Հայերեն   English   Русский  

Սահմանապահի օրվա կապակցությամբ Նիկոլ Փաշինյանն այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերին


  
դիտումներ: 430

Ապրիլի 26-ը Հայաստանում արդեն 13-րդ անգամ նշվում է որպես սահմանապահի օր:

Այդ կապակցությամբ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր այցելել է ԱԱԾ սահմանապահ զորքերին:

«Թույլ տվեք նախ բոլորիս շնորհավորել այս օրվա կապակցությամբ: Սահմանն ընդհանրապես ամենախորհրդավոր երևույթներից մեկն է, ընդամենը մեկ գիծ, որից մեկ մետր այն կողմ զգում ես տնից հեռու, և մեկ սանտիմետր այս կողմ զգում ես քեզ տանը: Հայաստանի Հանրապետություն ասելով առաջին հերթին նկատի ունենք այդ սահմանները: Դրանցով է որոշվում մեր տեղը երկրի վրա, մեր ապագայի ու անցյալի մասին պատկերացումները: Սահմանապահ լինելը ոչ միայն կոչում է, այլև առաքելություն, և այդ առաքելությունն այսօր պատվով կատարում են ԱԱԾ սահմանապահ զորքերը, ՀՀ զինված ուժերը, ոստիկանության ծառայողները»,-իր ելույթում ասաց Փաշինյանը:

ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանը շնորհավորելով սահմանապահներին՝ նշեց, որ նրանք են անվտանգ կյանքի երաշխավորները:

«Մեր հայրենիքի սահմանները սրբազան են, և այդ սահմանների պաշտպանությունը Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու պարտականությունն է: Այդ կարևոր առաքելության առաջին գծում կանգնած եք դուք՝ սահմանապահներդ: Սահմանից է սկսվում մեր երկիրը, մեր ընտանիքների անվտանգությունը: Հայաստանի ողջ ժողովուրդն է մեզ վստահել այդ սահմանները: Չկա և չի կարող լինել կայացած պետություն առանց ապահով սահմանների»,-հավելեց Արթուր Վանեցյանը:

Վարչապետի այցի ընթացքում տեղի ունեցավ սահմանապահ զորքերի անձնակազմի պարգևատրման արարողությունը, որին հաջորդեցին սահմանապահների ցուցադրական շարային վարժանքները և ուժային ու ձեռնամարտի հնարքների ցուցադրությունները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: