Հայերեն   English   Русский  

Մայիսի վերջին տարածաշրջան կգան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները. Աննա Նաղդալյանի ճեպազրույցը


  
դիտումներ: 408

Այսօր Արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը լրագրողների հետ ունեցած ճեպազրույցում տեղեկացրեց, որ

այս ամսվա վերջին նախատեսվում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների այց տարածաշրջան, որի ընթացքում հնարավոր է քննարկվի նաև Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման հարցը:

Այնուհետև հաջորդ ամիս՝ հունիսի 27-28 Երևանում անցկացվելու է հայ-վրացական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 10-րդ նիստը, իսկ հունիսի 28-ին Դիլիջանում անցկացնելու է հայ-վրացական գործարարների համաժողով:

Նաղդալյանը նշեց, որ օրեր առաջ Զոհրաբ Մնացականյանը Եվրոպայի խորհրդի նախարարական կոմիտեի նիստում ունեցած ելույթում ներկայացրել է Հայաստանի արտաքին քաղաքականության մոտեցումները 5 դրույթներով, որոնցից առաջինում ընգծել է, որ հակամարտության գոտիներում դպրոցներ, հիվանդանոցներ կառուցելը, երեխաներ ունենալը միջազգային իրավունքների խախտում չէ, և մարդու իրավունքները, արժանապատվությունն ու դրանց պաշտպանությունը չպետք է ընտրովի մոտեցում ունենան:

«Գորշ գոտիները անընդունելի երևույթ են և դրանք որևէ դրսևորում չպետք է ունենան»,-նշել է Աննա Նաղդալյանը:

Վերջինս տեղեկացրեց նաև, որ այսօր՝ ժամեր անց նախարարը մեկնելու է Բիշքեք մասնակցելու ՀԱՊԿ արտգործնախարարների խորհրդի նիստին, որտեղ քննարկվելու են խորհրդի օրակարգին վերաբերող հարցեր:

Մայիսի 25-26-ին տեղի է ունենալու Չինաստանի արտգործնախարարի այցը Հայաստան: Այցի շրջանակներում նախատեսված են երկու միջազգային պայմանագրերի և մեկ միջազգային պայմանագիր չհանդիսացող փաստաթղթի ստորագրում:

Իսկ ինչ վերաբերում է այս շաբաթ Ադրբեջանում սկսված զորավարժություններին, Նաղդալյանը ասաց, որ ինչպես նախկինում, այս անգամ ևս իրենք բարձրաձայնել են, որ Ադրբեջանի կողմից նախապես առանց զգուշացնելու լայնամասշտաբ զորավարժությունների անցկացումը ԵԱՀԿ հանձնառության խախտում է, և այն չի նպաստում տարածաշրջանում խաղաղության հաստատմանը:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: