Սևանի էկոհամակարգի խնդիրները չեն պակասում
իսկ Բնապահպանության նախարարությունը որոշել է թույլատրել սիգ ձկնատեսակի արդյունագործական որսը, ինչը, ըստ ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի տնօրեն Բարդուղ Գաբրիելյանի, անթույլատրելի է, քանի դեռ չկան հաշվարկներ: Նման հաշվարկներ անելու համար ամեն տարի տենդեր էր հայտարարվում, սակայն այս տարի այդ տենդերը չի իրականցվել, քանի որ Կառավարությունը գտնում է, որ հատկացվող գումարները բավարար չեն համալիր հետազոտություններ իրականացնելու համար:
«Ավելի լավ է քիչ գումարով իրականացվեն ձկնատեսակների պաշարների հաշվարկները, քան ընդհանրապես չիրականցվեն: Մենք նույնիսկ առաջարկել ենք միայն սիգի պաշարների ուսումնասիրության համար հատկացնել գումար, որը կկազմի 7 միլիոն դրամ»,-ասում է Բարդուղ Գաբրիելյանը:
Ըստ նրա՝ իրենց կենտրոնը միակն է Հայաստանում, որ իր ներուժով կարող է գրեթե անսխալ հաշվարկներ իրականցնել:
«Կյանքի փորձը ցույց է տվել, որ մինչ այսօր մեր կատարած հաշվարկներում չենք սխալվել: Այժմ, աշխատում ենք նոր մեթոդներով ու սարքավորումներով, որոնք օգտագործվում են ամբողջ աշխարհում: Քանի որ չունենք սեփական սարքավորումներ, համագործակցում ենք մեր ռուս գործընկերների հետ: Իսկ այն համոզմանը, որ Ազգային պարկը ևս կարող է հաշվարկներ և ուսումնասիրություններ կատարել, ապա կարող եմ ասել, որ նախկինում նման փորձեր եղել են Ազգային պարկի կողմից, սակայն վերջում էլի մեզ են դիմել»,-նշում է Գաբրիելյանը:
Գաբրիելյանը ասում է, որ Բնապահպանության նախարարությունը սիգի որսը թուլատրելու համար օգտվում է իրենց անցյալ տարվա հաշվարկներից, սակայն այդ հաշվարկներից հետո փոփոխություններ են տեղի ունեցել, և չի կարելի միանշանակ դրանց հետևել: Նախատեսվում է թույլատրել սիգ ձկնատեսակների պաշարի մինչև 20 տոկոսի որս, սակայն եթե բարենպաստ պայմաններ լինեին ձկան բազմացման համար, հնարավոր կլիներ որսը հասցնել 50 տոկոսի:
Ըստ Գաբրիելյանի՝ Կառավարությունը ոչ թե պետք է առանձին տենդերներ իրականացնի, այլ մշակի Սևանի հիդրոկենսաբանական մոնիտորինգի մշտական ծրագիր:
«Այսօր Սևանի էկոհամակարգը շատ անկայուն վիճակում է գտնվում, և եթե հետևողական աշխատանքներ չիրականցվեն, ապա այդ վիճակը կարող է վատ հետևանքներ առաջացնել»,-նշում է Բարդուղ Գաբրիելյանը: