Հայերեն   English   Русский  

Վերացվել են կենտրոնների կոշտ միջամտությունները հեռուստառադիոընկերությունների վրա. Տիգրան Հակոբյանը ԱԺ-ում ներկայացնում է հանձնաժողովի գործունեության հաշվետվությունը


  
դիտումներ: 799

Շարունակվում է Ազգային ժողովի նիստը:

Խորհրդարանին է ներկայացվում Հեռուստատեսության և ռադիոյի ազգային հանձնաժողովի 2018 թվականի գործունեության հաշվետվությունը: Հիմնական զեկուցողը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանն է:

Ելույթի սկզբում Տիգրան Հակոբյանն ասաց, որ 2018 թվականի դեկտեմբերի 31-ի տվյալներով Հայաստանում գործում են 100 հեռուստաընկերություն և 18 ռադիոընկերություն, որոնք արտոնագիր են ստացել հանձնաժողովի կողմից և գտնվում են վերջինիս կարգավորման ներքո, առանց արտոնագրի գործում են ևս 7 հեռուստառադիոընկեություններ, որոնց կապուղի տրամադրելը սահմանված է օրենքով:

«Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի իրավասության տակ է նաև հյուրանոցային ցանցերի ներքին հաղորդումների վերահսկումը: Խոշոր հյուրանոցներն ունեն կաբելային ցանցեր և, ըստ օրենքի, եթե նրանք իրենց տարածքում ունեն 8-ից ավելի հեռուստատեսություններ, ապա պետք է ծանուցեն հանձնաժողովին և պահպանեն հեղինակային իրավունքը: Տարին մեկ անգամ վերահսկում ենք հյուրանոցային ցանցը, և 3-4 տարի է, ինչ բողոքներ չունենք օտարերկրյա վերահեռարձակողների կողմից»,-ասաց Տիգրան Հակոբյանը:

Ըստ նրա՝ 2018 թվականի արմատական փոփոխությունները ազդեցին նաև մեդիաոլորտի վրա: Հակոբյանը նշում է, որ իսպառ վերացվել են կենտրոնների կոշտ միջամտությունները հեռուստառադիոընկերությունների և´ խմբագրական, և´ կադրային, և´ ֆինանսական հարցերի վրա, և 2018 թվականի մայիսից վերացվել են դաբրոների, պատասխանատուների ինստիտուտները:

Տիգրան Հակոբյանը զեկուցման ընթացքում նշեց նաև, որ այսօր մի քանի մարզերում հեռուստաընկերություններ չեն գործում, քանի որ չկան հովանավորներ, իսկ վերջիններս իրենց գովազդի համար փնտրում են հանրապետական տարածում ունեցող հեռուստաընկերություններ:

ԱԺ-ում դեռ շարունակվում է հարց ու պատասխանը Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի նախագահ Տիգրան Հակոբյանի և պատգամավորների միջև:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: