Եկել է ժամանակը դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու համար. Փաշինյանի տեսաուղերձը
«Եկել է ժամանակը քննարկելու համար իմ կարծիքով անհետաձգելի մի խնդիր: Վերջին մեկ տարվա ընթացքում Հայաստանում տեղի են ունեցել բոլորիդ հայտնի քաղաքական փոփոխություններ, որոնց արդյունքում երկրում հաստատված է ժողովրդի վստահությունը վայելող ու լեգիտիմ Կառավարություն, լեգիտիմ Ազգային ժողով: Վերջին մեկ տարվա իրադարձությունները, սակայն, ցույց են տալիս, որ ինչպես երկրում չի եղել, այնպես էլ այսօր չկա ժողովրդի վստահությունը վայելող դատական իշխանություն»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:
Վերջինս ուղերձում նշեց, որ չի ցանկանում դատողություններ անել դատական համակարգի կողմից վերջին շրջանում կայացրած որոշումների վերաբերյալ, քանի որ դա իր լիազորությունների մեջ չի մտնում:
«Անկախ ամեն ինչից ակնհայտ է, որ դատական համակարգի որոշումները անվստահելի են հանրության համար: Հայաստանի Հանրապետության ժողովուրդը դատական իշխանությունը ընկալում է որպես նախկին կոռումպացված համակարգի մնացուկ, որտեղ անընդհատ դավադրություններ են նախագծվում և իրագործվում ժողովրդի դեմ: Եթե դատական համակարգը չունի ժողովրդի վստահությունը, նշանակում է չունի գործելու բավական լեգիտիմություն, ինչը այսօր սպառնալիք է մեր երկրի կայունությանն ու անվտանգությանը: Վարչապետ ընտրվելու առաջին իսկ օրվանից պարտավորվել եմ որևէ միջամտություն չունենալ դատական իշխանության գործերին, ինչը անձնվիրաբար կատարել եմ, բայց մյուս կողմից չեմ կարող երաշխավորել, որ դատական իշխանությունը չի ենթարկվում ստվերային և ապօրինի ազդեցությունների, հիմնականում նախկին կոռուպցիոն համակարգի կողմից»:
Փաշինյանը նշեց, որ եկել է ժամանակը դատական համակարգում վիրահատական միջամտություն իրականացնելու համար: Դա անելու համար մի քանի բան է պետք.
«Առաջին՝ Հայաստանում գործող բոլոր դատավորների մասին, առանց բացառության, մարդիկ պետք է իմանան ամեն ինչ՝ նրանց քաղաքական կապերը, ֆինանսական կարգավիճակը, ծագումնաբանությունը: Երկրորդ՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի որոշումներով հաստատված քաղաքացիների իրավունքները ոտնահարած բոլոր դատավորները պետք է հրաժարական տան կամ հեռացվեն պաշտոնից: Երրորդ՝ Բոլոր այն դատավորները, որ իրենց ներսում գիտեն, որ չեն կարող լինել անաչառ, պետք է հրաժարական տան»:
Վարչապետը նաև նշեց, որ Ազգային ժողովում պետք է մշակվեն օրենսդրական փոփոխություններ, որոնք կբերեն դաշտի ազատականացման: Դիմելով դատարանների առաջ բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիներին՝ Փաշինյանն ասաց, որ ավելի ուշ ֆեյսբուքյան ուղիղ եթերով կդիմի նաև նրանց: