Քաղաքացու օր սահմանելու անհրաժեշտությունն ու անհատի աշխարհընկալման աստիճանը
Կառավարությունը այդ օրվա միջոցառումների կազմակերպման համար հատկացրել է 124 միլիոն դրամ:
Քաղաքացու օր սահմանելու անհրաժեշտության և Հայաստանի քաղաքացու այսօրվա աշխարհընկալման մասին հրավիրված մամուլի ասուլիսում խոսել են քաղաքագետ Էդգար Վարդանյանը, ԵՊՀ Քաղաքակրթական և մշակութային հետազոտությունների կենտրոնի գիտաշխատող Աննա Դավթյան-Գևորգյանը, Ռեստարատ ուսանողական քաղաքացիական նախաձեռնության անդամ Դավիթ Պետրոսյանը:
«Միանշանակ Կարող ենք ասել, որ տեղի է ունեցել շատ լուրջ շրջադարձային փոփոխություն Հայաստանում, և Հայստանում փոխվել են իշխանության ձևավորման ու տիրապետման, ռեսուրսների ձևավորման ու բաշխման խաղի կանոնները: Ժողովրդի մի զգալի հատվածի համառ մասնակցության արդյունքում է տեղի ունեցել այդ փոփոխությունը, և այն պետք է դրական իմաստով դիտարկել, քանի որ խաղի կանոնների փոփոխությունները մեր երկրում հանգեցրել են ժողովրդավարական ինստիտուտների ձևավորմանը»,-ասաց Էդգար Վարդանյանը:
Աննա Դավթյան-Գևորգյանը անդրադառնալով տոնի անհրաժեշտության հարցին՝ նախ խոսեց պետական տոների նշանակության ու իմաստի մասին:
«Ընդհանրապես պետական տոները մշակութային իմաստով քաղաքական միֆերի ակտուալիզացումն են ծեսերի միջոցով: Դրանք շատ կարևոր են թե հասարակական կյանքում, թե՝ քաղաքական: Քաղաքացու օրվան նվիրված տոնը՝ քաղաքացու որպես առաջնային արժեք ներկայացնելու իմաստն ունի, և հարց է, թե որքանով է քաղաքացու դերի կարևորումը մեր հասարակության համար ընդունելի ու հասկանալի: Եթե այս արժեքը կարևոր է հասարակության համար, ապա տոնը պետք է լինի, բայց եթե արժեքը լայն մասսաների համար ընդունելի չէ, ապա տոնը կեղծ է և պարտադրված էլիտայի կողմից»,-ասաց Աննա Դավթյան-Գևորգյանը:
«Ինձ համար այդ օրը իսկապես տոն է, քանի որ մինչև հեղափոխությունը ոչ ոք չէր հավատում, որ ինչ որ բան կստացվի, բայց համախմբվածության արդյունքում, ճիշտ մեթոդաբանության արդյունքում ստացվեց հեղափոխությունը: Պետք է լիներ քաղաքացու օր, քանի որ այս հեղափոխությունը հաղթել ենք ժողովրդի շնորհիվ: Երբ որոշ ուժեր պարբերաբար նշում են, թե հեղափոխությունը եղել է դրսի ուժերի միջոցով, նրանք ամեն կերպ փորձում են կոտրել քաղաքացուն ու անտեսել քաղաքացու դերը, մինչդեռ քաղաքացին էր այս ամենին հասնողը»,-ասաց Դավիթ Պետրոսյանը:
Աննա Դավթյան-Գևորգյանը նշում է, որ միայն մեր երկրում չէ, որ նման տոն է սահմանվել: ԱՄՆ-ում Սահմանադրության օրը նշում են նաև քաղաքացու օր:
«Քանի որ նախկինում հակասահմանադրական իրավիճակում էինք ապրում, մենք Սահմանադրության օրը չէինք համարում քաղաքացու օր: Այժմ քաղաքացու հաղթանականերից մեկն էլ այն կլինի, որ հունիսի 5-ը մեզ համար նույնպես քաղաքացու օր դառնա»,- նշում է Աննա Դավթյան-Գևորգյանը: