Հայերեն   English   Русский  

Մանվել Գրիգորյանին օրվա ընթացքում 16-17 ժամ ինսուլին են ներարկում. Գրիգորյանի փաստաբան


  
դիտումներ: 533

«Մանվել Գրիգորյանն այժմ գտնվում է Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոնում: Նրա առողջական վիճակը շարունակում է ծանր մնալ: Օրվա ընթացքում նա 16-17 ժամ ինսուլին է ստանում, 24 ժամ շնչում է թթվածնի սարքի օգնությամբ»,-ասաց ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը:

Մարդու իրավունքների եվրոպական դատարանը 2019 թվականի հունիսի 6-ին որոշում է կայացրել բավարարել Մանվել Գրիգորյանի պաշտպանների միջնորդությունը և պարտադրել ՀՀ կառավարությանը հնարավորինս սեղմ ժամկետում ապահովել Գրիգորյանի տեղափոխումը բժշկական հաստատություն:

Ըստ Լևոն Բաղդասարյանի` Մանվել Գրիգորյանին քաղաքացիական հիվանդանոցից տեղափոխելով կալանավորների համար նախատեսված հիվանդանոց, ուղղակի նրա նկատմամբ հաշվեհարդար են տեսնում: Փաստաբանը կրկնում է բազմիցս բարձրացված խնդիրը, որ Գրիգորյանի հիվանդություններն անհամատեղելի են կալանքի տակ պահելու որոշման հետ։

«ՄԻԵԴ–ը մեր դիմումը քննեց արագացված կարգով, ու որոշումը եղավ այն, որ Գրիգորյանին պետք է անհապաղ քաղաքացիական հիվանդանոց տեղափոխեն։ Գրիգորյանի հետ կապված այս նախադեպին մեր իրավապահները պետք է իրավական գնահատական տան»,–ասաց Բաղդասարյանը և նշեց, որ եթե նախկինում Գրիգորյանը դեմ էր միջազգային դատարաններ դիմելուն, ապա հիմա համաձայնում է, քանի որ միակ միջոցը դա է:

Հիշեցնենք, որ անցած շաբաթ Ankakh.com-ը տեղեկացրել էր, որ ՀՀԿ նախկին պատգամավոր, գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանին Նաիրի բժշկական կենտրոնից տեղափոխել էին Երևան-Կենտրոն քրեակատարողական հիմնարկի կալանավորների հիվանդանոց, որտեղ կտրուկ վատացել էր նրա առողջական վիճակը: Իրավապահ մարմինները նրան տեղափոխել էին սուրբ Գրիգոր Լուսաբորիչ հիվանդանոց։

Մանվել Գրիգորյանը քաղաքացիական հիվանդանոցում է դեռ մարտից։ Բժիշկները վերջինիս վիճակը գնահատում են ծանր և զգուշացնում, որ մշտապես պետք է լինի բժիշկների հսկողության ներքո:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: