Նախկին Օմբուդսմենը ծովահրեշի դեմ մարտի
Վահան Իշխանյան, Ֆբ գրառում
Բայց ինչպե՞ս են նախկինները տիրել, չէ՞ որ երկրում իրավիճակ է փոխվել։ Նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը Հանրային հեռուստատեսության եթերում ասում է՝ փողով։ Բայց չէ՞ որ կառավարությունը նույնքան գործիք ու հնարավորություն ունի դատական համակարգում կոռուպցիայի դեմ պայքարելու համար, որքան մյուս ոլորտներում, որևէ խոչընդոտ չունի կաշառքի համար կալանավորելու ինչպես բանակի սպային այնպես էլ որևէ դատավորի։ Պետք է որ նախկին իշխանությունները չկարողանային փողով դատական իշխանությունը իրենց ենթարկեցնել, ավելին, այս իրավիճակում կզգուշանային, քանի որ Փաշինյանին էլ մի էդպիսի առիթ է պետք, որ նրանց հանցավոր կերպարը մերկացնի, ԱԱԾ֊ն ի դեմս Արթուր Վանեցյանի հավանաբար այնպես բարեխղճորեն է հետևոււմ դատավորներին, որ նրա ուշադրությունից ոչ մի կոպեկ կաշառք չի վրիպի, կաշառք վերցնողը կբռնվի տեղում։ Ուրեմն, փողը չի կարող աշխատել։
Իսկ գուցե ա՞յլ ձև են ազդում։ Անդրեասյանը ենթադրում է, որ Փաշինյանի այն խոսքը, թե ԱԱԾ֊ից պապկաներ են անհետացել, դատավորների նկատմամբ կոմպրոմատներն են եղել։ Այսինքն, Սերժ Սարգսյանը հրաժարականի գիշերը ԱԱԾ֊ից հանել է տվել դատավորների վրա կոմպրոմատները, և հիմա աշխատացնում է, որ իր ուզած դատական վճիռները ստանա։
Արդյո՞ք Անդրեասյանը կարծում է, թե կոմպրոմատ են աշխատեցրել այն 2 դատավորների դեմ, ովքեր ազատել են կալանքից Ռոբերտ Քոչարյանին, քանի որ մինչև հիմա Փաշինյանի սրտով չեն միայն նրանց դատավճիռները, որոնց երկուսի դեմ էլ նա, իր վարչապետի ծանր տեղը թեթևացնելով, ցույցեր է արել: Մեկը անցյալ տարի օգոստոսի 17֊ին, այն բանից հետո, երբ վերաքննիչ դատարանի դատավոր Ազարյանը ազատեց կալանքից Քոչարյանին, Հանրապետության հրապարակում վարչապետը հայտարարեց՝ կա՞ հանրապետությունում մի դատավոր, որ իմ ասածը չկատարի։ Եվ մյուսը, երբ պարզվեց կա այդպիսի ևս մի դատավոր. երբ մայիսի 18֊ին առաջին ատյանի դատավոր Դավիթ Գրիգորյանը Քոչարյանի խափանման միջոցը փոխեց, հերիք չի գործը կասեցրեց և ուղարկեց ՍԴ։ Թեև Կարեն Անդրեասյանը ասում է, թե դատարանների շրջափակումը ոչ մի կոնկրետ դատական վճռի դեմ չէր ուղղված, սակայն նույնիսկ ԵԽԽՎ֊ն է հաղորդում որ Քոչարյանին ազատելու պատճառով է վարչապետը հաջորդ օրը կոչ արել շրջափակել դատարանները։ Իսկ երբ արդեն մայիսի 20֊ին շրջափակել էին, վարչապետը հայտարարեց դատական համակրագում զտումների մասին։
Անդրեասյանը ասում է, որ ոչ բոլոր դատավորներն են մաֆիայի անդամ, որ կան 60 դատավորներ, որոնք սրբեր են։
Իսկ գուցե Քոչարյանին ազատած դատավորները, կամ նրանցից մեկը կամ մյուսը պատկանում են 60 սրբերի դասի՞ն: Եթե կոռումպացվածների անունները չի տալիս՝ հարգելով անմեղության կանխավարկածը, պետք է Անդրեասյանին հորդորել այն 60 սրբերի անունները տալ, որ հաջորդ շրջափակմանը շրջանցեն նրանց գրասենյակները, ու նաև դատական ամբողջ համակարգը անվանելով ծովահրեշ, հանրությունը անարդարորեն սրբերին էլ հրեշների տեղ կդնի։ Թե՞ կարող է սխալվել, և հանկարծ իր սրբերի ցուցակի դատավորներից մեկը էլի մի վճիռ ընդունի, որի պատճառով Փաշինյանը կոչ անի ներխուժել դատավորների տներ։
Եթե նախորդ համակարգը ծովահրեշ էր, ուրեմն, նրա շոշափուկները, բնականաբար, մյուս հիմնարկներում էլ են գործում։ Արդյո՞ք Սերժ Սարգսյանը հեռանալիս այնպես է շտապել, որ հասցրել է միայն դատավորների պապկաները թևի տակ դնել, իսկ նախաքննության մարմինների, հարկայինի, բանակի, առողջապահության, սոցիալական ապահովության, տրանսպորտի, մարզպետարանների, շինարարության, պետական գնումների և այլնի պապկաները մնացել են տեղում, և հիմա դրանք Նիկոլ Փաշինյանն է աշխատեցնում, որի շնորհիվ դատախազություն, ԱԱԾ, ոստրիկանություն այդպես նվիրված իրեն ծառայում են։ Չէ, Փաշինյանը երկրի 61- րդ սուրբն է։
Իսկ եթե դատախազ Արթուր Դավթյանը, կամ ԱԱԾ֊ի սպա Արթուր Վանեցյանը, և բազմաթիվ այլ պաշտոնյաներ, որոնք նախկին իշխանությունների հետ կապ են ունեցել, իրականում Ծովահրեշի շոշափուկնե՞ր են, և Փաշինյանին նվիրումով ծառայելով դեր են խաղում, որ հարմար պահի դավադրությո՞ւն անեն, իսկ ահա, դատավորները այնքան անտաղանդ դերասաններ են, որ վեղարի տակ չեն կարողանում թաքցնել ծովահրեշի շոշափուկները։
Անդրեասյանը պաշտպանում է զտման գաղափարը, որ նրանց, ովքեր կապեր են ունեցել նախկին իշխանությունների հետ, հեռացնեն աշխատանքից։ Բայց ծովահրեշին չես վերացնի միայն շոշափուկը աշխատանքից հեռացնելով, նրա շոշափուկները ամենուր են, Անդրեասյանը ասում է, թե այն իրավապշատպաններն ու լրագրողները ովքեր «վայնասուն» են բարձարցրել դատարանների շրջափակման ու զտումների դեմ կամ միամիտ են, կամ էլ ծովահրեշի շոշափուկներն են։ Իսկ վարչապետի սրտի փաստաբանը դարձավ՝ ասելով, թե մինչև ծովահրեշին չվերացնես տնտեսական հեղափոխությունն անհնար է լինելու։ Բայց ինչպե՞ս վերացնես, նա օրինակ է բերում իտալական «Ծովահրեշ» սերիալը, որտեղ ծովահրեշի շոշափուկներին ինչքան էլ ոչնչացնեն, միևնույն է, այլ տեղից դուրս են գալիս։ Ուրեմն, Ծովահրշեին ոչնչացնելու համար գոնե անհրաժեշտ կլիներ գնդակահարություններ, բայց քանի որ դա մի քիչ դժվար է միջազգային պարտավորություների պատճառով, ապա գոնե պետք է բանտերը լցնել նաև բոլոր նրանց, ովքեր, ծպտուն հանելով դատական համակարգի ճշնշումների դեմ, կմատնեն ծովահրեշի հետ իրենց կապը, նաև նրանց ովքեր ազգակցական, բարեկամական, ընկերական կամ միայն ծանոթության մակարդակով կապ են ունեցել նախկին ռեժիմի հետ, քանի որ ծովահրեշի շոշափուկ կլինեն։
Բայց հանկարծ, ինչպես սովետական վաղ տարիներին, երբ ռեպրեսիա անողներին էին վերջում բռնում, գուցե ռեպրեսիան հասնի նաև Կարեն Անդրեասյանի՞ն, չէ՞ որ Սերժ Սարգսյանը նրան նկատել է ոչ թե նախագահականի պատուհանից կուրծքը բաց ծովահրեշի դեմ ցույց անելիս, այլ նա իշխանության հետ ունեցած ինչ որ կապերի շնորհիվ է ընտրվել Օմբուդսմեն։