Մեր պապերի կատարած անմարդկային եղեռնագործության պատասխանատվությունն այսօր մենք ենք կրում. Էրան Գյոնդյուզ
սակայն Թուրքիայի ժխտողական քաղաքականության մեջ ոչինչ էլ չի փոխվել: Մեկ դարից ավելի է, ինչ աշխարհի տասնյակ երկրներում հայերը շարունակում են պահանջել ոճրագործության ճանաչում և հատուցում՝ թուրքական իշխանությունների կողմից: Տարիների ընթացքում այդ պահանջին միացել են հենց ոճրագործությունը կատարածների սերունդները, ովքեր իրենց պայքարով հետ չեն մնում եղեռն ապրածների ժառանգներից:
Նման պայքարի արդյունքում էլ ծնվել է «Ցեղասպանության հակառակորդներ» միությունը, որը չնայած ստեղծվել և իր գործունեությունն է ծավալում Գերմանիայում, սակայն հիմնադիրները և անդամները թուրք և քուրդ մտավորականներն են:
«Հայերը քաջատեղյակ են այն հրեշավոր արարքների մասին, որ կատարվել են իրենց նախնիների դեմ, ես չէ, որ պետք է դրանց մասին պատմեմ, սակայն մի բան հստակ է, որ դրանք անցնում են բոլոր սահմանները: Թուրքիան մինչ օրս ժխտում է մարդկության դեմ իրականացրած մեծ ոճրագործությունը, և եթե ժխտում են գիտակցաբար ծրագրված ցեղասպանությունը, նշանակում է, որ պատրաստ են նույն ոճրագործությունը անել նաև հետագայում: Մեր միությունը ստեղծվել է, որպեսզի հետևողական պայքար մղի Թուրքիայի մերժողական քաղաքականության դեմ և այլևս թույլ չտա, որ որևէ երկրում նման բան տեղի ունենա»,-ասում է «Ցեղասպանության հակառակորդներ» միության նախագահ Ալիշան Էրթեմը:
1998 թվականից ի վեր, երբ հիմնադրվել է միությունը, անդամները շարունակ այցելում են Հայաստան, ուսումնասիրում մեր պատմությունը: Արդեն 20 տարի է աշխարհի տարբեր երկրներից և հատկապես Թուրքիայից պահանջում են Ցեղասպանության ճանաչում և դատապարտում:
Ամեն տարվա պես, այս տարի ևս միության պատվիրակությունը ժամանել է Հայաստան՝ ապրիլի 24-ին հարգանքի տուրք մատուցելու անմեղ զոհերի հիշատակին: Այս տարի պատվիրակության կազմը բավականին ընդլայնված է՝ 18 ներկայացուցիչ, որոնց թվում կան երեխաներ, կանայք: «Տեղեկացնում ենք ճշմարտությունը երեխաներին» նշանաբանով Հայաստան ժամանած միության անդամները նպատակ ունեն իրականությունը վեր հանելով՝ հասնել արդարության:
Ալիշան Էրթեմը, ով արմատներով թուրք է ասում է, որ 1964 թվականից բնակություն է հաստատել Գերմանիայում, և հենց օտար միջավայրն է օգնել հասկանալու և գիտակցելու սեփական ազգի անցյալի արյունոտ էջերը:
«Ես Թուրքիայում ընդամենը ստացել եմ 8-ամյա կրթություն, սակայն հետագայում ինձնից պահանջվեց 30 տարի, որպեսզի հաղթահարեմ այդ կրթության հետևանքները: Թուրքիայում դեռ մանկապարտեզից երեխաներին սովորեցնում են, որ հայերը իրենց թշնամիներն են, և որ հենց հայերն են կոտորել թուրքերին: Մենք մեր գործունեությամբ փորձում ենք ճշմարտությունը տարածել: Այս տարվա մեր խորագիրն էլ ունի այդ ճշմարտությունը երեխաներին փոխանցելու նպատակը»,- ասում է Էրթեմը:
Այս տարի Հայաստան ժամանած պատվիրակության մեջ ներգրավվել են տարբեր տարիքի 7 երեխաներ: Նրանց թվում են Լորին և Նորան, ովքեր առաջին անգամ են Հայաստանում և ժպիտով ու բուռն էմոցիաներով են պատմում հայաստանյան տպավորությունների մասին: Իսկ երբ հարցնում եմ, թե ինչ գիտեն հայերի ցեղասպանության մասին, աղջիկների պայծառ աչքերում մի քանի վայրկյան տխրություն է հայտնվում ու գերմաներենով պատասխանում են, որ գիտեն, թե ժամանակին թուրք յաթաղանը ինչեր է արել անմեղ մարդկանց նկատմամբ:
Թուրք Էրան Գյոնդյուզը, ով «Ցեղասպանության հակառակորդներ» միության անդամ է, Լորիին ու Նորային պատած տխրությամբ է խոսում իր նախնիների կատարած անմարդկային արարքների մասին:
«Իմ հարազատ պապերի կողմից է անցյալում կատարվել եղեռնը, և այսօր ես եմ զգում պատասխանատվություն նրանց քայլերի համար: Միության անդամները, այդ պատասխանատվությունից և մեղքի զգացումից ելնելով, փորձում են ներդնել իրենց բոլոր ուժերն ու հնարավորությունները, որպեսզի մի օր հասնենք թուրքական իշխանության կողմից ցեղասպանության ընդունմանը»,-ասում է Էրան Գյոնդյուզը:
Ըստ նրա՝ կարևոր է, որ հենց իրենք են պայքար ծավալում, քանի որ մի բան է, երբ թուրք հանրությունը հայերի կողմից է տեղեկացվում կամ օտար պետությունների խորհրդարանանների ամբիոններից է լսում եղեռնի մասին, մեկ այլ բան է, երբ նրան այդ ամենը պատմում են իր ազգակիցները:
Շուրջ 20 տարվա գործունեության ընթացքում, չնայած թուրքական իշխանությունների չդադարող սպառնալիքներին ու խոչընդոտներին, «Ցեղասպանության հակառակորդներ» միությունը կարողացել է համագործակցել Գերմանիայում և Եվրոպայում Ցեղասպանության ճանաչման համար պայքարող կազմակերպությունների, Մարդու իրավունքների պաշտպանների հետ: Նրանց կողմից բազմիցս կազմակերպվում են ստորագրահավաքներ և դրանք կցվում են այն դիմումներին, որոնք միության կողմից ուղարկվում են Ցեղասպանությունը չճանաչած երկրներին:
«Ես երկար ժամանակ Թուրքիայում չէի եղել, քանի որ ինձ արգելված էր երկիր մուտք գործել: 2014 թվականին, երբ ես գնացի Թուրքիա, անցակետում անձնագրիս մեջ Հայաստանում լինելու մասին փաստող տասնյակ վիզաներ տեսնելով, ինձ հարցրին, թե ինչու եմ գալիս Հայաստան, բայց չեմ գնում Թուրքիա: Ես պատասխանեցի, որ գնում եմ այնտեղ, որտեղ սիրտս է ուզում: Թուրքիա այցելելուց հետո առաջին բանը, որ արել եմ, «Ակոս» թերթի խմբագրություն այցս է եղել»,-ասում է Ալիշան Էրթեմը:
Քուրդ և թուրք գործիչները նշում են, որ ապրիլի 24-ին Հայաստանում իրենց լինելը և Ծիծեռնակաբերդում ծաղիկ խոնարհելն արդեն իսկ հակառակ քայլ է նույն օրը թուրքական իշխանության կողմից մեծ շուքով պատերազմում տարած իր կեղծ հաղթանակները տոնելուն: Միության անդամները խոստանում են, որ պայքարը շարունակելու են այնքան ժամանակ, քանի դեռ արդյունքի չեն հասել Հայոց ցեղասպանության ընդունման և դատապարտման հարցում, և քանի դեռ թուրք իշխանավորները Ծիծեռնակաբերդում չեն խոնարհվել անմեղ զոհերի հիշատակի համար: