ԱԺ-ում ընթանում է Կառավարության հետ հարցուպատասխանը
Պատգամավորները հարցեր են ուղում վարչապետ Նիկոլ Փաշինյանին և տարբեր նախարարություններ ներկայացնող պաշտոնյաներին:
Արման Բաբաջանյանը հետաքրքրվեց, թե ինչ փաստաթղթերի մասին էր այսօր մամուլի ասուլիսի ընթացքում խոսում վարչապետը, որոնք ոչնչացվել են նախորդ իշխանությունների կողմից, և թե ինչու մինչ այսօր այդ մասին չէին բարձրաձայնել:
«Անցյալ տարի ամռանն ենք հայտնաբերել, որ նախորդ իշխանությունները հեռանալուց առաջ ԱԱԾ-ի կարևոր փաստաթղթեր են ոչնչացրել: Ծառայական քննություն է իրականացվել, որը որոշ շրջանում քողարկված է եղել, սակայն այժմ հասել ենք այնտեղ, որ կարող ենք հրապարակային դարձնել այդ ամենը: Կարծում եմ քրեական գործ կհարուցվի այս փաստով»,-հարցին պատասխանել է Փաշինյանը:
Էդմոն Մարուքյանն էլ կրկին անդրադառնալով այսօրվա վարչապետի ասուլիսին՝ հարցրեց, թե որ օրենքով է վերջինս ԱԱԾ տնօրենի հետ քննարկել Դավիթ Սանասարյանի գործի վարույթի տեղափոխման հարցը:
«ԱԱԾ տնօրենը եկել է Ձեզ մոտ, ասել է՝ Դավիթ Սանասարյանի գործը տանք ՀՔԾ-ին, սակայն դուք դեմ եք եղել: Ասուլիսի ժամանակ ասում եք, որ չեք ուզում սուպերվարչապետական երկիր ստեղծել, բայց հետո հակադարձում եք Ձեզ, քանի որ եթե ԱԱԾ պետը ձեր մոտ է եկել նման հարցով, նշանակում է սուպերվարչապետական երկիր ենք: Խնդրում եմ պատասխանել, թե որ օրենքով եք առաջնորդվել՝ նման հարց քննարկելու համար և խնդրում եմ գրոտեսք չանել հարցին պատասխանելիս»,-ասել է Մարուքյանը:
«ԱԱԾ-ն վարչապետին ենթակա մարմին է, ԱԱԾ պետը վարչապետին ենթակա պաշտոնյա է, և երբ որ հարցը ստացել է քաղաքական հնչեղություն, այլ ոչ իրավական, ես ասել եմ, որ մենք որպես քաղաքական մարմին պետք է կարողանանք կրել նաև այդպիսի քաղաքական հարվածներ և այդ պատասխանատվությունը վերցնել մեր վրա: Ես քրեական գործի վերաբերյալ ունեմ այնքան տեղեկատվություն, որքան ունի հանրությունը, և իմ տեղեկատվության աղբյուրը ԱԱԾ-ն չէ»,-պատասխանել է Փաշինյանը:
Կառավարության հետ հարցուպատասխանը դեռ շարունակվում է: