ԽՈՍԵ ԱՆՏՈՆԻՈ ԳՈՒՐՐԻԱՐԱՆ. հայոց խղճի դեսպանը...
ԱՍԱԼԱ-ն իր պայքարի բովում շատ գործողություններ է կատարել, որոնց նպատակը հայության արդար դատի պաշտպանությունն է: Ցավոք, այդ գործողությունների ընթացքում քիչ չեն եղել նաև անմեղ զոհերը: Նրանցից մեկի` իսպանացի լրագրող և հրապարակախոս Խոսե Անտոնիո Գուրրիարանի համար 1980 թ. դեկտեմբերի 29-ին ԱՍԱԼԱ-ի կազմակերպած Մադրիդի գործողությունը ճակատագրական եղավ... Այդ օրը ԱՍԱԼԱ-ն պայթյուններ իրականացրեց Մադրիդում տեղակայված ամերիկյան և շվեյցարական ավիաընկերությունների շինությունների տարածքում` պահանջելով այդ երկրներից ազատ արձակել իրենց բանտերում պահվող մարտիկներին:
Մադրիդյան պայթյունը ցնցեց ողջ աշխարհը. ինքը` Գուրրիարանը, հետագայում ասաց, որ մինչ Մադրիդի գործողությունը, Հայաստանի մասին գիտեր միայն այն, որ կա նման մի փոքրիկ երկիր ԽՍՀՄ-ի կազմում: Լինելով մադրիդյան գործողության տուժողներից մեկը` Գուրրիարանը ոչ միայն չարությամբ ու ատելությամբ չլցվեց ԱՍԱԼԱ-ի ու հայության հանդեպ, այլև դարձավ հայ ժողովրդի իսկական ու մեծ բարեկամը, հայության դեսպանը Իսպանիայում և աշխարհում, հայ դատի անխոնջ մարտիկը, որ արդեն ավելի քան 30 տարի պայքարում է հանուն հայության դատի պաշտպանության:
Հետագայում այդ մասին իր տված հարցազրույցներից մեկում նա ասաց. «Հայ ժողովրդի հանդեպ անարդարությունը շատ ավելի մեծ էր, քան ճակատագրի կողմից ինձ հասած հարվածն այդ օրը: Անգամ համեմատելու եզրեր չկան... Իմ տառապանքը ոչինչ է հարյուր հազարավոր այն հայերի ապրումների համեմատ, որոնց ջրասույզ արեցին Եփրատում, գնդակահարեցին, կախաղան բարձրացրին, քառատեցին, սովամահ արեցին... Հայերի ցեղասպանությունը ժամանակակից պատմության ամենաարյունարբու և ամենաահավոր իրադարձություններից է»:
Խոսե Անտոնիո Գուրրիարանը ծնվել է 1939 թ. հուլիսի 7-ին, իսպանական Օրենսեյ փոքրիկ քաղաքում: Պատանեկան տարիներից հրապուրվել է լրագրությամբ և իր գործունեության մեջ միշտ սկանդալային թեմաներ է շոշափել: Առհասարակ, լինելով բնավորությամբ անհաշտ, արդարադատ և մարտնչող` փորձել է միշտ քննարկել և գտնել երևույթի արմատները: Տարբեր տարիներին իր հրապարակումներում Գուրրիարանն անդրադարձել է այնպիսի անձանց, ինչպիսիք են Ինդիրա Գանդին, Լինդոն Ջոնսոնը, Մարինա Օսվալդը, Սալվադոր Դալին, Ժակլին Քենեդին, Դիեգո Մարադոնան, Ժան-Պոլ Բելմոնդոն...
Նախատոնական այդ օրը Գուրրիարանը Մադրիդի կենտրոնական Գրան-Վիա պողոտայով քայլում էր դեպի կինոթատրոն, երբ որոտաց հայ վրիժառության առաջին պայթյունը Մադրիդում: Գուրրիարանը, որ «El Pueblo» թերթի գլխավոր խմբագիրն էր, շոկի մեջ էր. չորս կողմը դիակ և ծուխ: Իրեն չկորցնելով, լրագրողին հատուկ արագությամբ կողմնորոշվելով` նա շտապեց դեպի հեռախոսը, որպեսզի զանգի խմբագրություն և դեպքի վայր կանչի լուսանկարչին: Սակայն այդ ժամանակ որոտաց նաև երկրորդ պայթյունը, որից ծանր վիրավորվեց նաև Գուրրիարանը: Նա բեկորային վնասվածքներից զատ նաև ոտքի կոտրվածք ստացավ:
Հիվանդանոցում ուշքի գալուց հետո նրա առաջին հարցը խնամող կնոջը հետևյալն էր. «Ովքե՞ր են այդ մարդիկ»: Ապա սկսեց ուսումնասիրել հայության պատմությունը: Իր իսկ խոսքերով` «հետաքրքիր էր, թե ինչի՞ համար են պայքարում այս մարդիկ, և հանուն ինչի են օտար երկրում արյուն հեղում»: Երբ իմանում է հայերի մասին ճշմարտությունը` ցնցվում է և իր պարտքը համարում լինել այդ տառապյալ ժողովրդի կողքին: Դեռևս հիվանդանոցում` երկարատև բուժման ընթացքում, նրա հիվանդասենյակը լցվեց մոտ երկու հարյուր գրքով, որոնք պատմում էին հայության և Հայաստանի մասին:
Ստանալով բավական տեղեկատվություն հայության պայքարի մասին` Խոսե Անտոնիոն որոշում է անձամբ քննել հայության գործը և հանդիպել ԱՍԱԼԱ-ի մարտիկների հետ: Նա նամակ է գրում ԱՍԱԼԱ-ի գործիչներին, որոնք պատասխանում են, որ պատրաստակամ են հանդիպել լրագրողի հետ: Հանդիպումը կայացավ մեկուկես տարի անց` Լիբանանում, ուր ուղևորվեց Գուրրիարանը` շարունակելու իր հետազոտությունը:
Մեկ շաբաթվա սպասումը Բեյրութի հյուրանոցներից մեկում արդյունք տվեց: ԱՍԱԼԱ-ի մարտիկները Գուրրիարանին փակ աչքերով իրենց ուսումնական ճամբար տարան, ուր նա ականատես եղավ, թե ինչպես են երիտասարդ հայորդիները պատրաստվում պայքարի: Այնտեղ նա հանդիպեց նաև Մադրիդի գործողությունն իրականացնողներին` մի աղջկա և երկու երիտասարդի, որոնց հետ երկար շփվեց ու խոսեց: Ինչպես պատմում է հեղինակը, երբ սեղմեց դիմակավորված հերոսների ձեռքը, նրանք դողում էին... Խոսակցության ժամանակ ոչ ոք ներողություն չխնդրեց Խոսե Անտոնիոյից, միայն ֆրանսերեն խոսող աղջիկը դողդոջուն ձայնով ասաց. «Մենք անձամբ ձեր դեմ ոչինչ չունենք: Ցավոք, պատերազմների ժամանակ տուժում են նաև անմեղները»:
Տարիներ անց Խոսե Անտոնիոն իմացավ, որ երեք հերոսներն էլ` Արամը, Վահեն և Անահիտը նահատակվել են հայրենիքի համար մղվող պայքարում... երկուսը` թուրքական օդանավակայանի պայթեցման գործողության ժամանակ, մեկը` Լիբանանում: Նա իր «Ռումբը» գիրքը նվիրեց նրանց հիշատակին:
Լիբանանում Խոսե Անտոնիոն հանդիպեց նաև Մոնթե Մելքոնյանին: Շատ երկար խոսեցին` քննարկելով հայերի խնդիրները և աշխարհի այլ ժողովուրդների ազատագրական պայքարները: Մոնթեն մեծ տպավորություն գործեց Խոսե Անտոնիոյի վրա: Հետագայում Խոսե Անտոնիոն ծանոթացավ և բարեկամացավ նաև Հրանտ Դինքի հետ: Նրանց ընկերությունը, ավաղ, երկար չտևեց: Բայց Գուրրիարանը երկար սգաց Դինքի մահը և աշխարհում առաջիններից մեկն էր, որ բարձրաձայնեց ժամանակակից Թուրքիայում հայատյացության բարձրացող նոր ալիքի մասին:
Խոսե Անտոնիո Գուրրիարանը հեղինակ է հայության մասին երկու գրքի` «Ռումբը» (1982) և «Հայերը. մոռացված ցեղասպանություն» (2008): Այս վերջին գիրքը ծնվեց հեղինակի 2007 թ. Հայաստան այցելությունից հետո: Գրքում հեղինակը խարազանում է ոչ միայն ցեղասպանություն իրականացնողներին, այլև այսօրվա անտարբեր աշխարհը: Մինչ Հայաստան այցելելը, նա աշխարհի տարբեր երկրներում այցելեց ցեղասպանություն վերապրածներին ու նրանց սերունդներին, փաստեր ու պատմություններ հավաքեց նրանց մասին...
Այս գրքերը ծնվեցին ԱՍԱԼԱ-ի պայթեցրած ռումբից և հենց ռումբ դարձան Եվրոպայի անտարբեր հասարակության համար: Իր գրքերում, հայերի ողբերգական պատմությունից զատ, Գուրրիարանն անդրադարձել է նաև հայոց մշակույթին, կենցաղին, բարքերին: «Շատ դժվար է ահաբեկչին զանազանել հանուն արդարության պայքար մղող մարտիկից: Երկու դեպքում էլ տարբեր կերպ կարելի է մեկնաբանել: Այո, ես դեմ եմ բռնությանը և չեմ արդարացնում ԱՍԱԼԱ-ի գործունեությունը, սակայն լավ եմ հասկանում նրանց: Հայկական հարցը որևէ կերպ պետք է լուծվի: Առհասարակ, ահաբեկչությունների դեմ պայքարը պետք է սկսել նրանց ծնող երևույթները` բռնությունը, դիկտատուրան, անարդարությունները վերացնելով»:
Վահե ԱՆԹԱՆԵՍՅԱՆ