Հայերեն   English   Русский  

ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործը կուղարկվի դատարան


  
դիտումներ: 1017

Դատախազությունը հաստատել է ԱԺ «ԲՀԿ» խմբակցության պատգամավոր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ քրեական գործով մեղադրական եզրակացությունը:

Այս մասին այսօր «Փաստինֆո»-ին տեղեկացրեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը` նշելով, որ քրեական գործը կուղարկվի դատարան:

ԱԺ պատգամավորը, ով նախկինում եղել է ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության ՝6-րդ վարչության աշխատակից եւ միաժամանակ Գագիկ Ծառուկյանի խորհրդականը, մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով` բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար:

Ազատազրկվելու դեպքում ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանի լիազորությունները կդադարեցվեն. անձեռնմխելիությունը նրա վրա չի տարածվում

Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Ըստ մամուլի հրապարակումների` հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջեւ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի առթիվ Քննչական կոմիտեն հարուցել է րքրեական գործ, ձերբակալել Գագիկ Ծառուկյանի խորհրդական Էդուարդ Բաբայանին, ով հանրությանն առավել հայտնի է որպես թիկնապահ: Ավելի ուշ՝ Քննչական կոմիտեն հայտարարեց, որ գործն ուղարկել են ՀՔԾ, քանի որ «ձեռնարկված միջոցառումների արդյունքում տվյալներ են ձեռք բերվել քաղաքացու նկատմամբ կիրառված բռնությանը ԱԺ պատգամավոր Գագիկ Ծառուկյանի հնարավոր մասնակցության վերաբերյալ»։ Մեր տեղեկություններով ՝Ծառուկյանին մեղադրանք չի առաջադրվել։

Նշենք, որ ի սկզբանե Էդուարդ Բաբայանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով` ծանր մարմնական վնասվածքի պատճառում մի խումբ անձանց կողմից, սակայն գործը դատարան է գնում 112 -րդ հոդվածի 1-ին մասով` ծանր մարմնական վնասվածքի պատճառում: Այսինքն` առաջադրված մեղադրանքը փոփոխվել է, մասնակիցների շրջանակը «սրբագրվել»:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: