Դատարանը թույլ տվեց լրագրողներին Քոչարյանի գործով դատական նիստը լուսաբանել հենց նիստի դահլիճից
Լրագրողները նախորդ օրը միջնորդություն էին ներկայացրել դատարան, որպեսզի իրենց թույլ տան հենց նիստերի դահլիճից լուսաբանեն դատական նիստը, քանի որ տեխնիկական խնդիրների պատճառով նախորդ նիստերին լսվում էր միայն դատավորի ձայնը: Այսօր դատարանը ընդունեց միջնորդությունը և լրագրողներին թույլ տվեց մտնել նիստերի դահլիճ:
Դատարանի բակում չնայած շարունակվում են բողոքի ակցիաները, սակայն իրավիճակը դեռ հանդարտ է: Քոչարյանի աջակիցները և նրա դեմ պայքարողները առավոտյան պայմանավորվեցին միմյանց հասցեին հայհոյանքներ և վիրավորանքներ չհնչեցնել:
Հիշեցնենք, որ այսօր նախատեսվում է, որ դատարան կներկայանան Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ու երկրորդ նախագահ Արկադի Ղուկասյանը, որպեսզի հաստատեն դատարանին ուղղված իրենց անձնական միջնորդությունը՝ Քոչարյանի խափանման միջոցը փոխելու կապակցությամբ: