Անցումային արդարադատությանը պետք է հասնել հանգիստ ճանապարհով ու առանց քաղաքական շահերի. Ավետիք Իշխանյան
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը, Հելսինկյան կոմիտեի նախագահ, իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը, փաստաբան Սեդա Սաֆարյանը անդրադարձել են ոչ միայն անցումային արդարադատության հարցին, այլև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գործով դատավարությանը, Նիկոլ Փաշինյանի երեկվա հայտարարությանն ու այսօր սկսված բողոքի ակցիաներին:
Փաստաբան Սեդա Սաֆարյանը կարծում է, որ դատական իշխանությունը ազատ և արդար չի գործում:
«Փաշինյանը կարելի է ասել մի փոքր ուշացել է, քանի որ դատական համակարգի անկախացման հարցը ի սկզբանե պետք է լուծվեր հեղափոխությունից հետո: Կուզեի, որ մեր դատարաններն այնքան արդար լինեին, որ ժողովուրդը նստեր իր տանն ու սպասեր արդար դատավարության»,-ասաց Սաֆարյանը:
Ըստ նրա՝ այն դատավորները, որոնք քննել են մարտի 1-ի գործը, պետք է հրաժարական տային նոր իշխանությունների օրոք, քանի որ նրանք նախկին կարգերի ժամանակ գուցե արտոնություններ են ունեցել կամ ճնշումների են ենթարկվել, հետևաբար կաշկանդված կաշխատեն այժմ:
«Այն որ Հայաստանում դատական համակարգը չի եղել առանձին իշխանության ճյուղ, այլ եղել է գործադիր մարմնի կողմից ուղորդված, դրա մասին խոսք լինել չի կարող, և որ պետք է դատաիրավական համակարգում բարեփոխումներ իրականացնել, դրա մասին երկու կարծիք լինել չի կարող: Բայց դատաիրավական բարեփոխումները պետք է սկսվեն Սահմանադրությունից, և անկախ դատական համակարգ ստեղծելը պետք է լիներ իշխանության կարգախոսներից մեկը: Ինձ դուր չի գալիս և վախեցնում է այս ատելության մթնոլորտը: Այս ամենը պետք է արվի հանգիստ ու առանց քաղաքական շահերի»,-ասաց Ավետիք Իշխանյանը:
Արթուր Սաքունցն էլ նշեց, որ այս ընթացքում որևէ քննարկում չի եղել դատաիրավական համակարգի առողջացման մասով, մինչդեռ բազմաթիվ առիթներ են եղել դրա համար:
«Թե հեղափոխությունից առաջ, թե հետո քաղաքացիական հասարակությունը բազմիցս խոսել է դատական համակարգի բոլոր այն խնդիրներից՝ անցումային արդարադատություն, վեթինգ, արմատական փոփոխություններ և այլն, որոնց մասին միայն վերջերս են խոսում, սակայն նմանատիպ ակցիայի վայրը խորհրդարանը պետք է լիներ: Ներկա դատական համակարգը պետք է փրկել անվստահությունից, և փրկողը կլինի Ազգային ժողովը»,-ասաց Սաքունցը:
Բանախոսները նշեցին, որ պատրաստ են մասնակցել մայիսի 24-ին ԱԺ-ում սկսվող հանրային քննարկումներին՝ անցումային արդարադատության թեմայով և աջակցել օրենսդիր մարմնին դաշտը կարգավորելու հարցում:
Հիշեցնենք, որ երեկ Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել այսօր առավոտյան, ժամը 8.30–ից փակել բոլոր դարանների մուտքերն ու ելքերը՝ հանուն արդար ու անկողմնակալ դատական համակարգի։ Կոչից հետո այսօր վաղ առավոտից մի խումբ քաղաքացիներ բողոքի ակցիաներ էին սկսել հանրապետության տարբեր դատարանների առաջ: Նրանք թույլ չէին տալիս, որ դատարանների աշխատակիցները մտնեն դատարաններ: Վարչապետի ֆեյսբուքյան ուղիղ եթերից հետո, ժամը 13:30-ին ցուցարարները բացեցին բոլոր դատարանների մուտքերն ու ելքերը: