ԱԺ-ի քառօրյան արդեն հինգերորդ օրն է շարունակվում
Օրակարգում 41 հարց կար և արդեն 5-րդ օրն է խորհրդարանը չի կարողանում սպառել դրանք: ԱԺ օրակարգում է «2018 թվականի ընթացքում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գործունեության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության վիճակի մասին» տարեկան հաղորդումը և «Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանի՝ որպես կանխարգելման ազգային մեխանիզմի 2018 թվականի գործունեության վերաբերյալ» տարեկան զեկույցը:
Հիշեցնենք, որ այս նիստի առաջին օրը ԱԺ-ն արդեն 4-րդ անգամ չհաստատեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի կողմից առաջադրված Սահմանադրական դատարանի դատավորի պաշտոնում Արթուր Վաղարշյանի թեկնածությունը: Դրանից հետո նախագահ Արմեն Սարգսյանը առաջադրեց 5-րդ թեկնածուին՝ փաստաբան Վահե Գրիգորյանին: Նիստի նախորդ օրերին ԱԺ-ն հաստատել է մի շարք օրենքների նախագծեր՝ այդ թվում 2008 թվականի մարտի 1-ից 2-ը Երևան քաղաքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց աջակցության մասին օրինագիծը, Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություն և լրացում անելու մասին օրինագիծը:
Նախօրդ նիստերում ԱԺ-ն քննարկել է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ հանձնաժողովների անդամների ընտրության հարցը: Մեսրոպ Մեսրոպյանը, Սեդա Շահինյանը, Սերգեյ Աղինյանը, Կամո Սարգսյանն ընտրվել են ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամներ, իսկ Հայկ Կարապետյանը, Վահե Չիբուխչյանը, Արեն Դանիելյանը, Տիգրան Մարկոսյանն ընտրվել են ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամներ:
Այս պահին Ազգային ժողովը շարունակում է քննարկել ՀՀ Կենտրոնական բանկի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: