Հայերեն   English   Русский  

Հայաստանում շարունակվում են պահպանվել սովետական դատախազության մոտեցումները. Քոչարյանի պաշտպանների մամուլի ասուլիսը. տեսանյութ


  
դիտումներ: 1451

Մայիսի 13-ին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Ավան և Նոր Նորք վարչական շրջանների նստավայրում մեկնարկել էր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատական առաջին դռնբաց նիստը: Քննվում էր խափանման միջոց կալանքը փոխելու հարցը:

Երեկ՝ մայիսի 16-ին, չնայած Քոչարյանի պաշտպանները գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթից հետո հայտարարեցին, որ իրենք ևս ասելիք ունեն, սակայն նիստը նախագահող դատավոր Դավիթ Գրիգորյանն ասաց, որ չորս օրվա ընթացքում նրանք բազմաթիվ հայտարարություններ են արել, բավական ժամանակ են ունեցել դրա համար, այդ պատճառով դատարանը հեռանում է խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու:

Այսօր՝ մայիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում Ռոբերտ Քոչարյանի պաշտպաններ Արամ Օրբելյանը և Հովհաննես Խուդոյանը խոսեցին 4-օր տևած դատավարության մասին: Նրանք շարունակում են պնդել, որ խափանման միջոցը ընտրված է ապօրինի ձևով:

«Դատավարությունը այս 4 օրերին հիմնականում հարթ է ընթացել: Դժվար է ասել եղե՞լ է դատավորի վրա ճնշում, թե՞ ոչ: Մի շարք բացթողումներ այնուամենայնիվ եղել են: Ամենամեծ բացթողումը, որին մենք ականատես եղանք երեկ երեկոյան այն էր, որ փաստացիորեն մեղադրական կողմը մեկ անգամով ավել է հանդես եկավ ելույթով: Քանի որ երեկ մեզ թույլ չտվեցին նիստի վերջում հակափաստարկենր ներկայացնել, այդ պատճառով այսօր կներկայացնենք լրագրողների հետ հանդիպման ժամանակ: Մնացած առումով կարծում եմ դատավարությունը թափանցիկ և նոռմալ է անցել: Որոշակի լարված պահեր կային, բայց դա ցանկացած դատավարության ժամանակ էլ լինում է, մանավանդ երբ 4 օր անընդմեջ է ընթացել դատավարությունը»,-ասաց Քոչարյանի պաշտպաններից Արամ Օրբելյանը:

Ըստ նրա՝ Հայաստանում շարունակվում են պահպանվել սովետական դատախազության մոտեցումները:

«Մեր երկրում դեռ մտածում են, որ բոլորին պետք է ձերբակալել, կալանքի տակ պահել, քանի որ բոլորը պոտենցիալ հանցագործներ են: Հենց որ հանցագործությունը ծանր է կամ ոչ ստանդարտ միանգամից կալանավորում են, Սովետական դատախազության տիպիկ օրինակ է, որ Գլխավոր դատախազը դատարան է գալիս նիստի առաջին ու վերջին օրերին: Մենք կողմ ենք, որ նիստին ներկա լինի գլխավոր դատախազը և ինքը վարի այդ գործը, բայց այնուամենայնիվ օգուտ չի բերում նրա նման այցելությունները: Երբ մենք ասում ենք, որ անձին չի պարզաբանվել, չի ներկայացվել իրեն ուղղված բողոքի էությունը, սա ոչ թե ինչ-որ ձևական բան է, այլ փաստ, որ մեղադրանքի չպարզաբանելը ազդում է անձի պաշտպանվելու իրավունքի վրա: Հանրությունը չգիտի, թե ինչում են մեղադրում Ռոբերտ Քոչարյանին, եթե դուրս գաք և հարցնեք, տարբեր պատասխաններ կստանաք»,-նշեց Օրբելյանը:

Նա նաև նկատում է, որ Ռոբերտ Քոչարյանի մեղադրյալի կարգավիճակ չունենալու փաստին այդպես էլ մեղադրական կողմից ոչ մի անդրադարձ չի արվել:

«Մեղադրական կողմը հայտարարում է, որ մենք ներկայացնում ենք ամբողջական գործից որոշ մասեր և դրանց վերաբերյալ ենք խոսում: Իրականում այդ պնդումը համապատասխանում է իրականությանը, բայց մենք առանձնացնում ենք այնպիսի հատվածներ ու փաստեր, որոնք վերաբերում են մեր պաշտպանյալին: Երբ հնարավորություն լինի ծանոթանալ մեղադրական եզրակացությանը, ապա կտեսնեք, որ այնտեղ 30 էջից միայն 2 պարբերությունն է, որ նկարագրում է մեր պաշտպանյալի գործողությունները: Մենք էլ այդ պատճառով հստակ հարցեր ենք առաջադրել՝ նշեք գործողություններ, որոնք վերագրվում են մեր պաշտպանյալին և հիմնավորեք դրանք: Այս դատաքննության ընթացքում կրկին այդ հարցերին պատասխաններ չտրվեցին»,-ասում է Քոչարյանի մյուս պաշտպան Հովհաննես Խուդոյանը:

Փաստաբանները պնդում են, որ արդարացված չէ մեղադրող կողմի այն փաստարկները, որ Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվելուց հետո կարող է խոչընդոտել գործի քննությանը: Ըստ նրանց, եթե Քոչարյանը նման մտադրություն ունենար, ապա կաներ 4 ամիսների ընթացքում, երբ գտնվում էր ազատության մեջ, կամ ինքնակամ չէր դիմի դատարան: Փաստաբանները նաև նշում են, որ եթե իրենց պահանջը դատարանը չբավարարի, պետք է գոնե ընդունի Արցախի Հանրապետության նախագահների անձնական միջնորդությունը և այդ կերպ փոխի խափանման միջոցը:

Երեկ դատարանում Քոչարյանն ու պաշտպանները ներկայացրին ու խոսեցին մի շարք կարևոր տեսանյութերի մասին, որոնք առնչվում են մարտի 1-ի գործին: Այսօր մամուլի ասուլիսի ընթացքում պաշտպանները ներկայացրին այդ տեսանյութերը և ասացին, որ դրանք պետք է փորձաքննության ենթարկվեն, որպեսզի հստակեցվի՝ ովքեր են բախումներ հրահրողները, կրակողները, պայթուցիկներ օգտագործողները: Իսկ այն հարցին, թե ուր են կորել այն տեսանյութերը, որոնց մասին երեկ նիստի ընթացքում խոսում էր Քոչարյանը, վերջինիս փաստաբաններն ասացին, որ իրենք հստակ չեն կարող ասել, դրանք ոչնչացվե՞լ են, թե՞ ուղղակի չեն կցվել գործին:

Փաստաբանները դատավորի վաղվա հայտարարությունից մեկ ակնկալիք ունեն, որ ի վերջո ազատ կարձակվի Քոչարյանը:

Հիշեցնենք, որ դատավոր Դավիթ Գրիգորյանը հայտարարել էր, որ դատարանի որոշումը կհրապարակվի վաղը՝ մայիսի 18-ին:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: