Հայերեն   English   Русский  

Դեպի հրաձգության մասսայականացում


  
դիտումներ: 564

«Ասպար Արմս» հրաձգարանում փետրվարի 21-ին ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվեց պետական մարմինների աշխատակիցների միջև հրաձգության հանրապետական մրցույթ։

Մրցույթին մասնակցում են 32 թիմեր 217 մասնակիցներով, այդ թվում՝ ՀՀ նախագահի, կառավարության և Ազգային ժողովի աշխատակազմերը։ Յուրաքանչյուր թիմում ներգրավված են 3 կին և 3 տղամարդ։

«Մրցույթի գլխավոր նպատակը հրաձգության մասսայականացումն է։ Արդեն երրորդ տարին է այն անցկացվում։ Սա կարևոր է, քանի որ մեր երկիրը գտնվում է կիսապատերազմական վիճակում և այդ իսկ պատճառով հատուկ ուշադրության է արժանանում մեր նախարարության կողմից»,- ասաց Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության մամուլի քարտուղար Աստղիկ Մարտիրոսյանը։

Լոռու մարզպետարանի մշակույթի և սպորտի բաժնի ղեկավար Արամ Այվազյանն ասում է, որ միջոցառումը բացի դրական լիցքերից տալիս է նաև փորձ զենքի հետ աշխատելու, իսկ արդեն մրցանակային տեղեր զբաղեցնելը էլ ավելի է ոգևորում մասնակիցներին։

Մրցույթը շարունակվելու է նաև փետրվարի 22-ին, իսկ մրցանակների հանձնումը տեղի է ունենալու փետրվարի 26-ին Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության նիստերի դահլիճում։ Անհատական հաշվարկով 1-ին, 2-րդ և 3-րդ տեղերը գրաված մասնակիցներին կհանձնվեն հավաստագրեր, մեդալներ, գավաթներ, իսկ 1-ին տեղը գրաված մասնակիցներին՝ նաև օդամղիչ հրացաններ։

Բզնունի Աննա





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: