Վրաստանի նախկին նախագահը պատրաստվում է Ուկրաինայում պատգամավոր դառնալ
Օրենքի համաձայն՝ պատգամավորի թեկնածություն կարող են առաջադրել Ուկրաինայի այն քաղաքացիները, որոնք այս երկրի տարածքում են ապրել ընտրություններին նախորդող վերջին հինգ տարում։ Ինչպես հայտնի է, Սաակաշվիլին Ուկրաինայում չի եղել այն բանից հետո, երբ նախագահ Պորոշենկոն նրան զրկել է քաղաքացիությունից և երկրից արտաքսել (2018թ-ի փետրվարից մինչև 2019 մայիս)։
Սաակաշվիլին կարծում է, որ իր բացակայությունը կարելի է գնահատել որպես հարկադիր, քանի որ դա հարգելի պատճառներով է եղել։ Հետևաբար, դա խոչընդոտ չէ Ռադա անցնելու համար։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին չեղարկել է իր նախորդի հրամանն ու խոստովանել, որ դա ապօրինի է։ Եթե դա ապօրինի էր, ապա իմ բացակայությունը նույնպես պետք է ապօրինի համարել։ Եթե այն ապօրինի էր, ուրեմն՝ հարգելի։ Այսինքն՝ եթե ԿԸՀ-ն ինձ չգրանցի, հույս ունեմ, որ դատարանն այդ հարցը կլուծի», – ասել է նա։
Վրաստանի նախկին նախագահը Կիև է ժամանել մայիսի 29-ին այն բանից հետո, երբ Ուկրաինայի նոր նախագահ Վլադիմիր Զելենսկին վերականգնել է նրա ուկրաինական քաղաքացիությունը։