Հայաստանում նշում են Քաղաքացու օրը
Տարբեր մարզերում կազմակերպվել են մի շարք միջոցառումներ, ծառատունկեր, հանրային քննարկումներ, դասընթացներ, ցուցահանդեսներ և այլն: Կառավարության անդամներն ու խորհրդարանի մի շարք պատգամավորներ առավոտից մասնակցում են միջոցառումներին, շրջում Երևանի փողոցներով:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շրջել է Երևանում: Նա լուսանկարվել, զրուցել է քաղաքացիների հետ, անգամ մասնակցել է Մաշտոցի պողոտայում խորովածի պատրաստմանը:
«Հեղափոխության ժամանակ ես գաղափար չեմ ունեցել, որ խորոված են արել փողոցներում: Երբ հեղափոխությունից հետո վիդյոները նայում եմ, հասկանում եմ, որ հեղափոխության 10 տոկոսն եմ տեսել»,-ասել է Փաշինյանը:
Քաղաքացու օր սահմանելը և դրա համար Կառավարությունից 124 միլիոն դրամ հատկացնելը միանշանակ չընդունվեց հասարակության կողմից: Քիչ չէին պնդողները, որ գումարը ավելի կարևոր խնդիրների լուծման համար կարելի էր օգտագործել:
«Մարդիկ 2018 թվականի մարտի 31-ին էլ չէին հավատում, որ կարող է հեղափոխություն լինի, բայց եղավ: Հիմա կսովորեն ու կհավատան նաև քաղաքացու օրվան»,-ասել է Փաշինյանը:
Իսկ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը այսօր իր ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ ասել է, որ ինքը ամեն օր է քաղաքացի:
«Ես քաղաքացի եմ տարվա բոլոր 365 օրերին: Չորս տարին մեկ հանդիպող նահանջ տարվա փետրվարի 29-ին նույնպես: Չեմ ասում, որ 124 միլիոն դրամը կարելի էր շատ ավելի արդյունավետ ծախսել: Չնայած` կարելի էր: Եթե մարդիկ որոշել են, որ հենց այսօր իրենց հատկապես քաղաքացի են զգալու` թող խփեն բոլոր սալյուտները: Ուզում եմ հուսալ, որ վաղը, մյուս օրը և դրան հաջորդող մնացած բոլոր օրերին ևս իրենք իրենց ոչ միայն կզգան, այլև կլինեն քաղաքացի: Ինձ համար ամեն օր քաղաքացու օր է: Ուրախ օր բոլորին»,-գրել է Զոհրաբյանը:
Դավիթ Սանասարյանն էլ է տոնը նշել քաղաքացիների հետ: Բացի տոնի մասին խոսելուց, նա նաև իր դեմ հարուցված քրեական գործին է անդրադարձել լրագրողների հետ զրույցի ընթացքում: Այն հարցին, թե իր կարծիքով վարչապետը հավատու՞մ է իր անմեղությանը, Սանասարյանը պատասխանել է, որ ամենակարևորը իրեն հավատում է ժողովուրդը, և դա նա ամեն օր է զգում ու ավելի ուժեղանում:
Միջոցառումները դեռ շարունակվում են Հայաստանի ողջ տարածքում: