Հայերեն   English   Русский  

Դատարանների նկատմամբ աննախադեպ ճնշումներ են տեղի ունենում. Հայկ Ալումյան


  
դիտումներ: 441

Այսօր՝ հունիսի 17-ին հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանն ասաց, որ իր իրավաբանական գործունեության ընթացքում չի հանդիպել դատարանների նկատմամբ այնպիսի ճնշումների, որոնք տեղի են ունենում այսօր Հայաստանում:

«2019 թվականի մայիսի 18-ից հետո, երբ Ռոբերտ Քոչարյանը ազատ արձակվեց, դատարանների նկատմամբ տեղի ունեցան աննախադեպ ճնշումներ, և այդ ճնշումները նպատակ ունեին ոչ միայն պատժել այն դատավորին, որ համարձակվեց ազատ արձակել պարոն Քոչարյանին, նա ըստ էության կիրառեց օրենքը, ինչը պարտավոր էր անել, այլև ճնշումները նպատակ ունեին ահաբեկել այն դատավորներին, որոնք ապագայում պետք է քննեն Ռոբերտ Քոչարյանի գործը: Այսինքն ցանկացած դատավոր, որ ապագայում գործ կունենա պարոն Քոչարյանի դատական գործի հետ, ինքն արդեն հասկանում է, թե ինչ տեղի կունենա, եթե իր կողմից կայացրած դատական ակտը դուր չգա այսօրվա գործադիր կամ օրենսդիր իշխանություններին: Մարդկության պատմության մեջ այս ճնշումները եզակի են»:

Ըստ Ալումյանի նման ճնշումներից հետո պարզ է, որ այս պահին կաշկանդված է նաև Վերաքննիչ դատարանի դատավորը, որ պետք է քննի բողոքները:

«Մենք տեսանք բիրտ ու վայրագ ճնշումներ դատարանների նկատմամբ, ինչը չպետք է տեսնեինք: Ու հիմա կարծում եմ հասկանալի է Վերաքննիչ դատարանի դատավորի վիճակը, որը պետք է քննի դատախազի ու տուժողների բողոքը՝ Առաջին ատյանի դատարանի կայացրած դատական ակտի վերաբերյալ»:

Անդրադառնալով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի կողմից մարտի 1-ի դեպքերով Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործը կասեցնելուն ու Սահմանադրական դատարան ուղարկելու հանգամանքին, Ալումյանն ասաց, որ դրանից հետո տեղի ունեցած գործողությունները օրենքով արգելված են:

«Հունիսի 5–ին ՍԴ–ի շենքի դիմաց իշխանությունների կողմից հովանավորվող անձինք հանրահավաք անցկացրեցին, ինչի իրավունքը չունեին։ Սա արվում է մի բանի համար, որ Սահմանադրական դատարանը շուտով Քոչարյանի գործի հետ կապված պետք է որոշում կայացնի։ ՍԴ-ի դիմաց բողոքի ակցիաներից 2 օր հետո ՍԴ նախագահը որոշեց գործի ուսումնասիրման ժամկետը երկարաձգել, ինչն աննախադեպ երևույթ է և ակնհայտորեն սա կապված է ՍԴ–ի դեմ ուղղված ճնշումների հետ»,– ասաց նա։

Ըստ Ալումյանի՝ ոստիկանների անգործությունն է փաստում այն հանգամանքը, որ ՍԴ-ի դիմաց ցույցի մասնակիցները եղել են իշխանության կողմից հովանավորվող անձինք և նպատակ են ունեցել ազդել դատարանի վրա:





Copyright © 2014 — ankakh.com. All Rights Reserved. Նյութերը մասնակի կամ ամբողջությամբ մեջբերելիս ակտիվ` հիպերլինքով հղումը Ankakh.com-ին պարտադիր է: