Հայերեն   English   Русский  

Դատավորը դատավոր չի, եթե չկարողացավ ժողովրդի հետ լեզու գտնել. 95-ամյա դատավորի խորհուրդը


  
դիտումներ: 2326

«Արմատներով հենց Լոռիից եմ, Լոռվա Դսեղ գյուղից։ Ինչի մարդ էլ որտեղի՞ց կարող է լինել»,- ասում է 95-ամյա Հրաչիկ Գոգինյանը: Հասկանում եմ, որ իմ առաջ նստած մարդն ամուր կառչած է արմատներից, գիտի սիրել ու փայփայել հայրենի բնությունը։

Հրաչիկ Գոգինյանն օրերս դարձավ 95 տարեկան: Նրան հանդիպեցի Երևանում: Ժիր բնավորությանն ու ասել-խոսելուն նայելիս երբեք չես պատկերացնի, որ գրեթե 1 դար է ապրել: Ավելի քան 30 տարի դատավոր ու իրավաբան աշխատած Հրաչիկ պապը, բացի այն, որ ծնվել է Լոռու դրախտային անկյուններից մեկում, մեկ այլ հպարտանալու բան էլ ունի։

«Լոռվա Դսեղ գյուղից եմ, այնտեղից, որտեղ ծնվել է Հովհաննես Թումանյանը։ Մորս կողմից էլ բարեկամ ենք Թումանյանի հետ՝ մորս հորաքրոջ տղան է»,-ասում է ու ինձ նայում, երևի ցանկանում է տեսնել՝ հասկանում եմ, թե դա ինչ հպարտություն է։ Նայում է զարմացած աչքերիս ու շարունակում,-«Անպայման արի մեզ հյուր, ուրախ կլինեմ»:

Ես խոստանում եմ, որ միասին կզրուցենք նաև Դսեղում ու շարունակում եմ հետաքրքրվել Հրաչիկ Գոգինյանի հետաքրքիր անցյալից:

Պատմում է, որ նախնական կրթությունը հենց գյուղի միջնակարգ դպրոցում ստանալուց հետո, ընդամենը 17 տարեկան հասակում իր կյանքում սկսվել են վայրիվերումները։ Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը:

«1942 թվականին զորակաոչվեցի բանակ: Մինչև Լեհաստան գնացել եմ։ Լեհաստանում ծանր վիրավորվեցի ու հանձնաժողովը գտավ, որ պիտանի չեմ բանակում ծառայելու: Բայց դե պատերազմ էր, չէին կարող ազատել ծառայությունից։ Ինձ կես տարի արձակուրդ տվեցին։ Եկա տուն ու տեսա, որ մյուս եղբորս էլ են տարել բանակ»։

Հրաչիկ Գոգինյան

Պատերազմից տասնյակ տարիներ են անցել, բայց ամեն անգամ Համաշխարհային պատերազմի մասին լսելիս հենց վիրավորվելու պահն է հիշում:

«Լեհաստանում Վիսլա գետ կար, շատ լայն գետ էր: Գետն անցանք ու հենց էնտեղ էլ վիրավորվեցի։ Գիտակցությունս կորցրած՝ ինձ տեղափոխել են հոսպիտալ»:

Վիրավորվելու հետևանքները 1944 թվականից մինչ օրս չեն անցել։ Ցույց է տալիս ինձ դեմքն ու ասում. «Տեսնու՞մ ես, դեմքս ու աչքս ծռվել են վիրավորվելուց։ Վզիս մեջ էլ 8 ասկոլկա կա, չհանեցին: Բժիշկները վախենում էին, որ տեսողությունս կամ լսողությունս կկորցնեմ»։

Հետո լռում է, երևի մտքերով հասնում է ռազմաճակատ, տեսնում զինակից ընկերներին, որոնցից շատ շատերն այլևս չկան: Վերադառնում է իրականություն ու շարունակում պատմությունը:

«Երկրորդ եղբայրս Թիֆլիսում սովորելուց հետո զինվորական կոչումով գնացել է պատերազմ: Գնացել է ու չի վերադարձել։ Երևի իմ բախտավորությունն էր, որ ընդամենը վիրավորվեցի ու էդպես տուն եկա»,- պատերազմի վետերանը տխուր ժպտում է, փորձում է ժպտալ Աստծո պարգևած երկրորդ կյանքի համար, բայց չի ստացվում. դեմքին ցավ է՝ եղբոր կորստի՝ տարիներով չամոքվող ցավը։

Բայց ռազմաճակատում հերոսի մահով ընկած եղբայրը չէ միայն այդ ցավի պատճառը: Պատերազմից առաջ՝ 1934 թվականին ընտանիքը կորցրել էր նաև ավագ որդուն:

«Մեծ եղբայրս, որ ծնվել էր 1908 թվականին, դատավոր է եղել։ Նա մեծ դատավոր էր, բոլորը հարգում ու սիրում էին նրան։ Բայց 1934 թվականին ավտովթարից մահացավ»։

Ու երբ հետաքրքրվում եմ մասնագիտության ընտրության մասին, փորձառու դատավորը եղբայրական մեծ սիրով կրկին մեծ եղբորն է հիշում:

«Ամբողջ Շիրակի ժողովուրդը մեծ եղբորս շատ է գնահատել ոչ միայն որպես իրավաբան, այլև որպես շատ բարի մարդ։ Երբ եղբայրս մահացավ, Ռայկոմի քարտուղարներից մեկը մի անգամ ինձ հարցրեց՝ դու Գոգինյանի ի՞նչն ես, ի նկատի ուներ մեծ եղբորս, հարցրեց՝ դու նրա որդի՞ն ես։ Ես ասացի, որ Գոգինյանը եղբայրս է։ Էս մարդն ուրախացավ, եկավ ինձ գրկեց ու ասաց, որ գնամ սովորեմ ու եղբորս նման լավ մարդ դառնամ»։

Հրաչիկ Գոգինյան

Խորհրդին հետևելով՝ կրտսեր Գոգինյանն ավարտեց Երևանի Պետական համալսարանն ու սկսեց որպես դատավոր աշխատել Հայաստանի տարբեր շրջաններում։ Դատավոր, դատարանի նախագահ, փաստաբան. տասնյակ տարիների փորձ ունեցող զրուցակիցս հիշում է անցյալն ու համեմատում ներկայի հետ։

«Էն ժամանակ ուրիշ էր, դատավորները պիտի ժողովրդի առաջ զեկուցում ներկայացնեին, պիտի ներկայացնեին իրենց ապրած կյանքը, ասեին՝ որտեղ են ապրել, սովորել»։

Հիշում է, թե աշխատած առաջին օրերին ինչպես էր կենտկոմի առաջին քարտուղարի աշխատասենյակ մտել վախվորած, ու թե ինչպես էր կարողացել գիտելիքներով հիացնել քարտուղարին։

«Անհարմար էի զգում, նա Կենտկոմի առաջին քարտուղարն էր, իսկ ես շարքային աշխատող։ Եկավ նստեց դիմացս, ինչպես հիմա դու ես նստած, ու սկսեց հարցաքննել։ Ինձ հարցեր տալուց հետո Կենտկոմի բյուրոյի նիստի ժամանակ ասաց, որ ինձ այլևս ոչ ոք հարցեր չտա: Դա նշանակում էր, որ քարտուղարը տվել է իր հավանությունը»։

Թե ինչ որակներ պետք է ունենա իրավաբանը, երկար տարիների փորձ ունեցող դատավորը միանգամից է պատասխանում.

«Պետք է ժողովրդական լինի: Դատավորը դատավոր չի, եթե չկարողացավ ժողովրդի հետ լեզու գտնել ու հասկանալ թեկուզ հանցագործին»։

Երբ 95-ամյա Հրաչիկ պապից հետաքրքրվում եմ, թե այդքան զբաղված լինելով ինչպես է կարողացել սիրահարվել, ամուսնանալ ու ամուր ընտանիք կառուցել, մեղմ ժպտում է ու դատավորին հատուկ փոքր-ինչ չոր ռոմանտիզմով սկսում պատմել, թե ինչպես է ծանոթացել կնոջ հետ։

«Կինս իմ համագյուղացին էր, դե պարզ է գյուղի տղա-աղջիկ հանդիպել ենք, ու մի օր էլ ես իրեն ասացի, որ ցանկանում եմ հանդիպել, շփվել իր հետ, ու էդպես էլ սկսվեց ամեն ինչ։ Կինս մասնագիտությամբ մանկավարժ էր, սովորել էր Թիֆլիսում։ Ամուսնացանք 1948 թվականին։ Նույն թվականին ծնվեց աղջիկս, հետո 2 տղաներս»։

Այստեղ կանգ է առնում ու տխուր ձայնով ինձ պատմում, որ որդիներից մեկին կորցրել է. «Վայքում էի աշխատում, երբ փոքրիկ տղաս մահացավ»։

Փորձում եմ ցրել թախիծն ու հարցնում եմ թոռների մասին։ Պապի աչքերը փայլում են. չէ՞ որ թոռներն ու ծոռներն են այսօր նրա օրը գունավորողն ու իմաստավորողը։ Խոսում է ընտանիքի, երեխաների, թոռների մասին ու աչքերը ուրիշ լույսով են լցվում, ձայնի մեջ ուրիշ ջերմություն է հայտնվում: 3 թոռ ունի, ծոռներ ունի, նրանք պապի ամեն վայրկյանը սիրով ու ջերմությամբ են լցնում։

«Կինս մահացավ 2005 թվականին, ու նրա մահից հետո տղաս չի թողնում, որ մենակ մնամ»,- ցույց է տալիս որդուն ու ասում,- «Ծանոթացեք որդիս է, նա էլ է երկար տարիներ դատավոր աշխատել»:

Հրաչիկ Գոգինյան

Հետո մի կողմ կանգնած հայրական հպարտ հայացքով նայում է, թե ինչպես եմ ծանոթանում որդու հետ, սկսում խոսել ու հետաքրքրվել նրա մասնագիտությունից։

Հրաչիկ Գոգինյանի որդին պատմում է, որ հայրը, նույնիսկ այս տարիքում, չի կորցնում կապն իր սիրելի Փաստաբանների պալատի հետ, ամեն անգամ հետաքրքրվում է բոլորից, ծանոթանում նոր աշխատակիցների հետ: Պալատում էլ ամեն տարի ծննդյան ու Երկրորդ համաշխարհային պատերազմի հիշատակի օրերին հյուրընկալում են իրենց ավագ գործընկերոջը, լսում նրա հետաքրքիր պատմություններն ու խորհուրդները:

Հիմա Հրաչիկ Գոգինյանը գրպանում երկու գրքույկ է ամուր պահում. մեկն իր հարազատ Փաստաբանների պալատի կողմից տրված վկայականն է, իսկ մյուսը Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերանի գրքույկը։

«Տեսնում ես էս փաստաբանի վկայականը, իրենք սրանից այս կազմով ոչ մեկին չեն տվել, առաջինն ինձ են տվել։ Ուզու՞մ ես ցույց տամ նաև Հայրենական պատերազմի երկրորդ կարգի հաշմանդամի վկայականը»,- ես ասում եմ, որ կարիք չկա, բայց տասնյակ տարիներ փաստերով առաջնորդված դատավորը գրպանից հանում և ցույց է տալիս գրքույկը։ Դրանք հիմա նրա հպարտությունն են:

Հրաչիկ Գոգինյան

«Ո՞րն է Ձեր երկարակեցության գաղտնիքը»,-հարցնում եմ ես:

Մի պահ մտածում է, ժպտում ու պատասխանում. «Հնարավոր է գաղտնիքն այն է, որ իմ հարազատների կողմից քաղցր վերաբերմունքի եմ արժանանում։ Ինձ համար միշտ էլ վերաբերմունքն է կարևոր նշանակություն ունեցել»։

Ինձ հրաժեշտ տալիս խրատում է. «Երբեք ոչ մեկին վատություն չանես, լավ մարդ մնա»,- ու նորից խոստում առնում, որ անպայման Դսեղ եմ գնալու:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: