Վատ ֆինանսական վիճակի պատճառով մարզային հեռուստաընկերությունները փակվում են
«Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում այս մասին նշեց Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանը:
«Մարզերում հեռուստաընկերությունը պետք է սեփական արտադրության հաղորդումների միջոցով այդ տարածաշրջանին հետաքրքրող խնդիրներ բարձրացնի: Մրցույթը եղավ, մարզային հեռուստաընկերությունները ստացան իրենց լիցենզիաները: Հետո հետազոտությունները ցույց տվեցին, որ շատերը որևէ կոնտենտ ստեղծելու հնարավորություն չունեն ֆինանսական միջոցների բացակայության պատճառով: Ավելին. շատ հեռուստաընկերություններ իրենց վատ ֆինանսական վիճակի պատճառով պարզապես փակվում են»,- ասաց Տիգրան Հակոբյանը:
Նախորդ տարի Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովին արտոնագիրը վերադարձրել է Արագածոտնի մարզային հեռուստաընկերությունը, Տավուշում տեղական հեռուստաընկերությունն արդեն չի գործում, Վայոց ձորը չունի տեղական մարզային հեռուստաընկերություն:
«Պատկերացրեք, Տավուշը, որը սահմանամերձ հատված է, գիտենք ինչ խնդիրներ կան այնտեղ, և այս մարզը չունի ոչ մի հեռարձակող, որ սահմանամերձ գյուղացուն տեղեկացներ տեղական խնդիրների մասին: Տավուշում միայն անալոգային տիրույթում գործում է «Իջևան TV»-ն, որը երեք ամիս չի գործում: Մենք դա իմացանք 20 օր առաջ, տնօրենն ամուսնացել է և գնացել է Կիպրոս: Այնինչ այդ մարդիկ պատասխանատվություն են կրում, նույնիսկ 24 ժամ եթերի դադարի դեպքում մենք իրավունք ունենք դատի տալ: Ի վերջո, հեռուստաընկերությունը միայն սեփական բիզնես չէ, այն տեղեկատվական լուրջ դեր ունեցող կառույց է»,-ասաց Տիգրան Հակոբյանը:
Ստեղծված իրավիճակում, ըստ Տիգրան Հակոբյանի, երկու լուծում կա: Կամ օգտագործվում է օրենքի ուժը և մարզային հեռուստաընկերությունները փակվում են, կամ գտնվում է այն գործիքակազմը, որը կօգնի այդ հեռուստաընկերություններին ոտքի կանգնել:
«Նախկինում, այսպես ասած, «ֆեոդալական խմբերը» տեղի հեռուստաընկերություններին գումար էին տալիս, իրենք էլ սպասարկում էին նրանց շահերը: Հիմա դա փլվել է: Ես կարծում եմ, որ պետությունը պետք է փորձի օգնել այդ հեռուստաընկերություններին ոտքի կանգնել: Դրանց փակվելն անթույլատրելի է»,-ասաց Տիգրան Հակոբյանը: