Հայերեն   English   Русский  

​Վասն պատերազմի և խաղաղության. նորից ու նորովի


  
դիտումներ: 1349

Մի հոլովակ է այժմ պտտվում համացանցում՝ «Նամակներ հանուն խաղաղության» վերնագրով, որը չափազանց հակասական ու ցավոտ մտորումների սկիզբ է դնում:

Նախ մտածում ես՝ բայց ինչի՞ դեմ եմ ընդվզում, մարդիկ լավ բանի մասին են խոսում՝ խաղաղության: Իսկ երբ մի քանի անգամ հետուառաջ տալով՝ լսում ես, թե ինչ ուղերձներ են շաղ տալիս մեր ժպտադեմ ու հպարտ հայրենակից աղջնակները, ամոթի ու խղճահարության խառն զգացումներից ուղղակի կարկամում ես.

-Ես համոզված եմ՝ մենք կծաղկեցնենք մեր միջև կանգնած փշալարերը:

-Ոնց որ հայ ծնողները, էնպես էլ ադրբեջանցի ծնողները չեն ուզում, որ իրենց զավակները գնան բանակ և մահանան:

-Ապրիլյան քառօրյայից հետո ես հասկացա, որ այս ամենը տեղի է ունենում կառավարության պատճառով…

-Եթե ուզում ես լինել խաղաղ, դու պետք է հասկանաս, թե դիմացինդ ինչ է ցանկանում, պետք է փոխզիջումների գնաս և հետո գաս ընդհանուր եզրակացության:

-Եթե հիմիկվանից սկսենք այդ փոփոխությունները, այսինքն՝ վերանա այդ թշնամու հասկացությունը, այդ ատելությունը, որ բոլորիս մեջ տարածված է, ապա քսան տարուց բոլորս կզգանք այդ փոփոխությունները՝ մենք էլ, ադրբեջանցիներն էլ:

-Մենք պետք է նստենք սեղանի շուրջ, բայց չխոսենք փաստաթղթային մակարդակով, մենք պետք է հաշվի առնենք այդ ժողովրդի զգացմունքները…

Սրանց նամակները կարդալուց հետո, իհարկե, գույներն ավելի են խտանում (տե՛ս https://www.lettersforpeace.org/letters): Խաղաղության մասին նրանց ճամարտակությունները կարդալուց հետո այն տպավորությունն ես ստանում, որ գործ ունես ինչ-որ ուրիշ մոլորակից եկած էակների կամ զոմբիների հետ, որոնք ոչինչ չգիտեն հայ և ադրբեջանցի ժողովուրդների անցյալի ու ներկայի, նրանց միջև ծագած ու չհանգուցալուծվող հակամարտության մասին, նրանց միայն ասել են, որ այս ժողովուրդներն անտեղի պատերազմում են, և պետք է բացատրել, որ ավելի հաճելի է խաղաղ ապրել: Եվ վերջ: Ընդ որում, նամակ գրողները, այսինքն՝ խաղաղություն հայցողները, հայկական կողմից են, ադրբեջանական կողմից պատասխանում են նրանց նամակներին: Եվ ինչն է ուշագրավ, համաձայնելով, որ խաղաղությամբ կողք կողքի ապրելն ավելի լավ է, ադրբեջանցի երիտասարդները չեն մոռանում հիշեցնել «Խոջալուում գազանաբար սպանված մանուկների», «Ղարաբաղի օկուպացիայի», պատերազմի ժամանակ մահացած հազարավոր անմեղ ադրբեջանցիների մահվան, իրենց պատկերացրած արդարության մասին:

Իսկ ահա թե ինչ է գրում մեր հայ աղջիկը՝ Անաիսը. «Այն, ինչը բաժանում է մեզ, ֆիզիկական սահմաններ են, բայց հոգեբանական սահմանն է, որ ստեղծել է այս ֆիզիկական սահմանը։ Մենք բաժանված ենք պատերով, որ մեր մտքերում կառուցել են մեր կառավարություններն ու քաղաքական գործիչները, ուսուցիչներն ու հարևաններն ու բարեկամները։ Պատեր, որ կառուցված են պատմության և ինքնության շփոթեցնող, շինված տարբերակներից ու ընկալումներից։ …Տարօրինակ է մտածել, որ դու և ես, որ երբեք չենք հանդիպել, սովորեցվել ենք զգուշանալ միմյանցից։ Դու և ես, որ այսքան շատ ընդհանուր արժեքներ և ավանդույթներ ունենք։ Մենք, որ հյուրընկալության, հավատարմության, բարոյականության և եղբայրության նույն մշակույթն ունենք»: Այ, այսպես:

Անշուշտ, մեղադրել այս երիտասարդներին, կնշանակի հայտնվել այն նույն ծուղակում, որում հիմա նրանք են: Ակնհայտ է, որ երեխաները ուղղորդված են, նրանց հետ, մինչ այս գրառումները, մի լավ պարապել են: Հետևաբար հարկ է հասկանալ, թե սա ինչ ծրագիր է, ովքեր են այն իրականացնում և ինչ նպատակով: Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս և երբվանի՞ց է սկսվել այս ամենաթողությունը, որ աշխարհի ցանկացած կազմակերպություն այսինչ կամ այնինչ միջազգային կառույցի ֆինանսավորմամբ կարող է այսպես հուշիկ քայլերով մտնել Հայաստան և այսպես անաղմուկ, թավշյա ձևով թիկունքից հարվածել մեզ թշնամու հրազենից շատ ավելի վտանգավոր զենքով՝ փչացնել մեր երիտասարդությանը:

Կա՞ որևէ հաստատություն Հայաստանում, սկսած ԱԱԾ-ից, որ հետևում է, թե օտարերկրյա ինչ կազմակերպություններ են մտնում Հայաստան և ուսուցողական ինչ ծրագրեր են իրականացնում մեր հասարակությունում:

Եվ երկրորդ՝ մինչ այս ամենին լրջորեն անդրադառնալը հարկ է նաև հասկանալ, թե քամին որ կողմից է փչում, այսինքն՝ երբ, ինչու և ում կողմից է ներդրվել այս խաղաղության կեղծ օրակարգը:

Բոլորս էլ հիշում ենք, անշուշտ, տերպետրոսյանական «պատերազմ, թե խաղաղություն» բանաձևը, որը մերժվեց և նրա համար իշխանությունը կորցնելու գին ունեցավ: Թվում էր, թե այդ էջը մեկընդմիշտ փակված է մեզ համար, սակայն 2018-ի իշխանափոխությունից հետո այն կրկին երկրի վարչապետի կնոջ թավշյա շուրթերով ներխուժեց մեր առօրյան: Նա էր, որ սկսեց ջանասիրաբար խոսել խաղաղությունից, ընդ որում, սկսեց խոսել մեր երկրի կանանց, մանավանդ մայրերի անունից, թեպետ ոչ ոք նրան այդպիսի պատվիրան չէր տվել: Նախ ցուցադրաբար զենքից զարդեր սարքեց, հետո կոչ արեց զենքերը պահեստ ուղարկել, որպեսզի ժանգոտեն, հետո ազդարարեց, որ «Կանայք հանուն խաղաղության» համաշխարհային արշավ է սկսում: Միջազգային հանրության համակրանքը շահելու ի՜նչ փայլուն քայլ:

Ընդ որում, նրա խոսքը կառուցվում էր այն նույն տրամաբանությամբ, որով լվացել էին մեր վերոհիշյալ աղջնակների ուղեղները: Նախ՝ հավասարության նշան է դրվում հակամարտության երկու կողմերի միջև՝ սկսած որդեկորույս մայրերից մինչև քաղաքական գործիչները, շեշտը հավասարապես դրվում է Հայաստանի և Ադրբեջանի կառավարությունների վրա, որոնք հավասարապես մեղավոր են իրենց ժողովուրդներին այս պատերազմի մեջ ներքաշելու համար, վերջապես, երկու կողմից էլ երիտասարդներ են «զոհաբերվում» հանուն ոչնչի: Պատահականությո՞ւն է այս ամենը, և պատահականությո՞ւն է, որ միաժամանակ քաղաքական բանակցությունների օրակարգ ներխուժեց «բնակչությանը նախապատրաստել խաղաղությանը» բանաձևը, պատահականությո՞ւն է, որ նրա ամուսինն էլ, տասնյակ բարձր մակարդակով հանդիպումներից ու բանակցություններից հետո հանկարծ հայտարարեց, որ Հայաստանը ղարաբաղյան թնջուկի հանգուցալուծման հայեցակարգ չունի, ոչ ոք այն չի գրել ու իր ձեռքը չի տվել:

Այս ամենից հետո չես կարող չհակվել այն մտքին, որ մեր անվտանգության ամենամեծ գրավականը մեր երիտասարդության անկոտրում ոգին է: Դա ցույց տվեց ապրիլյան պատերազմը, և հիմա նպատակ է դրվել կոտրել այդ ողնաշարը, ընդ որում, բոլոր տեսանելի ու անտեսանելի միջոցներով, ընդ որում, մեր անտեղյակ թե անտարբեր հայացքի տակ:

Շատ կուզենայի, որ քաղաքագետների և մյուս մասնագետների ծանրակշիռ ու հիմնավոր խոսքով հերքվեր այս վարկածը: Եթե ոչ, ապա ժամանակն է, որ սթափվենք և որոշենք, թե ինչ պետք է անենք այս իրավիճակում:

Անահիտ Հարությունյան

Հ.Գ. «Նամակներ հանուն խաղաղության» ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ` «Խաղաղարարության ամրապնդում կարողությունների զարգացման և հանրային մասնակցության միջոցով» ծրագրի շրջանակներում, International Alert-ի, Հայաստանում Եվրասիա համագործակցություն հիմնադրամի (ԵՀՀ Հայաստան) միջոցով: Ծրագրի գործընկերների թվում են Impact Hub Yerevan կազմակերպությունը և Հայկական բարեգործական ընդհանուր միության (ՀԲԸՄ) հայաստանյան գրասենյակը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: