Ռոբերտ Քոչարյանի գործով դատական նիստի ընթացքում միջադեպեր են տեղի ունեցել նրա աջակիցների մասնակցությամբ
Դեռ նիստից առաջ դատարանի բակում հավաքվել էին Քոչարյանի աջակիցները և պահանջում էին փոխել ՀՀ երկրորդ նախագահի խափանման միջոց կալանքը: Դատարանի բակում բացի Քոչարյանի աջակիցներից հավաքվել էին նաև մարդիկ, ովքեր հակառակն էին պնդում:
Նրանց թվում էր ակտիվիստ Վարդգես Գասպարին: Քոչարյանի աջակիցների և վերջինիս միջև տեղի ունեցավ վեճ, որի ընթացքում ցուցարարները խլեցին Գասպարիի պաստառը և ջրի շշով հարվածեցին նրան: Գասպարին միջադեպից հետո պնդում էր, որ ոստիկանները անգործության են մատնված, իսկ Ռոբերտ Քոչարյանի աջակիցները պնդում էին, որ Գասպարին դատարան է եկել սադրելու և վեճը հրահրելու համար:
Սա միակ միջադեպը չէր: Այս պահին էլ դատարանի բակում հավաքված տերբեր կողմեր ներկայացնողները անընդհատ քաշքշուկների մեջ են: Քոչարյանի կողմնակիցները պնդում են, որ թույլ չեն տա, որ որևէ մեկը խախտի անմեղության վարկածը և Ռոբերտ Քոչարյանին մարդասպան ներկայացնի:
Այս պահին վերսկսվել է դատական նիստը: Հիշեցնենք, որ Քոչարյանի պաշտպանները ինքնաբացարկի միջնորդություն են ներկայացնում նիստը նախագահող դատավորին: