Իրավական մշակույթի կարևորությունն առօրյա կյանքում
Քաղաքացիների և ամբողջ հասարակության իրավական մշակույթի բարձրացման համար անհրաժեշտ է տնտեսական, քաղաքական, կազմակերպական, վարչական, դատական, դաստիարակչական, կրթական միջոցառումների համալիր, որոնք կոչված են հարգանք սերմանելու իրավունքի նկատմամբ և խթանելու դրական իրավական ակտիվությունը: Իրավական մշակույթի հիմնական նպատակն է հասնել հասարակության յուրաքանչյուր անդամի իրավաչափ վարքագծի: Հասարակության իրավական մշակույթն ուղղակի ազդեցություն է ունենում անձի իրավական մշակույթի վրա, ինչպես նաև անհատական իրավագիտակցության վրա:
Անձի իրավագիտակցության կայացման քաղաքակիրթ ուղին իրավական դաստիարակությունն ու կրթությունն է, որն օգնում է գիտակցելու իրավունքի սոցիալական արժեքը, հասկանալու գործող օրենքների իմաստը, դրանց կարևորությունը: Ընդ որում, բախվելով բացասական երևույթների, մարդը դրանք ընկալում է ոչ թե որպես կյանքի նորմ, այլ որպես անոմալիա, որոնք հակասում են իրավունքին և պահանջում են վերացնել դրանք:
Իրավական դաստիարակությունն անձի իրավական սոցիալականացման կարևորագույն բաղադրատարր է, որը բնութագրվում է որպես միջոցների համակարգ, որոնք ուղղված են իրավական նորմերի նկատմամբ հարգալից վերաբերմունքի ձևավորմանը: Նրա նպատակն անհատի մեջ սեփական արարքները հասարակության համար ընդունելի իրավական նորմերի հետ հարաբերակցելու սովորության ձևավորումն է, ինչը նպաստում է նրա իրավական մշակույթին: Իրավական դաստիարակությունը, լինելով անհատի իրավագիտակցության ձևավորման կարևոր միջոց, սահմանում է նաև իրավական մշակույթի մակարդակը:
Իրավական կրթությունը քաղաքացու մեջ և հասարակությունում իրավական մշակույթի մասին գիտելիքների, հմտությունների և ունակությունների ձևավորումն է: Այն ներառում է`
- իրավունքի և նրա բովանդակած մարդասիրական սկզբունքների, հասարակությունում գործող իրավական նորմերի, դրանց կիրառման, քաղաքացիների իրավունքների, ազատությունների, պարտականությունների, դրանց իրացման եղանակների, այդ իրավունքների և պարտականությունների պաշտպանության մասին համակարգված գիտելիքներ,
- հարգանք դեպի իրավունքը, իրավակարգի խախտման չընդունումը, օրինապահ դիրքորոշում, իրավական գիտելիքների գործնական կիրառում անձնական կենսական խնդիրների լուծման համար, իրավական կարգադրությունների ընդունում և դրանց կատարման համար անհրաժեշտ կամք դրսևորելու պատրաստակամություն,
- անձի` իրավունքների և ազատությունների գիտակցված իրացմամբ արտահայտվող սոցիալապես օգտակար վարքագիծ, քաղաքացու պարտականությունների ազնիվ և բարեխիղճ կատարում, կյանքի տարբեր իրավիճակներում իրավաբանորեն գրագետ գործելու կարողություն և այլն:
Գործնական տեսանկյունից իրավական մշակույթն անհրաժեշտ է, որ յուրաքանչյուր քաղաքացի լավ իմանա իր իրավունքներն ու պարտականությունները, կարողանա իրականացնել և իրավական միջոցների օգնությամբ պաշտպանել դրանք:
Հենց ամենօրյա հարցերի լուծման ժամանակ բարոյա-իրավական իրազեկությունը և իրավական մշակույթի բարձր մակարդակն է ի զորու Հայաստանի Հանրապետությունը դարձնելու իրավական պետություն: Մեզ համար իրավական մշակույթն արժեքավոր է ոչ միայն նրա համար, որ ծառայում է մեր պետության իդեալներին, այլև նրանով, որ պարփակում է մարդասիրության և արդարության համամարդկային իդեալները: Եթե իրավական մշակույթը խզում է կապերը այդ իդեալների հետ, դադարում է ծառայել և՛ իրավունքին, և՛ քաղաքակրթությանը:
Պատրաստեց Ավետիք ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ