Անփորձ լինելը դրոշակ սարքելով կարծում եմ՝ որևէ արդյունքի չենք հասնի․ Անի Սամսոնյան
-Անի, հետաքրքիր է, ի՞նչ է նշանակում լինել ընդդիմադիր կին պատգամավոր խորհրդարանում։
-Ներկայիս խորհրդարանում բավականին բարդ է ընդհանրապես լինել ընդդիմադիր, որովհետև ներկա իշխանությունը բավականին սիրելի է հանրության համար, և ցանկացած քննադատություն հասարակության կողմից ընդունվում է սվիններով, լինի դա սուր քննադատություն, թե կառուցողական, որևէ տարբերակում չի դրվում։ Չպիտի քննադատել և վերջ։ Իսկ կնոջ դեպքում շատ են լինում սեռով պայմանավորված հարձակումները։ Երբ սոցիալական հարթակներում քննարկումներ են ծավալվում, և ինչ-որ տեղ տեսնում եմ իմ նյութը, սովորաբար կարդում եմ մեկնաբանությունները։ Հիմնական բողոքը ոչ միայն նրանից է, որ քննադատում ես իշխանությանը, այլ նրանից է, որ դու կին ես և պետք է նստես տեղդ, ի՞նչ իրավունք ունես քննադատելու։ Այսինքն բավական չէ քննադատում ես, մի հատ էլ կին ես։ Այս խնդիրը կա, և հաճախ եմ տեսնում նման մեկնաբանություններ։ Կարծում եմ, որ սա ժամանակավոր է։ Բայց սա ինձ որևէ կերպ չի կաշկանդում, ինձ վրա ազդեցություն չի թողնում, որովհետև ես հանգիստ եմ մոտենում քննադատություններին, կարդում եմ դրանք՝ հասկանալու, թե ինչ տրամադրություններ կան։ Հաշվի առնելով, որ դրանց մեծ մասը դեմոտիվացնող են, պետք է նշեմ, որ մոտիվացիան չեմ կորցնում թե որպես կին քաղաքական գործիչ, թե որպես ընդդիմադիր քաղաքական գործիչ։
-Որպես կին պատգամավոր նաև օրինակ եք ծառայում հանրության, աճող սերնդի համար։ Այս առումով պատասխանատվությունը զգո՞ւմ եք։
-Պատասխանատվության բեռը կա, դա զգում եմ ոչ միայն ներկայումս, այլ նաև զգում էի, երբ աշխատում էի որպես ավագանի։ Այս պարագայում ընդամենը մեծացել է պատասխանատվության բեռը և ընդլայնվել են որոշումների կայացման շրջանակները։
-Իսկ ինչպիսի՞ օրինակ եք ձգտում լինել։
-Ես ձգտում եմ լինել հետևողական, պատասխանատու, լավատես և ուժեղ պաշտոնյայի օրինակ, հատկապես կին պաշտոնյայի օրինակ։
-Մասնագիտությամբ լրագրող եք։ Ինչպե՞ս ստացվեց, ինչպե՞ս այդ պահը հասունացավ, որ որոշեցիք՝ պետք է լրագրությունը թողնեք և քաղաքականություն մտնեք։
-Դրանում կա ծառի գործոնը։ Երբ ես լրագրող էի աշխատում, գնացի նկարահանելու մի վայր, որտեղ հյուրանոց էին կառուցում և այդ հյուրանոցի դիմաց փորձում էին ծառ կտրել։ Ես նկարահանեցի, աղմուկ բարձրացավ և դա ինձ ստիպեց ավելի խորը մտորել իրերի նշանակության մասին։ Ես հասկացա, որ այդ պահին որպես լրագրող կարողացա փրկել այդ ծառը, բայց դա քիչ էր ինձ համար։ Այո, որպես լրագրող կարողանում ես լուսաբանել իրադարձությունները, ինչ-որ փոքր խնդիրներ տեղում կարողանում ես լուծել, բայց դու որոշում կայացնող չես։ Հասկացա, որ գլոբալ փոփոխությունների հասնելու համար պետք է լինես որոշում կայացնողը։ Իսկ որոշում կայացնելու ճանապարհը քաղաքականությունն է, այլ ճանապարհ չկա։ Եթե ուզում ես ազդել քո երկրում իրերի ու երևույթների վրա, պետք է զբաղվես քաղաքականությամբ և կայացնես որոշումներ։
-Իսկ օրենսդիր գործունեությամբ զբաղվելն ի սկզբանե սահմանվա՞ծ նպատակ էր, թե՞ պարզապես այսպես ստացվեց։
-Եթե ասեմ, որ ի սկզբանե պլանավորել էի, որ պիտի դառնամ պատգամավոր, մի փոքր սխալ կլինի։ Քաղաքականությունն աստիճանային զարգացում է պահանջում։ Երբ զբաղվում ես քաղաքականությամբ, անընդհատ փորձում ես աճել, ձեռք բերել ավելին, լայնացնել քո գործունեության շրջանակները։ Քանի որ «Լուսավոր Հայաստան» կուսակցությունն իրեն ընդդիմադիր հայտարարած ուժ էր և պետք է դառնար փոխզսպող և հավասարակշռող, իսկ այդ փոխզսպումների և հավասարակշռումների մեխանիզմները դրված են խորհրդարանում, բնականաբար մենք մասնակցեցինք ընտրություններին։ Ես նույնպես ուզեցի ներառվել, որովհետև ցանկություն կար ընդլայնելու աշխատանքները։
- Իրավաբան չլինելը պատգամավորի աշխատանքում որքանո՞վ է խոչընդոտում և որքանո՞վ է օգնում լրագրող լինելը։
-Լրագրող լինելն այնքանով է օգնում, որ դու շատ արագ և օպերատիվ կերպով կարողանում ես մշակել տեղեկատվությունը և օգտագործել, սա շատ կարևոր է։ Իսկ իրավաբան չլինելու առումով, թեկուզ և մասնագիտությամբ իրավաբան չեմ, բայց ես շատ եմ կարդում։ Ցանկացած խնդիր որ իմ առջև դրվում է, ես ինքնակրթվում եմ և փորձում եմ այդ խնդիրը լուծել։
-Իսկ Ձեր օրենսդիր գործունեությունն առաջիկա տարիներին ինչպիսի՞ն եք տեսնում։
-Ես ծրագրում եմ իմ աշխատանքի ռազմավարությունը առաջիկա չորս տարիների համար, բայց այժմ չեմ պատրաստվում հրապարակել։ Փորձում եմ ներառել պատգամավորի աշխատանքի բոլոր բաղադրիչները։ Բոլոր դեպքերում ուզում եմ, որ չորս տարի հետո, երբ կգա ժամանակը, երբ ինքս ինձ հաշվետվություն պետք է տամ, ես չնեղանամ ինքս ինձանից։
-Լավ օրենսդրի Ձեր բանաձևն ինչպիսի՞ն է։
-Ընդհանուր որևէ բանաձև որպես այդպիսին չեմ կարող շեշտել։ Բայց կարծում եմ, որ առաջին հերթին աշխատասիրությունն է և հաղորդակցման հմտությունը։ Այս երկու կարևոր բաղադրիչներն անպայման պետք է լինեն։ Եթե չլինես աշխատասեր, չես կարող հասնել արդյունքի, քանի որ պատգամավորի աշխատանքը բազմապրոֆիլ և բազմաբովանդակ է, գործադիրի աշխատանք չէ, որ հստակ պետք է կոնկրետ պարտականություններ կատարես։ Այստեղ տրված է լայն հնարավորություն, և հնարավոր է ավելի շատ կրեատիվություն ապահովել քո աշխատանքում։ Եվ երկրորդը, որ անընդհատ կապի մեջ լինես քաղաքացիների հետ, երբեք կապդ չկտրվի քաղաքացիներից, որովհետև եթե հաղորդակցման բաղադրիչը չի լինում, չես կարողանում արդյունավետ աշխատել, քանի որ չես գտնում տեղեկատվություն։ Պատգամավորի տեղեկատվության աղբյուրը ոչ միայն մեդիան է, այլ նաև քաղաքացին։
-ԱԺ գալուց մտքում օրենսդրական նախաձեռնություններ ունեցե՞լ եք, որոնք ցանկանում եք կյանքի կոչել։
-Երևանի ավագանիում աշխատելու ընթացքում հասկացա, որ կա բարեփոխման կարիք «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում և ընդհանրապես «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքում։ Այս պահին ես աշխատում եմ «Երևան քաղաքում տեղական ինքնակառավարման մասին» օրենքում փոփոխությունների ուղղությամբ, պատրաստում եմ նախագիծ։ Առաջիկայում կլինեն նաև շատ այլ նախագծեր։ Պլանը կա, պետք է միայն աշխատել։
-Իսկ ի՞նչ փոփոխությունների անհրաժեշտություն եք տեսնում նշված օրենքներում։
-Խնդիրն այն է, որ ավագանին որպես ինստիտուտ ստորադասված է քաղաքապետի աշխատակազմին։ Քաղաքապետն ունի լայն լիազորություններ։ Անհրաժեշտություն է առաջացել, որ մենք կարողանանք փոփոխություններ իրականացնել և որոշակի լիազորություններ տանք նաև խմբակցություններին։ Իհարկե, մենք նաև խոսում ենք, որ ավագանու ինստիտուտը պետք է դառնա պրոֆեսիոնալ, պետք է վարձատրվի և կա այսպիսի մոտեցում, որ ավագանին պետք է ընտրվի առանձին, քաղաքապետն առանձին։ Մենք այդ գլոբալ փոփոխություններին դեռ կհասնենք, իսկ այս պահին ես փորձելու եմ օրենքում որոշակի փոփոխություններ և լրացումներ առաջարկել, որը որոշակիորեն կընդլայնի ավագանու լիազորությունները քաղաքապետի հետ աշխատանքում։
-Երիտասարդ և անփորձ լինելը որքանո՞վ է խանգարում պատգամավորի աշխատանքում։
-Ինձ չի խանգարում, այլ միայն օգնում է։ Բոլորն ինչ-որ պահից մտնում են քաղաքականություն և ինչ-որ պահից սկսում են իրենց քայլերը։ Անփորձ լինելը դրոշակ սարքելով կարծում եմ՝ որևէ արդյունքի չենք հասնի։ Շատ նորմալ է։ Յուրաքանչյուր բան կյանքում դու անում ես առաջին անգամ, պետք է սկսես, որ հասնես ինչ-որ կետի։ Անփորձությունը հիմա մարդկանց մոտ ընկալվում է բացասաբար։ Բայց անփորձությունն այնքանով է լավ, որ դու ունես քո սեփական գաղափարները, գեներացնում ես ավելի կրեատիվ մտքեր և որևէ մեկի չորացած կամ որևէ մեկի կարծրացած փորձառության կարիքը չունես։ Իհարկե, պետք է սովորել, սովորելու շատ բան կա այն մարդկանցից, ովքեր որոշակի ճանապարհ են անցել, բայց կառչել անփորձությունից․․․ կարծում եմ պարապ զրույցներ են։
-Ձեզ որքանո՞վ եք կայացած քաղաքական գործիչ համարում։
-Դեռ չեմ համարում, որովհետև իսկապես շատ բան կա սովորելու։ Քաղաքականության մեջ անընդհատ պետք է սովորել, հասունանալ։ Ես չեմ կարծում, որ կարող եմ ինձ համարել կայացած քաղաքական գործիչ։ Քաղաքականության մեջ եմ 2015 թվականից, անցել է 4 տարի, և հստակ կարող եմ ասել, որ սրանք դեռ առաջին քայլերն են։
Կարևոր է, որպեսզի չմեծամտանաս, որպեսզի չլինի պահ, որ համարես՝ ամեն ինչ գիտես և ոչ մեկից ոչինչ չունես սովորելու։ Սրանք կդառնան քո գահավիժման գլխավոր պատճառները։ Իսկ դրա գայթակղությանը տրվելը շատ հեշտ է, պատկերացրեք։ Այդ իսկ պատճառով միշտ պետք է աշխատես քո վրա, սովորես, լսես ուրիշներին, ընդունես այն ելակետը, որ բոլորից և ամեն ինչից սովորելու ինչ-որ բան կա։
-Պատգամավոր դառնալուց հետո Ձեր կյանքում ի՞նչ է փոխվել։
-Ոչինչ, իմ կյանքում ոչինչ չի փոխվել, միայն ավելացել է աշխատանքը և մեծացել է պատասխանատվության բեռը։
-Պատրա՞ստ եք իրողությանը, որ այլևս հանրային անձ եք և Ձեր կյանքն ու գործունեությունն առավել թափանցիկ պետք է լինեն, կարող եք քննարկվել և քննադատվել։
-Միշտ պատրաստ եմ եղել։ Երևի թե այն նորեկ պաշտոնյաներից եմ, ով բավականին հանդուրժող է այդ քննադատությունների հանդեպ։ Եվ այո, որևէ կերպ չեմ փորձում թաքցնել իմ կյանքն աշխատանքից դուրս, եթե այդպիսին իհարկե կա։ Մարդիկ ճանաչում են ինձ այնպիսին, ինչպիսին կամ։ Պաշտոնյայի վարքն ընդօրիանելի է եղել և այդպիսին է հիմա։ Ուստի յուրաքանչյուր պաշտոնյա պետք է հետևի իր վարքագծին անկախ նրանից, թե որքանով է ազատ, լիբերալ կամ անմիջական։
-Կարելի՞ է եզրակացնել, որ պատգամավորի մանդատը Ձեզ ինչ որ հարցերում, օրինակ՝ դիրքորոշում արտահայտելիս կամ գործողություններ ձեռնարկելիս, կաշկանդելու է։
-Քաղաքական գործիչը քաղաքացիական ակտիվիստ այլևս չի կարող լինել և չի կարող մտածել այնպես, ինչպես ակտիվիստը։ Կան նմանություններ և տարբերություններ։ Երկուսն էլ փորձում են լուծել խնդիրներ, բայց քաղաքական գործիչն ունի պատասխանատվություն, քաղաքացիական ակտիվիստը չունի պատասխանատվություն։
Մենք չենք կարող գործել և խոսել ինչպես քաղաքացիական ակտիվիստը, այո, կան սահմանափակումներ և այդ սահմանափակումները տեղավորվում են միմիայն պատասխանատվության շրջանակներում։ Դու չես կարող ամեն տեղ ասել այն, ինչ ուզես։ Ներկայումս կան պաշտոնյաներ, որ դեռ մտածում են քաղակտիվիստի պես և ասում են ամեն ինչ ամեն տեղ և ինչպես ուզում են։ Ես կարծում եմ, որ դա սխալ է, հուսամ, որ ժամանակի ընթացքում նրանք կհասկանան։