Իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել այնպիսի դեպք, որ դատապարտյալը հացադուլի դիմած լինի քրեակատարողական հիմնարկի պայմանների պատճառով. Արտակ Զեյնալյան
Խոսելով քրեակատարողական հիմնարկներում հացադուլ հայտարարած կալանավորների մասին՝ նախարարն ասաց. «Այսօրվա դրությամբ ունենք 5 հացադուլավոր, ովքեր բողոքում են իրենց քրեական գործերի դեմ: Իմ պաշտոնավարման ընթացքում չի եղել այնպիսի դեպք, որ դատապարտյալը հացադուլի դիմած լինի քրեակատարողական հիմնարկի պայմանների պատճառով, բոլորը քրեական գործին են առնչվում»:
Զեյնալյանը անդրադառնալով Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի դեմ հարուցված քրեական գործին՝ ասաց, որ Դավիթ Սանասարյանն այսօր իր պաշտպանությունն է իրականացնում, և ինքն է որոշում՝ ինչպես այն իրականացնել:
«Ես չեմ կարող, իրավունք չունեմ իրավական գնահատական տալ, զերծ կմնամ նաև քաղաքական գնահատական տալուց: Սպասենք մինչև լինի դատական ակտ»,-հավելեց Զեյնալյանը:
Ըստ նախարարի՝ այսօր Հայաստանում քրեակատարողական հիմնարկների ծանրաբեռնվածության խնդիրը լուծված է:
«Մեր քրեակատարողական հիմնարկներում մահճակալների թիվը 5350 է, դատապարտյալների քանակը և կալանավորված անձանց քանակը՝ 2287, հետևաբար չի կարող լինել ծանրաբեռնվածություն, լուծված է այս խնդիրը Հայաստանում, և սրանից բխող արատավոր բոլոր երևույթները վերացված են», - ասաց Արտակ Զեյնալյանը։
Վերջում Արդարադատության նախարարը դժգոհեց այն հանգամանքից, որ այսօր լրատվամիջոցներին միայն սենսացիաներն ու սկանդալներն են հետաքրքրում, և հրավիրված ասուլիսի ընթացքում ոչ ոք հարց չուղղեց եռամսյակային հաշվետվության վերաբերյալ: