Հայերեն   English   Русский  

Մեզ դիմավորեցին ԱԱԾ-ի զինված ուժերը, կարծես ազգի դավաճաններ լինեինք. առևտրականները շարունակում են մնալ անորոշ վիճակում


  
դիտումներ: 488

Մայիսի 18-ին մի խումբ առևտրականներ Թուրքիայից երեք տարբեր տուրիստական ընկերություններով հասել էին Բագրատաշենի մաքսակետ և այստեղ լուրջ խնդրի էին առնչվել:

Առևտրականները պնդում էին, որ չնայած իրենց բեռի մաքսազերծումն արվել է և իրենք էլ ունեն համապատասխան փասատաթղթեր, սակայն օրեր շարունակ ԱԱԾ–ի Սահմանապահ զորքերի աշխատակիցները ավտոմատներով զինված հսկում են բեռները և հրաժարվում վերադարձնել՝ պնդելով, որ այն պետք է բռնագանձեն:

Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում առևտրականները ներկայացրին, թե ի վերջո ինչ զարգացումներ ունեցավ այդ դեպքը: Նրանք նշում են, որ արդեն անցել է 15 օր, սակայն իրենց բեռը շարունակում է մնալ մաքսատանը և, իրենք էլ հստակ չգիտեն, թե իրենց գործը քննության որ փուլում է գտնվում:

«Բեռներն արդեն 15 օր է գտնվում են անցակետում: Մենք 15 օր է սպասում ենք լուծման: Մաքսակետում մեզ դիմավորեցին ԱԱԾ-ի զինված ուժերը, կարծես ազգի դավաճաններ լինեինք: Մենք չենք ասում, որ մեր ոտքերն ամպոտ են: Կա այստեղ նաև մեր սխալը և մենք այն ընդունել ենք, բայց կան նաև շատ բաներ, որոնք չեն համապատասխանում իրականությանը, օրինակ այն, որ ինչ-որ թվեր են ուղղակի բարձրաձայնվում: Մենք մինչև այս րոպեն չգիտենք՝ մեր գործով ովքեր են զբաղվում, ընդհանրապես գործ կա, թե չկա, մեզ ոչ մի տեղից տեղեկատվություն չեն տալիս»,-ասում է Քրիստինե Մանուկյանը:

Ըստ առևտրականների իրենց փաստաբանները դիմել են տարբեր իրավական մարմիններ, սակայն հստակ չէ, թե գործը որ մարմնում է գտնվում: Առևտրականներն ընդունում են այն, որ իրենք փորձել են խորամանկությունների դիմել և բեռի մի մասն առանց մաքսազերծելու անցկացնել, սակայն նշում են, որ պատրաստ են դրա համար պատասխանատվություն կրել:

«Մենք մեր սեփական բեռը մի մեքենայից տեղափոխել ենք մի այլ մեքենա, որը մաքսազերծված է եղել: Որոշակի քանակություն կար, որ մենք փորձել ենք առանց մաքսազերծելու դուրս բերել անցակետից: Հետո այդ մասին խոստովանել ենք և ասել, որ պատրաստ ենք փոխհատուցել մեր կատարած արարքների համար, միայն թե մեզ ասեն, թե ինչ է սպասվում, մենք դուրս գանք այս անորոշ վիճակից»:

Ըստ առևտրականների՝ մաքսատան աշխատակիցները իրար հակասող տեղեկատվություններ են տվել իրենց:

«Մեզ առաջին օրն ասացին, որ մեզ 9 հազար եվրո տուգանք են տալու, մենք համաձայնեցինք դրան, ասացինք՝ միայն բեռները թողեք տանենք: 4 ժամ հետո մոտեցան ասացին, որ թիվը փոխվել է 14 հազար եվրո է: Դրանից հետո էլ ասացին, որ պետք է գործ հարուցվի ու առգրավեցին ողջ բեռը և ավտոբուսը»:

Այստեղ էլ առևտրականները մեկ այլ խնդրի են առնչվել: Ավտոբուսը պատկանում է Վրաստանի քաղաքացու, և հիմա սեփականատերը պահանջում է վերադարձնել ավտոբուսը և ամեն շաբաթվա համար 2500 դոլար գումար վճարել:

«Արդեն 2 շաբաթ է ավտոբուսը գտնվում է մաքսատանը: Մենք 5000 դոլար գումար պետք է վճարենք ավտոբուսի տիրոջը: Բացի այդ նա զանգում և ահաբեկում է մեզ, պահանջում է վերադարձնել ավտոբուսը և ասում, որ եթե Վրաստանի տարածքով անցնենք, մեզ դեռ ցույց են տալու որը որից հետո է: Մենք մեծ գումարներ ենք կորցրել: Եթե դնենք, հաշվենք, աննկարագրելի չափերի կհասնի: Մենք ապրանք էինք բերում, որ վերջին զանգի օրերին վաճառեինք, սակայն արդյունքում շատ ընտանիքներ հայտնվեցին ծանր պայմաններում»:

Առևտրականները նշում են, որ բռնագրավված բեռը պատկանում է ավելի քան 41 անձի:

Վերջիններս նաև նշում են, որ դեպքից հետո արդեն մի քանի անգամ բեռներ են տեղափոխել նույն Բագրատաշենի անցակետով և ոչ մի խնդրի չեն առնչվել:

«Մենք ոչինչ չենք ուզում բարադցնել: Միայն մեզ հստակ թող ասեն, թե ինչ է մեզ սպասվում և հետ տան մեր բեռը»,-ասում են առևտրականները:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: