Ըմբշամարտի Եվրոպայի Մ-23 առաջնություն. Մարզչական ամփոփում
Այս մասին գրում է ՀԱՕԿ լրատվության բաժինը:
Հաբեթնակ Կուրղինյան. «Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել, որ այսպիսի միջոցառումները դառնում են ավանդույթ, եւ ամեն մրցաշարից հետո մենք արժանանում ենք լրագրողների ուշադրությանը:
Վազգեն Թեւանյանը եւ Խաչատուր Պապիկյանը դարձան մեդալակիրներ, իսկ մյուսների մասին կասեմ, որ բոլորն էլ երիտասարդ ըմբիշներ են, ունեն ներուժ ու հնարավորություն: Նրանք պարտվեցին հավասար գոտեմարտերում, եւ դա ունի ուղղումների ու աշխատելու կարիք: Կարող ենք հասնել նրան, որ հաջորդ մրցաշարերում նրանք եւս պայքարեն մեդալների համար:
Կհանգստանանք մի քանի օր, իսկ հետո կանցկացնենք հավաք եւ կպատրաստվենք մեծահասակների Եվրոպայի առաջնությանը: Մրցումները ցույց կտան, թե ինչ ակնկալիքներ ունենք Եվրոպայի առաջնությունից: Ցանկացած մրցաշարում թե՛ մարզիչները, թե՛ մարզիկներն ակնկալում են հաղթանակ: Ցանկալի է, որ մեդալները շատ լինեն, որպեսզի բոլորիս համար լավ լինի:
Արդեն ասել եմ, որ մեծահասակների հավաքականում տեղի է ունենում սերնդափոխություն, ինչը ցույց տվեց նաեւ Հայաստանի առաջնությունը: Երիտասարդների թիմից մեծահասակների մակարդակ անցումը բարդ է, բայց լուրջ աշխատանքներ են տարվում այդ ուղղությամբ:
Շատ եմ կարեւորում, որ քաշային կարգում կա մրցակցություն: Շատ ուրախ կլինեի, որ մյուս քաշային կարգերում եւս լիներ այնպիսի մրցակցություն, ինչպիսին 65 կգ քաշային կարգում է: Դրա համար մենք ունենք մրցումներ: Բոլորը կստանան հնարավորություն: Ով կհաղթի մրցումներում, նա էլ կընդգրկվի թիմում: Ես չեմ միջամտում, չեմ գերադասում կամ թերագնահատում որեւէ մարզիկի: Ով հաղթի, նա էլ կմեկնի»:
Արմեն Բաբալարյան. «Սլավիկ Գալստյանը նվաճեց արծաթե մեդալ, բայց նա, բնականաբար, պետք է հաղթեր: Ինչու եմ ասում՝ պետք է հաղթեր, քանի որ նա վրացի ըմբիշին աշխարհի առաջնությունում հաղթել էր 10:0 հաշվով: Երեւի, նրա միակ թերությունը հոգեբանական էր: Կարծում եմ՝ նա շտապեց, քանի որ ցանկանում էր ավելի շուտ հաղթել ու ավելի բարձր միավորներով: Նա հաղթում էր 8:4 հաշվով, սակայն վերջին րոպեի ընթացքում մի քիչ թուլություն ցուցադրեց եւ պարտվեց վրացի ըմբիշին:
Մրցավարների մասին կասեմ, որ նորմալ մրցավարություն էր՝ առանց կողմնապահության: Կարելի է ասել, որ մեր տղաներն են մեղավոր իրենց պարտություններում:
Մարզչական շտաբի կողմից նկատվեց մարզիկների թերությունները եւ առավելությունները: Հասկանալի դարձավ, թե մրցաշարերից առաջ մարզիկների հետ ինչ անհատական աշխատանքներ պետք է կատարվի՝ մեծահասակների մակարդակ տեղափոխվելու համար: Մեր մարզիչների գիտելիքներն այնքան բարձր մակարդակի վրա են, որ կշարունակենք աշխատել հաջորդ մրցաշրջաններում մեր երկրպագուներին ուրախացնելու համար»:
Հիշեցնենք, որ հունահռոմեական ըմբշամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկ արծաթե մեդալով էր ավարտել ելույթը Եվրոպայի Մ-23 առաջնությունում, որին մասնակցեց 5 ըմբիշով: Արմեն Բաբալարյանի գլխավորած թիմի կազմում Եվրոպայի փոխչեմպիոն էր դարձել 63 կգ քաշային Սլավիկ Գալստյանը: Հայաստանի մյուս ներկայացուցիչներից Նորայր Հախոյանը (55 կգ), Արմեն Մելիքյանը (60 կգ), Հրանտ Կալաչյանը (72 կգ) եւ Դավիթ Օվասապյանը (130 կգ) հաջողության չէին հասել:
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի Մ-23 հավաքականը Հաբեթնակ Կուրղինյանի գլխավորությամբ նվաճել էր մեկական ոսկե եւ բրոնզե մեդալներ: Եվրոպայի Մ-23 չեմպիոնի կոչումը նվաճել էր Վազգեն Թեւանյանը (65 կգ), իսկ Խաչատուր Պապիկյանը (74 կգ) դարձել էր բրոնզե մեդալակիր: Վաղինակ Մաթեւոյանը (57 կգ), Հրաչյա Մարգարյանը (61 կգ), Գեւորգ Մխեյանը (70 կգ), Հովհաննես Մխիթարյանը (86 կգ) եւ Սարգիս Հովսեփյանը (92 կգ) մեդալ չէին նվաճել: