Բողոքի ակցիա Սահմանադրական դատարանի դիմաց. տեսանյութ
Այսօր՝ հունիսի 5-ին, մի խումբ անձինք առավոտից բողոքի ակցիա են սկսել Սահմանադրական դատարանի առաջ:Պահանջը մեկն է՝ Սահմանադրական դատարանի նախագահ Հրայր Թովմասյանի և մնացած դատավորների հրաժարականը: Արթուր Մովսիսյանը, որ ակցիայի կազմակերպիչներից էր տեղեկացրեց, որ ակցիան սկսել են այսօր առավոտյան և շարունակելու են այնքան, մինչև բոլոր դատավորները հրաժարական տան:
«Ակցիան կազմակերպված է Քաղաքացիական նախաձեռնության կողմից: Պահանջում ենք ապօրինի դատարանի կազմալուծումը, Հրայր Թովմասյանի գլխավորությամբ պահանջում ենք մնացած բոլոր դատավորների հրաժարականները: Ակցիան սկսել ենք առավոտյան ժամը 10-ից՝ անժամկետ, և այստեղից չենք գնալու մինչև բոլոր դատավորները հրաժարական չտան»,-ասաց Արթուր Մովսիսյանը:
Վերջինս պնդում է, որ ակցիայի մասնակիցներից մեկին դատավոր Ալվինա Գյուլումյանը հրել և ցած է գցել, քանի որ փորձել են արգելափակել նրա ճանապարհը: Ակցիայի մասնակիցներն ասացին, որ միջադեպի վերաբերյալ տեսանյութ ունեն և կարող են տրամադրել, սակայն քիչ անց հրաժարվեցին տրամադրել այն:
Չնայած ակցիայի մասնակիցներն ասացին, որ իրենց գործողությունների մասին 3 օր առաջ են հայտարարել ու կոչ են արել բոլորին միանալ, սակայն դատարանի դիմաց ծառայություն իրականացնեղ ոստիկաններն այս պահին ավելի շատ են, քան ցուցարարները: