Դիլիջանում իրավիճակը լարված է. Մարդիկ փակել են միջպետական ճանապարհը. Եկել է մարզպետը
Shamshyan.com-ի հաղորդմամբ, երթևեկությունը կաթվածահար է եղել, խցանումն էլ հասում է մի քանի կիլոմետրի։
Բողոքի ակցիայի պատճառը Դիլիջանի նախկին զինկոմ Հովհաննես Հակոբյանի որդու` Դավիթ Հակոբյանի գործով դատավճիռն է: Ակցիայի մասնակիցները պահանջում են ազատ արձակել անարդարության զոհ դարձած երիտասարդին:
«Ամիսներ շարունակ Դիլիջանի բնակիչ Դավիթ Հակոբյանը անհիմն մեղադրվում է ծանր հանցագործության մեջ, ու այդ ծանր հանցագործությունը նրա վրա սարքել են: Չգիտեմ որտեղից փակ վկաներ են բերել ու դրա հիման վրա փորձում են անմեղ տեղը մարդուն 9 տարի փակել։ Առաջին փակ վկան դատարանում ասում է, որ իր նկատմամբ բռնություն է կիրառվել, ճնշման տակ է թղթեր ստորագրել։ Իսկ 2-րդ փակ վկան էլ դատարանում չկարողացավ հստակ պատասխաններ տալ»,-ասել է ակցիայի մասնակիցներից մեկը:
Ակցիայի վայր են ժամանել Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը, Դիլիջանի քաղաքապետ Արմեն Սանթրոսյանը, Դիլիջանի ոստիկանապետ Սևակ Բադիրյանը: Մարզպետը խոստացել է, որ իրավիճակի մասին ինքը կտեղեկացնի համապատասխան մարմիններին:
Հիշեցնենք, որ սպանության փորձ կատարելու մեջ մեղադրվող Դավիթ Հակոբյանին Տավուշի առաջին ատյանի դատարանն արդարացրել էր, մինչդեռ Վերաքննիչը նրան անազատության է դատապարտել, իսկ Վճռաբեկ դատարանն անփոփոխ է թողել վճիռը: