ԱՄՆ-ին չի զարմացնում Հայաստանում ՌԴ ռազմական ներկայությունը. ԱՄՆ պետդեպ.
Այս մասին «ամերիկայի ձայնին» տված հարցազրույցում հայտարարել է ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով օգնականի տեղակալ Էրիկ Ռուբինը: Այս մասին գրում է NEWS.am-ը:
Նրա հավաստմամբ,ռուսական ռազմական ներկայությունը Հայաստանում չպետք է կաշկանդի ոչ հայկական, ոչ էլ՝ ամերիկյան կողմերին երկկողմ համագործակցության խորացման հարցում:
«ԱՄՆ-ը նախատեսում են խորացնել համագործակցությունը Հայաստանի կառավարության, զինվորականների եւ անվտանգության ծառայությունների հետ՝ գլոբալ վտանգներին ու մարտահրավերներին դիմադրելու հարցում»,- ասել է Էրիկ Ռուբինը՝ հավելելով, որ Հայաստանն ու Հարավային Կովկասի տարածաշրջանն ընդհանրապես անչափ մոտ են գտնվում աշխարհի ամենավտանգավոր տարածքներին:
«Մենք միշտ ընդգծել ենք, որ Միացյալ Նահանգները եւ Հայաստանը կարող են ու պետք է զարգացնեն ուղղակի երկկողմ համագործակցություն անվտանգության ոլորտում, կազմակերպեն երկկողմ վարժանքներ ու փորձի փոխանակում եւ շարունակեն մասնակցել միասնական խաղաղապահ առաքելություններում», - նշել է դիվանագետը:
Նրա խոսքով, Միացյալ Նահանգները եւ Հայաստանը նախատեսում են ոչ միայն խորացնել համագործակցությունը անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում, այլեւ այս շրջանակներում երկկողմ նոր ծրագրեր իրականացնել:
Անդրադառնալով Հայաստանի տարածքում ռուսական զորքերի առկայությանը, Էրիկ Ռուբինն ասել է, որ ԱՄՆ-ին դա չի կաշկանդում: «Մենք ընդունում ենք իրականությունն ու գիտակցում ենք, որ Հայաստանում գոյություն ունի Ռուսաստանյան զգալի ներկայություն, եւ մենք չենք նախատեսում, որ այն կանհետանա, սակայն այդ հանգամանքը մեզ համար խոչընդոտ չի հանդիսանում», - ասել է Ռուբինը՝ հավելելով, որ ռուսաստանյան ռազմական ներկայությունը Հայաստանում երկրի ներկա իրավիճակով պայմանավորված իրականություն է:
Աղբյուրը` News.am