Հայերեն   English   Русский  

Կոտայքի մարզպետը խոսել է մարզի խնդիրների ու առաջիկա անելիքների մասին


  
դիտումներ: 526

Այսօր՝ ապրիլի 29-ին հրավիրված մամուլի ասուլիսում Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խոսեց մարզի 2019 թվականի ծրագրերի, խնդիրների, առաջիկա աշխատանքների մասին:

2019 թվականին նախատեսվում է Կոտայքի մարզում իրականացնել շուրջ 72 ծրագիր: Դրանց համար նախատեսված բյուջեն կազմում է մոտավորապես 4 միլիարդ դրամ։ Ըստ մարզպետի՝ միջոցները մեծ մասամբ ուղվելու են ենթակառուցվածքների զարգացմանը, ինչպես նաև համայնքներում նախակրթական հաստատությունների, մշակութային կենտրոնների վերակառուցմանն ու հիմնանորոգումներին։

«Շուրջ 5 մանկապարտեզներ և 3 մշակութային տներ կառուցվելու են զրոյից, ևս 7 մանկապարտեզներ և 5 մշակութային տներ հիմնանորոգվելու են։Բազմաթիվ բակային տարածքների, ներհամայնքային ճանապարհների հիմնանորոգման և ասֆալտապատման, ջրագծերի, կոյուղագծերի, ներքին ոռոգման ցանցերի նորոգման աշխատանքներ են իրականացվելու։ Աշխատանքներ են կատարվելու մարզի բոլոր 67 համայնքներում։ Համաֆինանսավորման հետ կապված որևէ խնդիր չի լինելու, համայնքների բյուջեն արդեն իսկ հաստատված է»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը։

Մարզի տնտեսական զարգացման հեռանկարների մասին խոսելիս՝ Ռոմանոս Պետրոսյանը նշեց, որ տնտեսական զարգացման հայեցակարգով 4 հիմնական ուղղություններ են նախանշված՝տուրիզմ, ինտենսիվայգեգործություն, ադամանդագործություն և այլընտրանքային էներգետիկա։

«Մարզում այսօր գործում է 96 հյուրանոցային ընկերություն և հանգստավայր, սակայն շարունակվում են կառուցվել նորերը: Ինտենսիվ այգեգործության լայն հնարավորություններ ունենք Եղվարդի և Նաիրիի տարածաշրջաններում։ Այս պահին 150 հեկտար ինտենսիվ այգեգործության երեք խոշոր բիզնես ներդրումային ծրագիր է քննարկվում։ Տեխնոլոգիական այգեգործության համար պետք է ասեմ, որ մարզի 4 համայնքներում՝ Կամարիս, Արամուս, Գեղաշեն, Ալափարս, ջերմոցային տնտեսություններ են հիմնվում։ Ադամանդագործությունը Նոր Հաճնի տարածաշրջանում և Աբովյան քաղաքում է մասնավորապես զարգանում։ Մեկ-երկու ամսից արդեն Աբովյանում 3000 քառակուսի մետր եռահարկ արտադրատարածք է գործարկվելու, ինչը հնարավորություն կտա նոր աշխատատեղեր բացել: Ինչ վերաբերում է վերականգնվող էներգետիկային, ապա արևային օրերի քանակը, մարզի աշխարհագրական դիրքը հնարավորություն են տալիս մարզում զարգացնել նաև տնտեսության այս ճյուղը»,-նշեց Պետրոսյանը:

Ըստ մարզպետի՝ մոտավոր հաշվարկներով ներդրումները և տնտեսոության զարգացումը այս տարի մարզում 1300-1500 նորաշխատատեղերի հնարավորություն կտան:

Արդրադառնալով Ծաղկաձորի ճոպանուղու շուրջ սկսված քննարկումներին և այսօր հարուցված քրեական գործին՝ Ռոմանոս Պետրոսյանը նշում է, որ իրենց կողմից բազմիցս նկատվել են խախտումներ և իրենք ահազանգել այդ մասին:

«Ես մտադիր եմ հենց վաղվանից իմ առաջարկությունների փաթեթը ամբողջացնել՝ հիմք ունենալով նաև այս հաղորդագրությունը և ներկայացնել Կառավարությանը: Ես առաջարկելու եմ, որ 2004 թվականի Կառավարության որոշումը վերանայվի և Օլիմպիական կոմիտեին ի տնօրինումն հանձնված Ծաղկաձորի ճոպանուղու տնօրինման հարցը կրկին դրվի քննարկման: Այն կարող է հանձնվել Տուրիզմի պետական կոմիտեին, համայնքին, կամ այլ գերատեսչության, բայց այս կարգավիճակով մնալ չի կարող»,-ասաց Ռոմանոս Պետրոսյանը:

Կոտայքի մարզում այս պահին 6 համայնքի գործող ու նախկին ղեկավարների դեմ քրեական գործեր կան հարուցված, այդ թվում՝ Աբովյան քաղաքի գործող քաղաքապետի, Պտղնիի գործող համայնքապետի, Հրազդանի, Նոր Գեղիի, Արզնիի նախկին համայնքապետերի դեմ: Դրանք հիմնականում իրացումների, չարաշահումների, հողային ֆոնդերի ոչ ճիշտ քաղաքականության արդյունքում հողազավթումների պատճառով են հարուցվել:

Կոտայքի նախկին մարզպետի օգնական Հերմինե Ադամյանի դեմ քաղաքացիական օրենսդրությամբ հարուցված գործերի մասին խոսելիս՝ Կոտայքի մազպետը նշեց, որ վերջինս ավելի քան 60 անգամ սոցիալական ցանցերում արատավորել է իր գործարար համբավն ու վիրավորել է պատիվը, ինչի համար էլ Ռոմանոս Պետրոսյանը զրպարտության և վիրավորանքի հայցերով դիմել է դատարան: Ինչ վերաբերում է իր և Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանի հարաբերություններին, Պետրոսյանը նշեց, որ դրանք զուտ գործընկերային են և այդպես կշարունակվեն մինչև քաղաքապետի պաշտոնավարման ավարտը:

Վերջերս անդրադարձել էինք Կոտայքի մարզի Արամուս համայնքում ստեղծված իրավիճակին: Դպրոցում դասադուլ անող աշակերտներն ու նրանց ծնողները ցանկանում էին տնօրենի պաշտոնում տեսնել իրենց համագյուղացուն, և պնդում էին, որ նորանշանակ տնօրենը, ով Աբովյան քաղաքից է, Ռոմանոս Պետրոսյանի ազգականն է: Մարզպետն այսօր միանշանակ ասաց, որ իր և տնօրեն նշանակված Նոնա Պողոսյանի մեջ որևէ ազգակցական կապ չկա:

«Տնօրեն նշանակված անձնավորությունը ունի մի շարք գիտական աշխատանքներ, մի քանի անգամ ճանաչվել է լավագույն ուսուցիչ, և դպրոցում ստեղծված իրավիճակը ընդամենը հին ու նոր արժեհամակարգերի բախում էր: Առանց որևէ պատճառի ցույց անող 50-60 հոգին պահանջում էին, որ իրենց համագյուղացին դառնա տնօրեն: Այսօր մարզի ոչ մի դպրոցում բարեկամ-ծանոթով նշանակումներ չեն արվում, ընտրվում են լավագույն մասնագետները»,-նշեց Պետրոսյանը:

Անդրադառնալով մարզի մի քանի դպրոցների անմխիթար վիճակին՝ մարզպետը նշեց, որ Կառավարության ծրագրում արդեն իսկ ընդգրկվել են Կամարիսի միջնակարգ դպրոցը, Աբովյանի և Հրազդանի մեկական դպրոցներ, որոնք հիմնանորոգվելու են պետբյուջեից հատկացվող գումարներով: Չնայած հիմա դեռ աշխատանքներ չեն տարվում այդ ուղղությամբ, սակայն, ըստ ծրագրի, այս դպրոցներում աշխատանքները նախատեսվում են 2019-2022 թվականների ընթացքում ավարտել:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: