Համազգային թատրոնը հայտարարում է, որ կշարունակի գործել անկախ թատրոնի լուծարման մասին լուրերից
թատրոնը մեկնելու է հյուրախաղերի, մասնակցելու է փառատոների. Այն չի դադարեցնելու իր գործունեությունը անկախ թատրոնի լուծարման մասին պտտվող լուրերից:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին փետրվարի 28-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտնեցին թատրոնի ներկայացուցիչները` շեշտելով, որ թատրոնի լուծարման մասին յուրաքանչյուր հայտարարություն բախվելու է հասարակության և մասնավորապես մտավորականության դիմադրությանն ու մերժմանը:
«Համազգային թատրոնում աշխատում են դերասաններ, որոնք պահանջված են ոչ միայն Հայաստանում, այլև երկրի սահմաններից դուրս: Այստեղ բեմադրվում են ներկայացումներ, որոնք տարվա ընթացքում մեկ կամ երկու անգամ Գրան պրիներով են վերադառնում տարբեր արտասահմանյան փառատոներից: Համազգային թատրոնն այսօր գտնվում է վերելքի փուլում և թատրոնի լուծարման մասին հայտարարություններ անելը պարզապես անթույլատրելի է»,-նշեց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արման Նավասարդյանը և հավելեց, որ շուրջ երկու ամսվա ընթացքում վերանորոգել են թատրոնի ճեմասրահը, բեմական հարդարանքը, նոր ներկայացում բեմադրել:
Անդրադառնալով ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կատարող Նազենի Ղարիբյանի հայտարարությանն այն մասին, թե Համազգային թատրոնը հիմնվել է Սոս Սարգսյանի կուրսի հիմքի վրա, դերասանական կազմը մի կուրսից է եղել` թատրոնի տնօրեն Արման Նավասարդյանն ասաց, որ Համազգային թատրոնը հիմնվել է 1991 թվականին, երբ Սոս Սարգսյանը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում կուրս չի ունեցել: «Թատրոնը հիմնադրել է Սոս Սարգսյանն իր համախոհներ Դավիթ Հակոբյանի, Կարինե Ջանջուղազյանի, Գալյա Նովենցի, Կարեն Ջանիբեկյանի, Մայիս Կարագյոզյանի և այլ նվիրյալների հետ, որոնցից ոչ ոք չի եղել Սարգսյանի ուսանողը: Նրանցից յուրաքանչյուրը մեծ ավանդ ունի Հայաստանի թատերական կյանքի կայացման գործում»,-ընդգծեց նա:
Նավասարդյանը շեշտեց, որ իրենք պետությունից գումար չեն խնդրում բեմադրությունների համար, ունեն արտաբյուջե և տոմսերի վաճառքից ստացված գումարներով են հոգում նոր ներկայացումներ բեմադրելու հարցը: «Թատրոնը չի կարելի զրկել այն միջոցներից, որոնք մեզ տրամադրում է պետությունը աշխատավարձների համար: Առանց դրա թատրոնը չի կարող աշխատել»,-ասաց թատրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարը:
Նա շեշտեց, որ Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնը պարտադիր պետք է լինի պետական, քանի որ Սոս Սարգսյանը քիչ բան չի արել հայոց պետականության համար: «Իննսունականների պատերազմի օրերին, երբ շատ թատրոններ չէին կարողանում վարձատրել դերասաններին, Սարգսյանը հիմնեց այս թատրոնը, որտեղ բեմադրվել են եզակի ներկայացումներ, որոնք թատերասեր հասարակությունը մինչ օրս հիշում է»,-նշեց Նավասարդյանը ու կոչ արեց պետական այրերին լավ ուսումնասիրել գործող թատրոններն ու մշակութային այլ կառույցները նախքան որևէ որոշում կայացնելը:
Թատրոնի ռեժիսոր, դերասան Դավիթ Հակոբյանի խոսքով` ՀՀ կառավարությունը բոլոր նախարարություններին հանձնարարական է տվել գտնել ճանապարհներ օպտիմալացումների, հաստիքների կրճատման համար: «Դա բնական է, բայց լուծարում են այն հաստատություները , որոնք ոչնչով չեն զբաղվում, որտեղ գումար է մսխվում: Օպտիմալացնել թռիչքի մեջ գտնվող, ապրող կառույցը նման է նրան, որ բժիշկը դիտավորյալ կտրի առողջ մարդու թոքը»,-ընդգծեց Հակոբյանը:
Համազգայինի գեղարվեստական ղեկավար Նարինե Գրիգորյանի կարծիքով`թատրոնը պատմություն ունենալուց զատ, նաև ներկա ունի ու ակտիվ գործունեություն է ծավալում: «Մեր թատրոնի համար նախատեսված շենքը կառուցվում է, ունենք յոթ առաջնախաղ, ժամանակակից դրամատուրգիայի թատերականացված ընթերցանություններ ենք իրականացնում, առջևում ունենք հյուրախաղեր, մասնակցելու ենք փառատոների: Այսպիսի ակտիվ վերելքի շրջանում թատրոնի լուծարման մասին խոսելը հանցանք է: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել մեր թատրոնի հանդիսատեսին` մարդկանց, որոնք համացանցում ապստամբություն են սկսել. ի վերջո հանդիսատեսն է որոշում փակել թատրոնը, թե ոչ»,-եզրափակեց Գրիգորյանը:
ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ների լուծարման, վերակազմավորման մասին լուրերն օրերս էին հայտնվել համացանցում:
Այդ տեղեկության վերաբերյալ ՀՀ մշակույթի նախարարի պարտականությունները կարատող Նազենի Ղարիբյանը մեկնաբանություն է տվել «Արմենպրես»-ին` նշելով, որ կատարել են վերլուծություն, առաջարկներ պատրաստել: «Վերլուծությունները հիմնված են եղել ՀՀ մշակույթի նախարարության ենթակայության տակ գտնվող ՊՈԱԿ-ներին ավելի լայն դաշտ, գումար տրամադրելուն, վարչական մասն ավելի պակասեցնելուն, կենտրոնացնելուն, խտացնելուն: Դա ընդամենը տեղեկանքի նման բան է, և չի նշանակում, որ այդպես կլինի»,-ընդգծեց Ղարիբյանը:
Անդրադառնալով Սոս Սարգսյանի անվան Համազգային թատրոնը Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտին մի մասը դարձնելուն` նա ասաց, որ Համազգային թատրոնը կարող է միջանկյալ օղակ լինել ինստիտուտի և մեծ բեմերի միջև, հարթակ, որը կլինի երիտասարդական, որը կծառայի նաև որպես փորձարարական թատրոն, որտեղ ներկայացումներ բեմադրելու հնարավորություն կունենան ուսանողները:
«Յուրաքանչյուր ՊՈԱԿ, որին աջակցում է պետությունը, պետք է ունենա ժանրային, գեղարվեստական, գաղափարական, կիրառական կամ այլ առանձնահատկություն: Պետությունն աջակցում է նաև այն թատրոններին, որոնք ասենք անհետացող ժանրում են ստեղծագործում կամ չեն կարող ինքնուրույն գոյատևել»,-նշեց Ղարիբյանը:
Նա շեշտեց, որ տարածված լուրերն ընդամենը արտահոսքի արդյունք են, արտահոսք, որը եղել է ՀՀ մշակույթի նախարարությունից: Ղարիբյանն այդ փաստը գնահատում է որպես քաղծառայողի էթիկական նորմերի կոպիտ խախտում:
Նազենի Ղարիբյանը կրկնեց, որ ընդամենը աշխատանքային թուղթ է, վերլուծություն որոշակի սկզբունքների` կառավարության և նախարարության քաղաքականության և իրենց ձեռքի տակ եղած փաստաթղթերի հիման վրա, որոնք են` թատրոնների սուբսիդիաները, հաշվետվությունները և այլն:
Նա հավաստիացրեց, որ այս կամ այլ հարցի շուրջ յուրաքանչյուր որոշում կայացնելու դեպքում նախարարությունն անպայման տեղյակ է պահում ՊՈԱԿ-ների տնօրեններին: