Շարունակվում է ԱԺ քառօրյան. Ազգային ժողովի դիմաց բողոքի ակցիա է
Նիստի սկզբում պատգամավորները քվեարկությամբ հաստատեցին արդեն իսկ քննարկված օրենքների նախագծերը: Ընդունվեցին՝
Կառավարության ներկայացրած ՀՀ քրեակատարողական օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին օրենքների նախագծերի փաթեթը,
Կառավարության կողմից ներկայացված Պետություն-մասնավոր գործընկերության մասին և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը,
Քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը՝ առաջին ընթերցմամբ, «Վիճակախաղերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը,
««Լիցենզավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը,
Ազգային ժողովը այսօր երկրորդ ընթերցմամբ ընդունեց նաև «Պետական տուրքի մասին» օրենքում լրացում կատարելու մասին օրինագիծը երկրորդ ընթերցմամբ: Դեմ քվեարկեցին միայն Բարգավաճ Հայաստանը խմբակցության պատգամավորները:
Մինչ քվեարկությանն անցնելը Իմ քայլը խմբակցությունը 20 րոպե ընդմիջում խնդրեց հենց նիստի սկզբում: Ընդմիջումից հետո պատգամավոր Բաբկեն Թունյանն ասաց, որ ԱԺ-ի դիմաց շինարարական ընկերությունների աշխատակիցները բողոքի ակցիա են սկսել և իրենք նիստից առաջ ցանկանում էին հանդիպել նրանց հետ:
«Իրենց բողոքի առարկան պետական տուրքի մասին օրենքն է: Բողքի ակցիա իրականացնողները պնդում են, որ մենք նախագիծը ընդունելու ենք օրենքի խախտմամբ ու իրավունք չունենք 6 ամսից շուտ ուժի մեջ մտցնել: Ուզում եմ ասել, որ իրավական առումով մենք ամեն ինչ ճիշտ ենք անում և 20 րոպե նիստը ընդմիջեցինք, որ այդ մարդկանց հետ զրուցենք հետո մտնենք քվեարկության: Ցավոք քանի որ իրենք ուշացան, մենք քվեարկությանը կմասնակցենք, հետո կհանդիպենք այդ մարդկանց ու կբացատրենք, թե ինչը ոնց ենք անում»,-ասաց Թունյանը:
Այս պահին Աժ-ի դիմաց շարունակվում է բողոքի ակցիան: Հիշեցնենք, որ այսօր ԱԺ-ի կողմից երկրորդ ընթերցմամբ ընդունած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին օրինագիծը նախատեսում է տուրք սահմանել միայն ներկրվող ցեմենտի վրա, մինչդեռ Հայաստանում գործող խոշոր ցեմենտ արտադրող գործարանի աշխատակիցները պահանջում էին տուրք սահմանել նաև ներկրվող կլինկերի վրա:
Նշենք, որ ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, ով նաև Արարատցեմենտ ՓԲԸ-ի սեփականատերն է, լրագրողների հետ զրույցի ընթացքում ասել էր, որ եթե Իմ քայլը խմբակցությունը կողմ քվեարկի օրենքի նախագծին, հետագա ողջ պատասխանատվությունը կմնա հենց այդ խմբակցության վրա: