Հայերեն   English   Русский  

2018 թվականին 5.2 տոկոս տնտեսական աճ ենք ունեցել, մինչդեռ նախորդ կառավարությունը 4.5 տոկոսի կանխատեսում էր արել. Նիկոլ Փաշինյան


  
դիտումներ: 896

Ազգային ժողովում մշտական հանձնաժողովները քննարկում են ՀՀ 2018 թ. պետական բյուջեի կատարողականը:

Նիստին ներկա վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր ելույթում ասաց, որ սա առաջին անգամն է, որ իրենք քննարկում են բյուջեի կատարողկանը, սակայն նույն պահին իրեն ուղղեց՝ ասելով, որ երկրորդ անգամն է, սակայն նախորդ տարի այն բյուջեի կատարողկանը, որ քննարկել էին, ընդհանրապես իրենց իշխանության հետ կապ չուներ:

«Անցյալ տարի էլ է կատարողականի հաշվետվություն ներկայացվել, բայց նախորդ տարվա առանձնահատկությունն այն էր, որ մեր կառավարությունը 2017 թվականի բյուջեի հետ ոչ մի առնչություն չուներ: Այս տարվա առանձնահատկությունն այն է, որ մեր կառավարությունը ունի ոչ ամբողջական մասնակցություն, որովհետև մենք Կառավարության դերը ստանձնել ենք մայիսին: Ընդհանուր առմամբ բյուջեի կատարման ցուցանիշներին Ազգային ժողովում բազմիցս առիթներ ունեցել ենք անդրադառնալու և այսօր դրամատիկ նորություններ չենք ասելու: Բայց կարծում եմ շատ լավ առիթ է, որպեսզի ամփոփենք այն, ինչ այս ընթացքում խոսել ենք»,-ասաց Նիկոլ Փաշինյանը:

Փաշինյանն իր ելույթում նշեց, որ 2018 թվականը քաղաքական առումով աննախադեպ տարի էր, և դրա մասին վկայում են նախորդ տարի տեղի ունեցած ընտրություններն ու թավշյա հեղափոխությունը:

«Մեր Կառավարությունը, որ ձևավորվեց 2018 թվականի մայիսին, ըստ էության կարողացավ լուծել ամենակարևոր խնդիրը՝ մակրոտնտեսական կայունության ապահովումը: Դժվար է համաշխարհային պատմության մեջ գտնել դեպքեր, երբ երկրում տեղի են ունենում այսպիսի մասշտաբային քաղաքական փոփոխություններ, և այդ փոփխությունները չեն ուղեկցվում տնտեսական ցնցումներով, ֆինանսական համակարգի փլուզումներով կամ կիսափլուզումներով»:

Վարչապետը նշեց, որ 2018 թվականին գրանցվել է 5.2 տոկոս տնտեսական աճ, մինչդեռ նախորդ իշխանությունները 4.5 տոկոսի կանխատեսում էին արել: Նիկոլ Փաշինյանը շեշտեց, որ Կառավարությունը չունի չկատարված պարտականություններ, իսկ ելույթի վերջում հաջողություն մաղթեց հանձնաժողովներին, քանի որ, ինչպես նշեց վարչապետը, ծանր աշխատանքային ժամանակներ են առաջիակյում:

Այս պահին Ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացնում է հաշվետվություն՝ 2018 թվականի բոյւջեի կատարողականի վերաբերյալ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: