Հայերեն   English   Русский  

Պատուհանից դուրս նայեք ու կտեսնեք, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը. Վահան Համազասպյան


  
դիտումներ: 727

Տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մանուկյանը

և տեխնիկական գիտությունների դոկտոր, «Հայաստանի հելիոֆիկացիայի ծրագրի» հեղինակ Վահան Համազասպյանը արդեն մի քանի ամիս է պահանջում են պատասխանատվության ենթարկել ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին՝ իր կառավարման օրոք երկրին հասցրած վնասների, արդյունաբերության քայքայման, մի շարք հաստատություններ վաճառելու և այլ արարքների համար:

Իրենց դիմումը համացանցում տեղադրելուց հետո, նրանք փոխանցել են հանցագործության մասին հայտարարությունը նաև ՀՀ Ազգային Անվտանգության Ծառայության տնօրեն Արթուր Վանեցյանին: ԱԱԾ-ն դիմում-հայտարարությանը մարտի 14-ին է անդրադարձել, իսկ արդեն մարտի 18-ին այն դրվել է քննարկման։

«Մարտի 14-ին մենք արել էինք հայտարարություն հնարավոր հանցագործության մասին, որտեղ հիմնավոր կասկած էինք հարուցել, որ ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը հանդիսանում է մեր թշնամի երկրի գաղտնի ծառայությունների գործակալ: Այդ հայտարությունը և նրա հետ կապված մամուլի ասուլիսի տեսանյութերը տեղադրվել են սոց. ցանցերում: Մարտի 14-ից սկսյալ այդ տեսանյութերը ունեցել են մոտ 110,000 դիտորդ: Մեր գնահատականով նրանցից 90-95% համամիտ է մեր հետևություններին: Այնպես որ այսուհետև մենք հանդես ենք գալիս մոտ 100,000 հայի անունից»,-ասված է դիմումի սկզբում:

Էդուարդ Մանուկյանը և Վահան Համազասպյանը ապրիլին 10-ին ԱԱԾ-ի կողմից ստացել են պատասխան։ Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում վերջիններս նախ ներկայացրին ԱԱԾ-ից ստացված պատասխանը, ապա խոսեցին իրենց հետագա անելիքների մասին:

«Ազգային անվտանգության ծառայությունը մեզ պատասխանել է, որ չեն կարող դիմումին ընթացք տալ, քանի որ մենք չենք ներակայցրել փաստեր: Մենք հանցագործության մասին հաղորդում ենք ներկայացրել, մնացածը իրենք պետք է անեն: ԱԱԾ պետի օգնականը, եթե մեզ պատասխանում է, որ բավարար փաստեր չունենք, ապա թող պատուհանից դուրս նայի ու կտեսնի, թե ինչ է արել Լևոն Տեր-Պետրոսյանը, կտեսնի, որ Երևանում գոյություն ունեցող մի շարք պետական կարևոր հաստատություններ վաճառվել են, գործարաններ են փակվել, տնտեսության զարգացմանն են խոչընդոտել: Նրանք այս պատասխանով մեզ չեն մերժել, այլ 100.000 հայի, ովքեր նույնպես պահանջում են բանտարկել Լևոն Տեր-Պետրոսյանին»,-ասում է Վահան Համազասպյանը:

Էդուարդ Մանուկյանը նշում է, որ արդեն մի քանի անգամ Լևոն Տեր-Պետրոսյանին համատեղ ասուլիսի է հրավիրել, հորդորել է պատասխանել դիմումում ներառված հարցերին, բայց Տեր-Պետրոսյանի գրասենյակից ոչ մի պատասխան, արձագանք կամ հերքում մինչ օրս չի եղել:

«Երկար տարիներ է, որ պայքարում ենք հանցագործին բանտում տեսնելու համար, հիմա էլ չենք կոտրվելու ու շարունակելու ենք պայքարել, որ հանցագործները պատասխանատվության ենթարկվեն, որ վերականգնվի մեր երկրի տնտեսական հզորությունը: Դիմումը որոշ փոփոխություններով նորից ուղարկելու ենք ԱԱԾ ու սպասելու ենք հետագա զարգացումներին: Այս անգամ պահանջելու ենք նաև, որ անվտանգության ծառայությունը պարզի ու թվային տվյալներով մեզ ներկայացնի, թե նախկին ղեկավարների օրոք ազգային ինչ հարստություն ենք կորցրել»,-ասում է Էդուարդ Մանուկյանը:

Ըստ վերջինիս ներկայիս կառավարությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ պետք է տնտեսությունը վերականգնելու քայլեր ձեռնարկի, որպեսզի չկորցնի հանրության վստահությունը: Բանախոսները խոստացան մեկ ամիս անց նորից մամուլի ասուլիս հրավիրել և տեղեկացնել, թե ինչ ընթացքի մեջ է իրենց դիմումը:

Ամբողջական դիմումին կարող եք ծանոթանալ այստեղ՝ http://nt.am/am/news/267835/





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: