Սուպերմարկետները ապրանքի գինը բարձրացնելու պայմաններ են թելադրում մրցակիցներին. ՏՄՊՊՀ
Գերիշխող դիրք ունեցող որոշ մատակարարներ ևս իրենց պահանջներն են թելադրում: Մանրածախ առևտրի ոլորտում ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրականացրած ուսումնասիրության արդյունքները ներկայացրեց հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
«Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել մանրածախ առևտրի ոլորտում: Խորությամբ ուսումնասիրել ենք մեր երկրի մանրածախ առևտրի ոլորտը և մի քանի խնդիր ենք բացահայտել: Որոշ խոշոր առևտրային ցանցեր` սուպերմարկետներ, իրենց մատակարարների միջոցով պայմաններ են թելադրում մրցակից սուպերմարկետներին: Օրինակ, երբ տեսնում են, որ մի տեղ ապրանքի գինը ցածր է, պարտադրում են, որ պահանջեն մրցակից սուպերմարկետներից բարձրացնել այն»,-ասաց Շաբոյանը:
Նա նշեց, որ երկրորդ խնդիրն այն է, որ խոշոր առևտրային ցանցերը երբեմն խտրական վերաբերմունք են ցուցաբերում իրենց մատակարարների նկատմամբ, որոշ մատակարարների ապրանքներն ավելի լավ են ցուցադրում, քան մյուսներինը, կամ որոշների գումարը շուտ են վճարում, մյուսներինը` ուշ: Շաբոյանը նկատեց, որ առևտրային ցանցը չի կարող բոլոր մատակարարների ապրանքները նույն կերպ ցուցադրել, սակայն արդար մրցակցությունը պահանջում է, որ հստակ չափանիշներ սահմանվեն:
«Մեղքի բաժին են ունենում նաև խոշոր մատակարարները: Խոշոր մատակարարները, որոնք գերիշխող դիրք են զբաղեցնում այդ ոլորտում, շատ դեպքերում պահանջներ են թելադրում, օրինակ` ձեռք բերել խանութի կողմից պահանջված ապրանքներից ավելի այլ ապրանքներ: Օրինակ, եթե նոր ապրանքներ են ձեռք բերվել, սակայն դեռ այնքան էլ պահանջված չեն: Մատակարարներն անուղղակիորեն պահանջում են, որ առևտրային ցանցերն իրենց համար անվճար մարքետինգային ծառայություն մատուցեն: Իսկ երբ հրաժարվում են, դադարեցնում են մատակարարումը»,-նշեց Շաբոյանը:
Հանձնաժողովը որոշել է այս անգամ բավարարվել խոշոր տնտեսավարողներին զգուշացում տալով: Շուրջ 150 տնտեսավարողներին զգուշացում է տրվել: Եթե որևէ խոշոր ընկերություն դա կրկնի, հանձնաժողովը հաջորդ անգամ քայլեր կիրականացնի:
Հանձնաժողովն ուսումնասիրություն է կատարել 7 գերիշխող սուպերմարկետներում («Երևան Սիթի», «ՍԱՍ», «Էվրիկա», «Նոր Զովք», «Պարմա» և այլն):