Հայերեն   English   Русский  

Խոսք եմ տալիս ձեռքս կկտրեմ, եթե ինձ ներկայացնեն իմ կողմից կաշառք վերցնելու տեսանյութը. Դավիթ Սանասարյան


  
դիտումներ: 548

«Տեսանյութը, որ տարածվել է, ու դրա մասին գիտեն գրեթե բոլորը, իրականում գոյություն չունի:

Այն լրատվամիջոցը, որ կներկայացնի իմ կաշառք վերցնելու տեսանյութը, խոսք եմ տալիս իրենց խմբագրությունում ձեռքս կկտրեմ»,-այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ասաց ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած Դավիթ Սանասարյանը:

Ավելի քան մեկուկես ժամ տևած մամուլի ասուլիսում Սանասարյանը և նրա փաստաբանները խոսեցին առաջադրված մեղադրանքի մասին:

Ըստ Սանասարյանի՝ այն տեղեկությունները, որ գոյություն ունի տեսանյութ, որտեղ երևում է, որ ինքը կաշառք է վերցրել, հակահեղափոխական հիմք ունեցող ապատեղեկատվություն է. «Տեսնում են, որ կա ինձ վստահողների մի մեծ բանակ, ովքեր չեն հավատում, որ ես կարող եմ կապ ունենալ կոռուպցիոն դրսևորումների հետ, որոշների տարբեր մասերը մրմուռ է գալիս դրանից, բայց ոչինչ ես սովոր եմ նման իրավիճակների»:

ՊՎԾ պետի պաշտոնը զբաղեցրած (պաշտոնավարությունը ժամանակավորապես դադարեցվել է) Դավիթ Սանասարյանին ապրիլի 18-ին էր մեղադրանք առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով. այն է՝ պաշտոնեական լիազորությունները չարաշահելը: Սակայն թե´ Սանասարյանը, թե´ նրա պաշտպանները պնդում են, որ առաջադրված մեղադրանքը ոչ մի հիմք չունի:

«Գոնե ուրիշ բանի մեջ մեղադրեին ինձ ասեի հա, բայց կոռուպցիայի մե՞ջ: Ես ի սկզբանե ասել եմ, որ մեր նպատակը միայն եղել է գնումների մասին օրենքին պետական գնումները համապատասխանեցնելը: Պետական վերահսկողկան ծառայությունը խախտումներ է հայտնաբերել բժշկական սարքերի գնման գործընթացում, բարձրաձայնել ենք, որ գնումների մասին օրենքի մի շարք դրույթների խախտումներով է իրականացվել հեմոդիալեզի սարքերի գնման մրցույթը, որը հաստատեց նաև Գլխավոր դատախազությունը: Մենք ասում էինք, որ երկու անգամ թանկ գնով են վաճառվել սարքերը պետությանը, և եթե լինի մրցակցություն, բնականաբար այլ մասնակիցներ կմասնակցեն մրցույթին և պետությունը միայն կշահի: Սա դուր չեկավ սարքեր վաճառողներին, իրենց բնորոշմամբ ես ուզում էի իրենց բիզնեսը խլել: Բայց կարևորը մենաշնորհը գնալով վերանում է, և կապ չունի թե հարուցված գործը ինչ ընթացք կունենա»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Վերջինս նշում է, որ ոչ մի վայրկյան չի կասկածում, որ հարուցված գործը այլ ելք չի ունենա, քան մեղադրանքի կասեցումը:

«Դավիթ Սանասարյանը որևէ արարք չի կատարել, որի համար կարող են քրեական պատասխանատվության ենթարկել, սա շինծու մեղադրանք է նրա դեմ, և դա իրականացվել է ԱԱԾ դեպարտամենտի կողմից: Մենք այս ամբողջ ընթացքում նկատել ենք մի շարք խախտումներ: Երբ ամսի 17-ին ներկայացրինք քննիչին նյութեր, արձանագրություններ գործին առնչվող, որոնցից պարզ էր դառնում, որ մեղադրանք չպետք է ներկայացվի, վարույթն իրականացնող քննիչը ուղղակի նետեց մի կողմ մեր ներկայացրած փաստաթղթերը, և ասաց, որ եթե միջնորդություն ունենք, ապա կքննարկեն այն: Բայց մի քանի ժամ հետո, երբ օրը փոխվեց, ամսի 18-ին արդեն պարոն Սանասարյանին ներգրավեցին որպես մեղադրյալ: Երկու օր ժամանակ ունեին իրականացնելու քննչական գործողություներ, որից պարզ կդառնար, որ անհիմն է մեղադրանքը, բայց նախընտրեցին հապճեպ որոշում կայացնել»,-ասում է Սանասարյանի փաստաբան Ինեսսա Պետրոսյանը:

Չնայած Դավիթ Սանասարյանը պնդում է, որ իր և ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանի միջև որևէ խնդիր ու լարվածություն չկա, բայց նաև նշում է, որ իր անմեղության կանխավարկածը խախտվել է հենց ԱԱԾ պետի կողմից: Օրեր առաջ Արթուր Վանեցյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, որ Սանասարյանի գործով կան բոլոր հիմքերը մեղադրանք առաջադրելու և գործը դատարան հասցնելու համար:

«Ես կհորդորեի Արթուր Վանեցյանին անհիմն հայտարարություններ չանել, քանի որ դեռ պարզ չէ՝ գործը կհասնի՞ դատարան, թե ոչ: Վանեցյանը քննչական մարմնի վերադասը չի: Եվ առհասարակ, ես իրեն էլ կոչ կանեմ այս թեմայով ինքը չխոսի: Երկրորդ, մենք ունեցելենք աշխատանքային հարաբերություններ և որևէ խնդիր չի եղել: Բայց կոչը շատ հստակ է, որ չխառնվեն այն մարդիկ, ովքեր իրավասու չեն խառնվելու, որովհետև դա դիտարկվելու է որպես ճնշում հետագա իրավական գործընթացների վրա»,- ասաց Սանասարյանը:

Վերջինիս փաստաբաններն օրեր առաջ դիմել էին Գլխավոր դատախազին, որպեսզի գործի վարույթը ԱԱԾ-ից տեղափոխվի այլ քննչական մարմին: Չնայած այս դիմումին վերջիններս դեռ գրավոր պատասխան չեն ստացել, բայց արդեն մամուլում շրջանառվում է այն տեղեկությունը, որ դատախազը որևէ հիմնավոր պատճառ չի տեսել վարույթը տեղափոխելու համար:

«Ես սկսել եմ չհամագործակցել քննչական մարմինների հետ, քանի որ նրանց գործողություններում տեսել եմ կանխակալ վերաբերմունք: Դա է եղել նաև պատճառը, որ վարույթը տեղափոխելու հայց ենք ներկայացրել»,-ասաց Դավիթ Սանասարյանը:

Հետագա գործողությունների մասին փաստաբանները չցանկացան խոսել, քանի որ դեռ գրավոր պատասխան չեն ստացել Գլխավոր դատախազից:

Հիշեցնենք, որ Դավիթ Սանասարյանի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել չհեռանալու մասին ստորագրությունը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: