Հայերեն   English   Русский  

Հոգով հավերժ երիտասարդ Ժնև տատը


  
դիտումներ: 2667

Կոտայքի մարզի Կամարիս գյուղը, որ լեռների մեջ ծվարած փոքրիկ հովիտ է հիշեցնում,

իրականում կարող է զարմացնել ու հիացնել յուրաքանչյուրին ոչ միայն դարերի պատմություն ունեցող հուշակոթողներով, գեղեցիկ բնությամբ, հյուրընկալությամբ, այլ այդ ամենն իրենց մեջ ամփոփած քայլող թանգարաններով։ Այս քայլող թանգարանների գաղտնիքներն ու կյանքի հետաքրքիր դրվագները կարող են զարմացնել իրենց իսկ պատմություններով, կյանքում ապրելու ու արարելու սեփական բանաձևով:

Մեր հերոսը Ժնևա Դանիելյանն է, օրիորդական ազգանունը՝ Ղարիբյան։ Ժնև տատը (գյուղում մեծից փոքր նրան այդպես են դիմում) ծնվել և մեծացել է Կամարիսում։ Արմատներով խոյեցի այս փոքրամարմին, շարժուն կինը գրեթե բոլորել է 80-ի շեմը, բայց իր եռանդով ու աշխատասիրությամբ պատրաստ է մրցել ու նույնիսկ հաղթել ցանկացած երիտասարդի։ Այդ կենսախնդությունը երբեք չի լքել նրան, նույնիսկ կյանքի ամենադժվար պահերին, իսկ դրանք քիչ չեն եղել։ Առավոտյան արևից էլ շուտ արթնացող Ժնև տատը դեռ մանկուց ստիպված է եղել կռիվ տալ ապրելու համար։

«1941 թվի հունիսի 14-ին եմ ծնվել, դրանից 8 օր հետո հորս տարան պատերազմ։ 1946 թվին հերս էկավ, բայց պատերազմի ժամանակ գերի էր ընկել գերմանացիների մոտ, ու, դրա պատճառով, Սովետը 1949 թվին հորս 25 տարի դատեց»։

Ամեն անգամ չունեցած մանկության ու հոր մասին խոսելիս Ժնև տատի աչքերում կարոտ է հայտնվում, կնոջ փոքրիկ աչքերը թացանում են, բայց ուժեղ բնավորությունը կանգնեցնում է արցունքներին։ Կարոտին փոխարինում է անսահման սերը՝ մոր ու երկու տատիկների նկատմամբ, երբ սկսում է նրանց հիշել։

«Որ հորս բռնին արդեն երկու քույրս ու եղբայրս ծնվել էին։ Մամաս թութուն էր շարում, տատս հաց էր թխում ուրիշ գյուղում, որ մեզ պահեն»։

Ընտանիքում առաջնեկ լինելն է գուցե Ժնև տատին ստիպել 9 տարեկանում թողնել դպրոցն ու մանկական խաղերը և միանալ մորը։

«4-րդ դասարան էի, մամայիս բրիգադիրն ասեց թող գա, թութուն շարի, աշխօր կգրենք։ Ես էլ դուրս էկա դպրոցից, գնացի աշխատելու, որ աշխօր գրեն ցորեն ստանանք, յոլա էթանք։ Բայց փառք Աստծո, Ստալինի մահից հետո հորս 25 տարին դարձրին 7 ու 56 թվին պապաս ազատվեց»։

Կպատկերացնե՞ք այն աղջնակի երջանկությունը, ով երկար տարիներ սպասումից հետո վերջապես պիտի տեսնի հորը։ Դա պատկերացնելու համար հարկավոր է միայն նայել Ժնև տատի աչքերին։ Տարիներն անգամ չեն կարողացել մարել այն կրակն ու ուրախությունը, որ կար փոքրիկ աղջնակի աչքերում այն ժամանակ, երբ գյուղացիների շարքերը ճեղքելով, փորձում էր առաջինը հասնել ու գրկել հորը։

Երբ հարցրի, թե կյանքում ամենաերջանիկ օրը ո՞րն է եղել, պատասխանը միանշանակ էր. «Էն օրը, որ պապաս ազատվավ, էկավ տուն, ու ընտանիքս էլի միացավ»։

Հոր տուն վերադառնալուց հետո էլ Ժնև տատը չի դադարել աշխատել, աշխատել է անգամ ամուսնացած ժամանակ, երբ հղի է եղել։ Իսկ Ժնև տատի ամուսնության պատմությունը իր հետաքրքրությամբ հետ չի մնում նրա մնացած պատմություններից։

«Ես չէի ճանաչում Անուշավանին (ամուսնու անունն է), ու որ իմացա հերս որոշել է ամուսնացնել ինձ, միանգամից ասի՝ ես չեմ ուզում։ Էդ օրը, որ պիտի գային ինձ նշանելու, ինձ փակել էին սենյակում, որ ոչ մի տեղ չգնամ։ Իրիկունը էկան նշանեցին, ու ես էլ՝ էն ժամանակ 17 տարեկան մի աղջիկ, ձեն չհանեցի»։

Ժնև

Ժնև տատը տեսնում է զարմացած դեմքս ու ժպիտով շարունակում է. «Ամուսնությունից հետո ոչ մի վայրկյան չեմ փոշմանել: Ինքը ինձ շատ լավա պահել։ Ուրախ ապրում էինք։ Տարբեր երկրներ ենք գնացել: Գարբաչովի հետ էլ նկար ունեմ»,-հպարտությամբ ասում է տատը ու շարունակում,-«Ունեցանք 6 երեխա։ Ես երջանիկ էի իրա հետ, երբեք չեմ դժգոհել, բայց հիմա եմ ամեն օր դժգոհում, որ ինձ թողեց ու էսքան շուտ գնաց...»

Ժնև տատը լռում է, նրա փոքրիկ աչքերում մի քանի վայրկյան տխրություն է իջնում։ Արդեն 30 տարի է, ինչ մահացել է Անուշո պապին՝ կողակցի աչքերում թողնելով այդ տխրությունը:

Ժնև տատը մի պահ մտքերի մեջ է ընկնում. երևի ամուսնուն է հիշել, հարս եղած օրերը, այն օրերը, երբ գազ ու լույս չկար, օջախ էր վառում ու ամբողջ դեմքով սևանալով՝ մեծ ընտանիքի համար կերակուր պատրաստում ու դրանով յուրովի երջանկանում։

Կարծես ժամանակը ուղղակի անցել է Ժնև տատի կողքով։ Թեև դեմքին կնճիռներ կան ու մեջքն էլ մի փոքր ծալվել է, բայց եթե մտնես գյուղ ու հարցնես՝ ով է գյուղի ամենաժրաջան կինը, հաստատ կտան նաև Ժնև տատի անունը։ Առավոտ վաղ արթնացող տատը գիտի իր այգու ամեն մի թուփը, ծաղկի ամեն մի տերևը, գիտի, թե կենդանիներին երբ պետք է կեր ու ջուր տալ, որ «չբողոքեն»։

Ժնև

Ժնև տատի աճեցրած մրգերն ու բանջարեղենները մի ուրիշ՝ յուրահատուկ համ ունեն. չէ՞ որ յուրաքանչյուրի մեջ սեր ու հոգատարություն է դրված՝ սեր թոռների ու ընտանիքի հանդեպ, սեր կորցրած ամուսնու հանդեպ, որ մինչ այսօր, սրտի ամենախոր անկյունում պահած, դեռ փայփայում է Ժնև տատը: Այդ նույն տեղում պահում է նաև երազանքները: 4-րդ դասարնն ավարտած այս կնոջ ամենամեծ երազանքն է, որ թոռները լավ մարդ դառնան, երջանիկ ու խաղաղ կյանքով ապրեն:

Երբ Ժնև տատին հարցնում եմ՝ որն է երկարակեցության իր գաղտնիքը, տատը ժպտում է ու առանց մտածելու պատասխանում. «Մարդ մաքուր սիրտ պիտի ունենա, ասող-խոսող լինի ու ժպիտը միշտ երեսին: Պիտի աշխատասեր լինի մարդ, ինչքան աշխատի էնքան սիրուն ու թարմ կմնա»:

Ժնև տատին հրաժեշտ տալուց հետո էլ իմ մտքում նրա փորձություններով լի կյանքի պատմություններն էին, կարծես հոգումս դաջվել է այդ սիրառատ կնոջ կերպարը…





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: