Հայերեն   English   Русский  

Նախարարի խոսքը իրականում ոչ թե եզրակացություն է, այլ մեր ներքին կյանքի ու հանրային մթնոլորտի ախտորոշում.Խոսրով Հարությունյան


ֆբ գրառում


  
դիտումներ: 670

''Եթե երեկ պետք չէր ռազմահայրենասիրական դաստիարակություն, ապա այսօր, փաստացի, պետք չէ նաև ռազմական կրթություն'':

Այս սարսափելի կոշտ եզրակացության է հանգում ՀՀ Պաշտպանության նախկին նախարար Վիգեն Սարգսյանը ֆեյսբուկյան իր գրառման մեջ կապված Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանի գույքի օտարման վերաբերյալ Կառավարության մտադրության հետ: Նախարարի խոսքը իրականում ոչ թե եզրակացություն է, այլ մեր ներքին կյանքի ու հանրային մթնոլորտի ախտորոշում:

Սա խոսք է մի մարդու, որը համեմատաբար կարճ ժամանակահատված լինելով պաշտպանական համակարգի նախարար հասցրեց մեր զինված ուժերի և հատկապես սպայական կազմի կատարելագործումը բարձրացնել ռազմական գործին ժամանակակից պահանջների բավարարման մակարդակին՝ ձևավորելով դրա համար անհրաժեշտ համակարգեր և անշրջելի երաշխիքներ: Որպես մեր երկրի պաշտպանունակության բարձրացման գործում համեստ վաստակ, բայց պատասխանատվության մեծ զգացում ունեցող պետական գործիչ նա կոչնակ է հնչեցնում՝ շատ դիպուկ որակելով նման որոշումը՝ Կառավարությունը բարձրունք է հանձնում: Իրականում սա որակում էլ չէ, այլ՝ յուրատեսակ վերդիկտ:
Միայն միտքը, որ հանուն նույնիսկ ամենակարևոր տնտեսական նպատակի կարելի է զոհաբերել երկրի ռազմական ենթակառուցվածքներից որևէ մեկը, մեր պարագայում, Հայաստանի պարագայում այլ կերպ քան ՛՛սրբապղծություն՛՛ հնարավոր չէ որակել:

Այս ամենն այնքան մտահոգիչ է, որ չես ուզում հավատալ, որ պատերազմի իրական սպառնալիքին դիմագրավելու ջանքեր գործադրող Իշխանությունը կարող է գնալ նման քայլի:
Ուստի Կառավարությունը պետք է հրապարակավ հերքի նման որոշում կայացնելու իր մտադրության մասին լուրերը: Ընդ որում պետք է հերքի, այլ ոչ թե մեկնաբանի, քանի որ նման քայլը որևէ կերպ մեկնաբանելի չէ:

Հ.Գ Ամեն անգամ մի տեսակ ցավ ես զգում նման գրառումներ կատարելիս և այդ զգացումը պարտավորեցնող է:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: