Հանրապետության մի շարք դատարանների առջև բողոքի ակցիաներ են
«Առավոտյան ժամը 08.30-ից արգելափակում ենք հանրապետության՝ առանց բացառության բոլոր դատարանների ելքերն ու մուտքերը, այնպես, որ ոչ ոք ներս չմտնի:
Ժամը 12.00-ին իմ ելույթը հեռարձակվում է ուղիղ եթերում»:
Վարչապետի կոչից հետո այսօր առավոտից մի խումբ մարդիկ հավաքվել են դատարանների առաջ և թույլ չեն տալիս, որ դատարանների աշխատակիցները ներս մտնեն:
Բողոքի ակցիա է իրակացվում նաև Սահմանադրական դատարանի մոտ: Հավաքված ցուցարարներին միացավ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը: Լրագրողների հետ ունեցած կարճ զրույցի ընթացքում նա նշեց, որ պետությունը գտնվում է անցումային արդարադատության փուլում, և դրա համար քայլեր են ձեռնարկվում:
«Իրազեկ քաղաքացիների միավորում» հասարակական կազմակերպության նախագահ Դանիել Իոնիսյանն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ Քոչարյանի խափանման միջոցի փոփոխումը լցրեց մարդկանց համբերության բաժակը և այսօր բողոքի ակցիաները արվում են հանուն արդարադատության համակարգի ազատականացման:
Նիկոլ Փաշինյանի կոչն ու այսօրվա բողոքի ակցիաները միանշանակ չեն ընդունվել: ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը, ԱԺ մյուս խմբակցությունները, Բարձրագույն դատական խորհուրդը և մի շարք այլ պետական մարմիններ ու քաղաքական գործիչներ կոչ են արել Փաշինյանին վերահսկել իրավիճակը և չեղարկել նախօրեի հայտարարությունը: