Հայերեն   English   Русский  

Ի՞նչ են քննարկել Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը


  
դիտումներ: 269

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը աշխատանաքային այցով երեկ մեկնել է Ռուսաստանի Դաշնություն, որտեղ հանդիպում է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նիկոլ Փաշինյանը «ՌԻԱ Նովոստիի» հետ զրույցում հայտարարել է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպմանը քննարկել է գազի գինը:

«Սա իսկապես շատ կարևոր հարց է մեր հարաբերությունների համար, որովհետև, կարծում եմ, որ մենք այս հարցը քննարկում ենք նաև Եվրասիական տնտեսական միության շրջանակներում: Կարծում եմ, պետք է հասկանալ այս խնդրի բոլոր նրբությունները, որովհետև ես ՌԴ նախագահի հետ հանդիպման ժամանակ ասացի, որ մենք շատ լավ տնտեսական դինամիկա ունենք: Հայաստանում տնտեսական աճի ցուցանիշը կազմել է 7.1 տոկոս, և մենք սա անվանում ենք տնտեսական հեղափոխություն: Կարևոր է, որ մենք կարողանանք գազի այնպիսի գին համաձայնեցնել, որը չարգելակի մեր տնտեսության տեմպը»,-ասել է Փաշինյանը:

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն էլ լրագրողների հետ զրույցում ասել է, որ Փաշինյան-Պուտին հանդիպման ժամանակ ղարաբաղյան կարգավորման հիմնախնդիրը չի քննարկվել:

«Ղարաբաղյան հակամարտությունը մանրամասն չի քննարկվել։ Երեկ խոսակցությունը տեղի է ունեցել շատ հանգամանալիորեն, երկկողմ հարաբերությունների և առևտրատնտեսական փոխգործակցության տարբեր ասպեկտների շուրջ»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ վարչապետը մասնակցելու Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովին, որտեղ հանդես է գալու ելույթով: Նախատեսվում էր, որ այցի շրջանակում վարչապետ Փաշինյանը հանդիպում կունենա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և այլ երկրների ղեկավարների հետ:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: