Հայերեն   English   Русский  

Պաշտոնի չենք նշանակել, ուղղակի օգնական ենք նշանակել. Գարիկ Սարգսյանը հարազատներին պաշտոններ տալու մասին


  
դիտումներ: 544

Այսօր՝ հունիսի 12-ին, լրագրողների հետ զրույցի ընթացքում Արարատի մարզպետ Գարիկ Սարգսյանն անդրադարձել է ինքն իրեն պարգևատրելու ու հարազատներին աշխատանքի ընդունելու աղմկահարույց հարցերին:

«Ես ձեզ ներկայացնեմ պարգևատրման կարգը: Նախ պարգևատրվում են քաղծառայողները: Նրանց պարգևատրում են իրենց վարչությունների, բաժինների պետերը: Իսկ ինչ վերաբերում է մարզպետի ստորագրությամբ կատարված պարգևատրումները, ապա դա արվում է հիմնականում վարչության պետերին ու հայեցողական պաշտոններ զբաղեցնողներին՝ ըստ մարզպետի հայեցողության: Այս տարի մենք բյուջեով ունենք 86 միլիոն դրամ պարգևատրման ֆոնդ»,-ասաց Գարիկ Սարգսյանը:

Վերջինս պատասխանելով լրագրողի այն հարցին, թե ինչու է հարազատներին աշխատանքի տեղավորել, ասաց, որ ինքն ունի կրթված հարազատներ և ընկերներ, ովքեր իրավունք ունեն պաշտոններ զբաղեցնել տարբեր գերատեսչություններում:

«Մենք բոլորս էլ ունենք կրթված հարազատներ, բարեկամներ, ընկերներ, որոնք կարող են պաշտոններ զբաղեցնել ոչ միայն մեր ենթակայության տակ գործող հիմնարկներում, թե առհասարակ Հայաստանում: Իսկ ինչ վերաբերում է այն հանգամանքին, որ ես պաշտոնի եմ նշանակել իմ հարազատներին, ապա ասեմ, որ ես ունեմ մի զարմիկ, որին նշանակել եմ ինձ օգնական, և ունեմ ևս մեկ ազգական, որին նշանակել եմ ինձ խորհրդական: Գտել եմ, որ իրենց աշխատանքը կարող է արդյունավետ լինել: Մենք իրենց պաշտոնի չենք նշանակել նախկին իշխանությունների նման, մենք իրենց օգնական ենք նշանակել»:

Մարզպետը նշեց, որ ինքն այս հարցում չի էլ փորձում արդարանալ, քանի որ եթե արդարանար՝ կասեր, որ նշված մարդիկ իր ազգականները չեն: Վերջում էլ ավելացրեց, որ եթե իր նշանակած մարդկանց, այդ թվում հարազատների, աշխատանքը չբավարարի իրեն, ապա առանց մի վայրկյան հապաղելու կհեռացնի աշխատանքից:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: