Շրի Լանկայում սկսվել են զանգվածային հուղարկավորությունները
հաղորդում է BBC-ն: Վերջին տվյալների համաձայն՝ 310 մարդ է զոհվել:
Կիրակի Շրի Լանկայում գրեթե միաժամանակ 8 պայթյուն է տեղի ունեցել տեղական ժամանակով ժամը 08:45-ին: Առաջին պայթյունը որոտացել է Կոլոմբոյի Կոչիկադե շրջանում գտնվող Անտոնիա եկեղեցում, երկրորդը՝ Կոլոմբոյի հյուսիսում, Նեգոմբո քաղաքում գտնվող Սբ. Սեբաստիանի եկեղեցում, երրորդը՝ կղզու արևելքում, Բատիկալոա քաղաքում գտնվող եկեղեցում: Գրեթե նույն ժամանակ պայթյուններ են որոտացել Shangri-La, Cinnamon Grand և Kingsbury հյուրանոցներում: Ավելի ուշ 7-րդ պայթյունն է տեղի ունեցել կենդանաբանական այգում, և 8-րդը՝ Դեմատագոդա շրջանում:
Այդ ժամանակ եկեղեցիներում նշում էին Սուրբ Զատկի տոնը: Զոհերի շրջանում մեծ թվով օտարերկրացիներ կան:
Հիշեցնենք, որ երեկ ծայրահեղական «Ջամաթ աթ-Թաուհիդ» խմբավորումը ստանձնել է Շրի Լանկայում տեղի ունեցած ահաբեկչության պատասխանատվությունը:
Ոստիկանությունը ահաբեկչությունների գործով 40 մարդ է ձերբակալել:
Պայթյուններից հետո երկրի կառավարությունն արգելափակել է Facebook, WhatsApp և Instagram սոցցանցերը:
Ովքե՞ր են զոհերը
Զոհերի մեծ մասը Շրի Լանկայի քաղաքացիներ են, քրիստոնյաներ, ովքեր նշում էին Սուրբ Զատիկը: Զոհերի շրջանում կան 31 օտարերկրացիներ: Նրանց թվում են Դանիայի ամենահարուստ մարդու 3 երեխաները: Չինաստանն ու ԱՄՆ-ն իրենց քաղաքացիներին կոչ են արել զերծ մնալ Շրի Լանկա ուղևորություններից և նախազգուշացրել նոր հարձակումների հնարավորություն մասին: