«Թավշյա հեղափոխության» 100 «նվաճումները», խորհրդարանի բակում քջուջ անող հավերն ու կառավարության երեսին նետված դատարկ դրամապանակները
Այս մի տարվա փորձը ավելի քան բավական էր գիտակցելու համար, որ եթե վարչապետն ուզենա, հարյուրի փոխարեն մի քանի հարյուր ձեռքբերում կթվարկի, քանի որ համոզվել ենք՝ չեղած բանը ճշմարտության տեղ, յուրաքանչյուր փաստ հօգուտ իրեն և ի վնաս հակառակորդներին շրջված մատուցելու հարցում նրա վարպետությունն անուրանալի է և չունի սահմաններ: Պարոն Փաշինյանը հարազատ մնաց իրեն և ինչպես անցած տարվա յուրաքանչյուր օր ցուցադրում էր, թե ինչպիսին չպետք է լինի երկրի կառավարությունը, հիմա էլ ներկայացրեց մի բացառիկ փաստաթուղթ, որը պատմության մեջ կմնա որպես օրինակ, թե ինչպիսին չպետք է լինի կառավարության ղեկավարի հաշվետվությունը:
Սակայն միայն դա չէր պատճառը, որ ընդդիմախոսների մեծ մասն առանձնապես չտրվեց այդ փաստաթուղթը քննարկելու գայթակղությանը: Շատ դժվար է առարկություններ անել և հակափաստարկներ բերել, երբ ներկայացվող փաստերի մի զգալի մասը ոչ միայն ճիշտ չէ կամ խեղաթյուրված է, այլև հեռու է տրամաբանությունից: Ի՞նչ ասես, օրինակ, երբ երկրի ղեկավարը ձեռքբերում է ներկայացնում ամուսնությունների թվի աճն ու ամուսնալուծությունների թվի նվազումը (դեռ մի կողմ թողնենք, որ այդ թվերն էլ ճիշտ չեն, նաև այն, որ «պատահականորեն» մոռանում է հանցագործությունների, ինքնասպանությունների, վթարների ու վրաերթների աճի մասին, որոնք հարյուրավոր կյանքեր են խլում և ուղղակիորեն կապվում են կառավարության աշխատանքի հետ), երբ իջնելով որևէ գերատեսչության վարչության կամ բաժնի վարիչի մակարդակի՝ տպված ՀԴՄ կտրոնների թվեր է ներկայացնում որպես «տնտեսական հեղափոխության» ցուցանիշ կամ մեր երկրի համար ամենակարևոր՝ անվտանգության ոլորտի խնդիրների քննարկումը հանգեցնում է բանակի զինվորների «մայկա-տռուսիկի» կամ ճաշացանկի ապահովման հարցերին՝ վայելքի անսպառ նյութ մատակարարելով ոխերիմ հարևանի ԶԼՄ-ներին:
Ե՛վ համբերատար լսելուց, և՛ մանրամասն կարդալուց հետո զուտ մի տպավորություն է մնում, որ պարոն վարչապետն իր կազմած երկարաշունչ փաստաթուղթը կարդալու, այդ 100 կետերը թվարկելու փոխարեն կարող էր ընդամենը մի բան գրել ու հայտարարել, որ «թավշյա հեղափոխության» և իր կառավարման շնորհիվ անցած տարվա ընթացքում արևը ծագել է ամեն առավոտ արևելքից և մայր է մտել ամեն երեկո արևմուտքում:
Այսու պարոն վարչապետը բոլորիս հստակ մի բան հասկացրեց. հարկ է վերջ տալ հին Հայաստան-նոր Հայաստան պարապ բանավեճերին, վաղուց արդեն գոյություն ունի երկու Հայաստան՝ իշխանությունների Հայաստանը, որտեղ ամեն ինչ հիանալի է՝ բարգավաճ ու լուսավոր, և մեր՝ քաղաքացիներիս Հայաստանը, որտեղ երբևէ արժանավայել կյանքով ապրելու հույսերն օր օրի ավելի ու ավելի են մարում, որտեղ ամեն օր քեզ ասում են՝ հիմա դու հպարտ ես, քաղաքացի ես, հանիր գլխիցդ աղքատությունը, գլխիդ ճարը տես, միաժամանակ ասում են՝ չփորձես մտածել կառավարության գործունեության մասին և հիացմունքից բացի, որևէ այլ կարծիք հայտնել. հանգիստ նստիր տեղդ, թե չէ ասֆալտին կփռենք ու պատերին կծեփենք: Սա է իրականությունը, որի հետ հաշտվելու համար, իհարկե, ամուր նյարդեր պետք է ունենաս: Մանավանդ, երբ այս ամենը մատուցվում է որպես ժողովրդավարության բացառիկ օրինակ, որից զարմացած է ողջ աշխարհը:
Սակայն հարկ է նշել, որ այս իրավիճակում ամենից ծանրը, իհարկե, մեր բնակչության այն մեկ երրորդի՝ դեկտեմբերյան ընտրություններում «Իմ քայլը» դաշինքին 70 տոկոս ձայներ տված մարդկանց վիճակն է, որոնք ոգեշնչված էին անցած տարվա այս օրերի իրադարձություններից և անկեղծորեն հավատում էին, որ արդեն վրա է հասել իսկապես ժողովրդավար, իսկապես ժողովրդի մասին մտածող իշխանություն ունենալու բաղձալի օրը:
Ի՞նչ մնաց նրանց: Մի տարի առաջ միամտորեն հավատացին, որ իրոք կախարդական փայտիկ գոյություն ունի՝ հակակոռուպցիա, հավատացին, որ եկած ազնիվ ու անկաշառ իշխանությունը կվերադարձնի նախկինների յուրացրած միլիոնավոր գումարները և իրենց կբաժանի: Հիմա արդեն բոլորը համոզվել են, որ այդ փայտիկը կախարդական էր միայն ներկայիս իշխանությունների համար: Պարզվեց, որ հակակոռուպցիա ասելով՝ այս իշխանությունները նկատի են ունեցել պաշտոնյաների եկամուտների անընդմեջ աճը աշխատավարձի բարձրացումներով ու պարգևավճարներով, որպեսզի այդ ազնիվ պաշտոնյաները կաշառքի ու կոռուպցիոն սխեմաների գայթակղությանը չտրվեն: Ստացվեց, որ նախկին իշխանությունների մեղքն այն էր, որ չէին հասկացել կամ չէին ցանկացել հասկանալ այդ պարզ միջոցը և չարամտորեն պաշտոնյաների աշխատավարձերը ցածր էին թողել, որպեսզի նրանք ստիպված ապօրինի միջոցների դիմեին:
Ինչ վերաբերում է բնակչության մյուս հատվածին՝ այն երկու երրորդին, որը մտահոգ էր, տեսնում էր, որ այն ինչ կատարվում է երկրում, ամենաիսկական արկածախնդրություն է, քանի որ իշխանությունը վստահվում է մի ուժի, որի միակ քաղաքական ռեսուրսը իր առաջնորդի ամբոխավարության շնորհիվ ձեռք բերած վստահությունն է, ապա սրանց համար կախարդական փայտիկը վերածվեց պատժիչ մահակի, որ արդեն սեփականության վերաբաշխման միջոց դառնալու հստակ միտումներ է ցույց տալիս:
Այնպես որ, ինչպես օրերս սրամտորեն ցույց տվեց երիտասարդական «Ահազանգ» շարժումը, մի տարի առաջ տեղի ունեցած «թավշյա հեղափոխությունից» մնացին Ազգային ժողովի մարգագետնում քջուջ անող հավերը՝ խորհրդանշելով հեղափոխության բարիքներին հավատացող այն միամիտ զանգվածին, և կառավարության դեմքին նետված դատարակ դրամապանակները՝ խորհրդանշելով բոլորիս՝ և՛ հեղափոխական էյֆորիայից դեռևս չձերբազատված միամիտների, և՛ «սև» կամ «հակահեղափոխական» պիտակը ստացած մտահոգների անմխիթար վիճակը:
Անահիտ Հարությունյան