Հայերեն   English   Русский  

Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովը ստեղծվել է, որպես քաղաքական ակտ, որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր. Արմեն Աշոտյան


  
դիտումներ: 340

Այսօր՝ հունիսի 7-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը խոսեց Ազգային ժողովում ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողով ստեղծելու և դրա գործունեության մասին:

Ըստ Աշոտյանի՝ այդ հանձնաժողովի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ էր:

«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովում, որի ստեղծումը բացառապես քաղաքական ակտ է, մասնագիտական քննարկումներ չեն ծավալվելու, որովհետև հանձնաժողովի կարողությունները մեծ հույսեր չեն ներշնչում: Ակնհայտ է, որ այդ հանձնաժողովը ստեղծվել է որպես Նիկոլ Փաշինյանի ջոկեր, որը նա գրպանից հանեց, երբ խնդիր կար իր իշխանության հետ, ուզում էր ասել՝ դե դուք այդպես, ես էլ այսպես։ Մանկապատանեական ընկալումների մեջ տարվող քաղաքական պրոցես, որտեղ ակնհայտ է, որ 2 նապաստակ է ուզում խփել՝ ստեղծել իր համար անհարմար մարդկանց նկատմամբ քաղաքական ճնշման լծակ, ակնհայտ է, որ Արցախի իշխանություններն իր համար կոմֆորտային չեն, և պարբերաբար հանրության ուշադրությունը շեղել այսպիսի քննարկումների և բացահայտումների վրա»:

Ըստ Աշոտյանի՝ այս հանձնաժողովի ստեղծումը Փաշինյանի հանկարծակի որոշումն է եղել, քանի որ ոչ հանրության պահանջ է եղել այդպիսի հանձնաժողով ստեղծելու, ոչ էլ նախընտրական այդպիսի խոստում է տրվել։

Անդրադառնալով այն հարցին, թե ինչու ՀՀԿ-ն իր իշխանության օրերին պատերազմի հետ կապված որևէ քննություն չի սկսել՝ Աշոտյանն ասաց, որ պատերազմը մերկացրել է բանակում եղած խնդիրները, դրանք իրականում բացահայտվել են և դրանց լուծում է տրվել, պարզապես իրենք շոու չեն կազմակերպել: Իսկ այն հարցին, որ ժամանակին ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն էր ՀՀԿ–ականներին մեղադրում բանակում առկա խնդիրների համար, Աշոտյանն ասաց. «Մենք կարող ենք իրար տարբեր բաներ հիշեցնել, ես կարող եմ հիշեցնել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը, որ ապրիլյան պատերազմը Ադրբեջանին ԵԱՏՄ մտցնելու համար է։ Քննիչ հանձնաժողովը կարող է Քոչարյանին հրավիրել քննարկման, բայց պետք է հրավիրեն նաև Նիկոլ Փաշինյանին և ստանան պարզաբանումներ, թե ինչ նկատի ուներ, երբ ասում էր, որ Ռուսաստանն է մեղավոր ապրիլյան պատերազմի մեջ»։

Անդրադառնալով այն հայտարարություններին, որ հնարավոր է Սերժ Սարգսյանն էլ կանչվի հանձնաժողով՝ Աշոտյանն ասաց, որ իրենք դեռ նման ծանուցում չեն ստացել, բայց եթե ստանան էլ Սերժ Սարգսյանը ոչինչ չունի վախենալու և թաքցնելու՝ ապրիլյան պատերազմի հետ կապված:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: