Գագիկ Ծառուկյանը զգուշացրել է իր կուսակցության պատգամավորներին զերծ մնալ Ռոբերտ Քոչարյանի գործով անձնական կարծիք հայտնելուց
Այսօր լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Վարդան Ղուկասյանի նմանօրինակ հայտարարությանը՝ Գագիկ Ծառուկյանն ասել է, որ նա ամբողջ խմբակցության տեսակետը չի հայտնել:
«Ես այսօր նիստ եմ հրավիրել, որի ժամանակ բոլորին զգուշացվել է, որ որևէ մեկը անհատական կարծիք ասելու իրավունք չունի: Խմբակցությունը պետք է քննարկի, և ինչ որոշում լինի, դա էլ պետք է հայտարարվի»,-ասել է Գագիկ Ծառուկյանը:
ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանն էլ մեկ անգամ ևս նշել է, որ Ղուկասյանի արտահայտած տեսակետը խմբակցությունը չի կիսում:
«Դա եղել է Վարդան Ղուկասյանի անձնական կարծիքը, և ես չեմ կարող ասել, թե նա ինչու է նման բան ասել: Բարգավաճ Հայաստանի տեսակետը այն է, որ քաղաքական պրոցեսները չպետք է խառնվեն իրավական գործընթացներին»,-ասել է Զոհրաբյանը:
Հիշեցնենք, որ լրագրողների հետ զրույցում Վարդան Ղուկասյանը ասել էր, որ կողմ է Ռոբերտ Քոչարյանի ազատ արձակմանը: