աշխարհում բժշկությունը ամենաթանկ բնագավառներից մեկն է: Մարդիկ բժիշկ դառնալու համար 25 տարի սովորում են: Բոլոր բժշկական համալսարանները, այդ թվում ԵՊԲՀ-ն ամենաթանկ համալսարաններն են: Որպեսզի համալսարանական կրթությունից հետո բժիշկը՝ բժիշկ դառնա դեռ երկու այդքան էլ պետք է սովորի, արտասահմանյան կլինիկաներում վերապատրաստվի, որը սարսափելի թանկարժե: Բժշկի դիպլոմը արդեն իսկ մի հսկայական գումար արժե, բայց բժիշկները, ավարտելուց հետո, համապատասխան չեն վարձատրվում: Զարմանալի չէ, որ շատերն են նախընտրում հետագայում աշխատել արտերկրում:

Ասում են սրտի վիրահատությունները թանկ արժեն: Ուզում եմ ընդգծել, Հայաստանում այդ վիրահատությունները շատ ավելի մատչելի են, քան՝ արտերկրում: Այն դեղորայքը, տեխնոլոգիան, որ մենք օգտագործում ենք սրտի վիրահատությունների ժամանակ Հայաստանում չի արտադրվում: Արտադրվում է Գերմանիայում, Անգլիայում, Ճապոնիայում… Ամենից էժան սրտի վիրահատությունը արտերկրում 30-40 հազար եվրո արժե, մենք3-4 հազար դոլարով ենք անում: Ո՞ւմ հաշվին ենք անում՝ մեր բժշկի հաշվին, որովհետեւ նորմալ չենք վճարում նրան: Ամբողջ աշխարհում ապահովագրական համակարգը հետեւյալ կերպ է աշխատում: Հիվանդանոցը բուժում է հիվանդին եւ արված ծախսերը ներկայացնում ապահովագրական ընկերությանը: Մեզ մոտ հակառակն է, ապահովագրական ընկերությունը որոշակի գումար է տալիս, ասում է՝ ինչպես կուզես այդ գումարի մեջ տեղավորվի: Ելքը ո՞րն է: Ստիպված բժշկին ենք քիչ վճարում, որ վիրահատությունը կարողանանք անել:

Պետությունը նորմալ չի վճարում բժշկին, որ նա մնա եւ աշխատի իր երկրում: Բժիշկները մնում են Հայաստանում, որովհետեւ սիրում են իրենց երկիրը, բայց դա էլ չափ ունի: Ես վախենում եմ, որ նոր սերունդը բախվի այն խնդրին, որ կույր աղի վիրահատող բժիշկ չկա: Ես մտավախություն ունեմ, որ մի օր հասնելու ենք նրան, որ Ուկրաինայից, Ռուսասատանից,Վրաստանից են բժիշկներ գալու ու վիրահատություններ անեն այստեղ: Բայց նրանք արդեն մեր բժիշկների նման չեն մտածի մարդկանց մասին, շատ մեծ գումար կուզեն մի վիրահատության համար:

Բժշկության ճյուղեր կան, որ մեռնում են Հայաստանում: Պլաստիկ վիրաբուժություն, ստոմատոլագիա, աչքի բժիշկ՝ այս ճյուղերն են ընտրում երիտասարդ մասնագետները… Էժան բժշկությունն են նախընտրում, որ օրական մի քանի միջամտություն անեն ու որոշակի գումար աշխատեն: Բայց դա բժշկություն չի: Օնկոլոգիան, ընդհանուր վիրաբուժությունը, սրտի վիրաբուժությունը դրանք ուղղություններն են, որտեղ ոչ ոք չի ուզում աշխատել՝ իմաստ չեն տեսնում: Այս տեմպերով, եթե գնա՝ բժշկությունը Հայաստանում կոչնչանա: Բժշկական համալսարանի ուսանողին ես կանչում եմ, ասում եմ՝ բժշկի աշխատավարձ կտամ քեզ եւ միաժամանակ կսովորեցնեմ սրտի վիրաբուժություն: Չի համաձայնվում: Ասում է՝ ես տեսնում եմ ինչ գործ են անում եւ ինչպես են վարձատրվում սրտի վիրաբույժները, ես ինչո՞ւ պետք է ուզեմ գնամ այդ ճանապարհով:

Աշխարհում բժշկի որակավորումը որոշվում է տարվա ընթացքում նրա կատարած վիրահատությունների քանակով: Ես Ֆրանսիայում աշխատել եմ երկար տարիներ: Այնտեղ, վիրաբույժը, եթե տարեկան որոշակի թվով վիրահատություններ չի կատարում, ավելի քիչ ռեյտինգ է ունենում եւ նրա աշխատավարձը ադմինիստրացիան կարող է իջեցնել: Սա երկսայրանի սրի նման է: Բժիշկը ասում է՝ թող աշխատանք լինի, կաշխատեմ, ադմինիստրացիան ասում է՝ քիչ կլինի վիրահատությունը, քիչ կլինի գումարը: Շուկան այսպես է առաջանում:

Վիեննան չորս միլիոն բնակչություն ունեցող հարուստ քաղաք է, բայց ընդամենը երկու սրտաբանական կենտրոն ունի: Պետությունը մտածել է, որ շատ կլինիկաները շատ ծախսկպահանջեն՝ տեխնոլոգիաները թանկարժեք են, եթե կլինիկաները շատ լինեն թերծանրաբեռնված կաշխատեն: Ավելի նպատակահարմար են գտել, որ երկու կլինիկա աշխատի ամբողջ ծանրաբեռնվածությամբ , բժիշկը լավ վարձատրվի, տեխնոլոգիան հաճախ փոխի, հզոր հիվանդանոց դառնա: Հայաստանում երկու միլիոն մարդ է ապրում, մեկ միլիոնը՝ ծայրահեղ աղքատ: Երեւանում 14 սրտաբանական կլինիկա ունենք… Դրա համար էլ նման վիճակ է: Ոչ մի կլինիկա շատ այցելուներ չունի, բժիշկները՝ պրակտիկա:

Բժիշկները թողնում, հեռանում են Հայաստանից…Լոռիի եւ Տավուշի մարզերը ընդամենը մեկ անեսթեզիոլոգ ունեն: Դա նշանակում է, որ եթե Շամշադինում ավտովթար է եղել, իսկ անեզթեզիոլոգը Դիլիջանում վիրահատության է, շտապ վիրահատություն հնարավոր չի լինի կազմակերպել: Սա 21-րդ դարի Հայասատանն է, որ յոթ բժշկական համալսարան ունի: Միայն ԵՊԲՀ-ն տարեկան 500 շրջանավարտ է ունենում: Նրանցից 450-ը շոուբիզնես է մտնում, ամենատաղանդավորները՝ Գերմանիայի ճանապարհն են բռնում, մյուսներն էլ աշխատում են խոշոր քաղաքներում: Այդ երիտասարդները մեծ գումար են ծախսել կրթության վրա՝ մինչեւ դիպլոմը ստանալը, նրանք ինչո՞ւ պետք է աշխատեն մարզերում ու 240000 աշխատավարձ ստանան: Այդաշխատավարձով նա հիսուն տարի պիտի աշխատի, որ իր կրթության վրա ծախսված գումարը հետ բերի: Դա չի կարող բարձր աշխատավարձ համարվել:

2018 թվականին ազգաբնակչության բուժումը ապահովելու համար ՀՀ պետական բյուջեից 80 միլիարդ դրամ կամ 160 միլիոն դոլար է հատկացվել: Մենք 1.5 միլիոն չափահաս բնակչություն ունենք, որոնց կեսից ավելին մինչեւ 40 տարեկան են: Նրանց հիվանդացության տոկոսը ցածր է: Միջին հաշվարկով 600-700 հազար ռիսկային հիվանդներ ունենք: Եթե 160 միլիոն դոլարը բաժանում ենք նրանց մեջ, հասկանում ենք, որ պետական օժանդակությունը այնքան էլ փոքր չէ, եթե ճիշտ օգտագործվի: Այդ գումարի ճիշտ բաշխումը բավականաչափ կթեթեւացներ ժողովրդի վիճակը:

Հայաստանի Հանրապետությունը այսօր հարյուր տոկոսով վճարում է պետծառայողների, զինծառայողների, ուսուցիչների բուժման համար: Միջին մտավորականությունը, բանվորները, գյուղացիները դուրս են մնում այդ խմբերից: Ամենաանպաշտպան խավն է պարտավոր լինում 100 տոկոսով վճարել իր բուժման համար: Արդյունքում՝ սահմանամերձ գյուղում բնակվող մի մարդ պետք է իր սրտի վիրահատության համար լրիվ վճարի, իսկ փոխնախարարի բարեկամին ես պետպատվերով եմ նույն վիրահատությունը անում: Միջոցները պետք է ճիշտ ղեկավարել, ճիշտ բաշխել:

Առաջին հերթին պետք է երկխոսություն լինի պետության եւ մասնագետների միջեւ: Մեր երկրում ծայրահեղ աղքատ շատ մարդիկ են ապրում, մենք սահմանին զորք ունենք կանգնած եւ Հայաստանի բյուջեի մեծ մասը փափուշտ գնելու համար է ծախսվում: Այդ ամենը մենք՝ բժիշկներս, շատ լավ ենք հասկանում, բայց մենք կորցրել ենք ավիացիա, կորցրել ենք քիմիկոսներին, ֆիզիկոսներին…հիմա չենք ուզումբժշկությունն էլ կորցնել: Իմ խորին համոզմամբ առողջապահության, կրթության եւ արտաքին գործերի նախարարությունները նույնքան կարեւոր կառույցներ պետք է լինեն Հայաստանի Հանրապետության համար:

Բարեփոխումների աջակցության հանրային նախաձեռնություն

՛՛Երեւակ՛՛լրատվական- վերլուծական խումբ





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: