Հայերեն   English   Русский  

5-րդ ալիքի սեփականատիրոջը մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով


  
դիտումներ: 541

Երեկ՝ մայիսի 17-ին երեկոյան 5-րդ ալիքի սեփականատեր Արմեն Թավադյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այն է՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ:

Այս մասին լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է Թավադյանի փաստաբան Նարեկ Ալոյանը:

«Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնի քննիչի կողմից է մեղադրանք է առաջադրվել Արմեն Թավադյանին՝ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով, այսինքն՝ խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկայի գործադրմամբ: Տվյալ դեպքում, վարույթը իրականացնող մարմինը, որպես զենք օգտագործվող առարկա է գնահատել ջրի շիշը: Բացի այդ, քննիչի կողմից որոշում է կայացվել խափանման միջոց կալանավորումը Արմեն Թավադյանի նկատմամբ կիրառելու վերաբերյալ միջնորդություն ներկայացնել դատարան: Քննությունը կլինի կամ այսօր ուշ գիշերը կամ վաղը»,–-ասել է Նարեկ Ալոյանը:

Արմեն Թավադյանն էլ նշել է, որ հրաժարվել է ցուցմունք տալուց, քանի որ իրեն անհասկանալի է մեղադրանքը:

«Մեղադրանք է առաջադրվել, որը մեզ համար անհասկանալի է, այդ պատճառով ես հրաժարվել եմ ցուցմունք տալ: Ոնց հասկացա ինձ մեղադրում են նրա մեջ, որ ես տվյալ օրը գտնվել եմ դատարանի շենքում, իմ համար դա շատ անհասկանալի է, քանի որ ինձ թվում է ես ազատ քաղաքացի եմ ու ցանկացած վայրում իրավունք ունեմ գտնվելու: Փորձում էին ճնշումներ գործադրել, որ ես ցուցմունք տամ, բայց ես որց կարող եմ ցուցմունք տալ, եթե ես չեմ հասկանում, թե ինչում են ինձ մեղադրում»,-ասել է Թավադյանը:

Ըստ փաստաբան Նարեկ Ալոյանի՝ սա քաղաքական հետապնդում է. «Նման համոզմունքի համար հիմք ենք հանդիսանում մի շարք հանգամանքներ: Առաջին, կհիշեք, որ ամիսներ առաջ Ռոբերտ Քոչարյանը քննչական մարմին հրավիրվեց վկայի կարգավիճակով, և վկայի կարգավիճակում գտնվելով՝ քննչական մարմնում նրան անմիջապես մեղադրանք առաջադրվեց: Եվ ահա ամիսներ անց, վկայի կարգավիճակով Արմեն Թավադյանը հրավիրվում է քննչական բաժին, և որպես վկա նրա հետ որևէ գործողություն չի կատարվում, անմիջապես առաջադրվում է մեղադրանք։ Արմեն Թավադյանը անձ է, ով բացահայտ կերպով աջակցում է Ռոբերտ Քոչարյանին, և քննչական մարմնի կողմից նույն գործելաոճով անձին՝ վկայի կարգավիճակով հրավիրելը և անմիջապես մեղադրանք առաջադրելը, հատկապես Ռոբերտ Քոչարյանի դատավարության այս փուլում, մեր ընկալմամբ՝ խոսում է քաղաքական հետապնդման մասին»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Քոչարյանի գործով ընդհանուր իրավասության դատարանում դռնբաց նիստի առաջին իսկ օրը դատարանի բակում Քոչարյանի աջակիցները ջրի շշով հարվածել էին ակտինիստ Վարդգես Գասպարիին, ինչի հետևանքով վերջինիս աչքը վնասվել էր: Դեպքի առթիվ ոստիկանությունում քննություն էր սկսվել: Երեկ Գասպարին ցուցմունք էր տվել և իրեն տուժող ճանաչել, ավելի ուշ Թավադյանը հրավիրվել է Երևան քաղաքի քննչական վարչություն վկայի կարգավիճակով:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: